ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում չի ժխտել, որ Դաշնակցությունը ձգտում է ստանալ ուժային կառույցների ղեկավարների պորտֆելները. «Որպեսզի ավելի ներկայացված լինենք, բնականաբար, ավելի ազդու տեղերում ենք ուզում ներկայացված լինել»: Հերքեց, թե ուզում են ստանալ ԱԳ կամ սփյուռքի նախարարների պորտֆելները, ասելով, թե սփյուռքի նախարարը, իրենց կարծիքով, պետք է անկուսակցական լինի: Բայց չթաքցրեց, որ ձգտում են ստանալ ուժային նախարարությունները, նաեւ՝ տնտեսական, ֆինանսական նախարարությունները: Հրանտ Մարգարյանը ասել է նաեւ, որ հարցերը քննարկվում են, բայց հստակություն եւ կոնկրետ պայմանավորվածություններ դեռ չկան: Ըստ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի՝ «Ապագան թե ինչպես կլինի, ինձ դա չի մտահոգում: Որովհետեւ եթե լավ լինի, մենք լավի հետ ենք, եթե պետք է մեր կամքին հակառակ վատը լինի, մենք միշտ էլ ունենք քաղաքական կամքը՝ մեր ճիշտ տեղը գտնելու այս քաղաքական իրավիճակի մեջ»: Հարցին՝ հնարավո՞ր է, որ եթե ինչ-որ պահի Դաշնակցության քաղաքական պահանջները չկատարվեն, Դաշնակցությունը դուրս գա կոալիցիայից, պարոն Մարգարյանը պատասխանել է. «Այո, անպայման այդպես է լինելու, եթե այն, ինչ պայմանավորվել ենք, չհաջողի, չիրագործվի, մենք անպայման դուրս կգանք»:
Անդրադառնալով ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի՝ այս հարցազրույցում արված հետեւյալ դիտարկմանը, թե մարտի 1-ի իրադարձությունները կանխագուշակելի էին, ու նաեւ, որ ինքը՝ «իբրեւ ոչ պրոֆեսիոնալ» կարող է ասել, թե անկազմակերպվածություն էր պետության կողմից ոչ օպերատիվ, ոչ արագ հակազդեցությունը՝ ՀԺԿ վարչության անդամ Ռուզան Խաչատրյանն ասաց «Առավոտին». «Այսինքն՝ Հրանտ Մարգարյանը հաստատեց այն, ինչ ասում է ընդդիմությունը մարտի 1-ից հետո, որ իշխանությունները նախապես գիտեին, թե ինչ են անելու եւ ինչով է ավարտվելու: Իր այդ հարցազրույցով նա շատ «համեստություն» ցուցաբերեց՝ ասելով, թե ինքը լավ չի հասկանում այդ ամենը, քանի որ մասնագետ չի»: