Հյուսիսային պողոտայում տեղի ունեցող քաղաքական զբոսանքները երեկ նույնպես ավարտվեցին առանց ձերբակալությունների եւ արտառոց միջադեպերի:
Պողոտայում մշտական զբոսնող, Տեր-Պետրոսյանի շտաբի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանից հետաքրքրվեցինք՝ թե ի՞նչ ընթացք ստացավ գործը, որի շրջանակներում օրեր առաջ իրեն հրավիրել էին ոստիկանություն եւ տեւական զրույց ունեցել: Պարզվեց՝ պարոն Զուրաբյանին օրերս ոստիկանությունից տեղեկացրել են, որ գործն ուղարկում են դատական վարույթ, եւ իրեն հրավիրել են գործի մանրամասների հետ ծանոթանալու: Թե դա ի՞նչ է նշանակում՝ «Առավոտի» հարցին ի պատասխան Լ. Զուրաբյանն ասաց. «Դա նշանակում է, որ ինձ ցանկանում են ենթարկել վարչական պատասխանատվության՝ մի բանի համար, որի մասին ես անտեղյակ եմ, քանի որ ոստիկանությունը մինչեւ հիմա ինձ որեւէ բացատրություն չի տվել, թե ո՞ր իրավախախտման համար եմ ես հրավիրվել իրենց մոտ: Մի քիչ ԿաՖկայի «Պրոցեսին» է նմանվել. երբ մեղադրյալը մինչեւ վեպի ավարտն այդպես էլ չի իմանում, թե որն է իր մեղքը»:
Քաղաքական զբոսանքի մեկ այլ մասնակից՝ ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանից տեղեկացանք, որ կանանց տոնի միամսյակի ավարտին՝ ապրիլի 7-ին, ժամը 14.30-ից մինչեւ ավանդական քաղաքական զբոսանքի ավարտը՝ 20.00-ն, Հյուսիսային պողոտայում տղամարդիկ ծաղիկներ են նվիրելու կանանց. «Այդպիսով տղամարդիկ նաեւ գնահատելու են այն դերակատարությունը, որ ունեցան կանայք այս վերջին ամսվա ընթացքում: Կանայք հերոսական կեցվածք ունեցան. ոստիկանության գործած բռնարարքների պայմաններում նրանք արժանապատիվ պահեցին իրենց՝ դրսեւորելով հոգու վեհություն, քաջություն եւ անկոտրում կամքով ամեն օր շարունակում են զբոսանքներին մասնակցելով արտահայտել իրենց անհամաձայնությունը: Ձերբակալված տղամարդկանց գործն իրենց վրա վերցրեցին ու պայքարում են»: Տիկին Սարգսյանից տեղեկացանք նաեւ, որ ապրիլի 9-ին՝ մարտի 1-2-ի իրադարձությունների զոհերի քառասնօրյա սգի օրը, սփյուռքի հայկական եկեղեցիներում միաժամանակյա ժամերգություն կատարելու եւ սգո պատարագ մատուցելու, զանգեր հնչեցնելու, իսկ դեսպանատների առջեւ մոմավառության ակցիա իրականացնելու համար ՍԴՀԿ-ն դիմելու է կուսակցության սփյուռքյան կառույցներին: Լ. Սարգսյանի խոսքերով, համահնչակյան կենտրոնի ատենապետ Սեդրակ Աճեմյանի հետ օրերս պայմանավորվածություն ձեռք կբերվի, եւ կենտրոնը ակցիան կազմակերպելու կոչով կդիմի իր կառույցներին:
Նախընտրական եւ հետընտրական հանրահավաքների ու երթերի, ինչպես նաեւ քաղաքական զբոսանքի ակտիվ մասնակից Դավիթ Շահնազարյանից էլ հետաքրքրվեցինք, թե ո՞րն է պատճառը, որ մինչ օրս իրեն չեն ձերբակալել: Պարոն Շահնազարյանը վերաբերվեց ինչպես հարկն է, այսինքն՝ հումորով, եւ ասաց, որ այն հասցեատիրոջն ուղղված չէ:
Հ. Գ. Հայաստանի մտավորականների ֆորումի ավագանին երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Ապրիլի 9-ին մարտի 1-ի զոհվածների 40-րդ օրն է: Մենք, զերծ մնալով երկրում ստեղծված իրավիճակի քաղաքական գնահատականը տալուց, հանրության ուշադրությունն ենք հրավիրում երեւույթի բարոյական կողմի վրա: Հայ Առաքելական եկեղեցու ավանդույթներով մահվան 40-րդ օրը նշվում է սգի օր: Հայաստանի մտավորականների ֆորումի ավագանին դիմում է իշխանություններին՝ ձեռնպահ մնալ ապրիլի 9-ին ամեն տեսակի հանդիսավոր արարողություններից, քանի որ դրանք ժողովրդի կողմից կդիտվեն որպես սրբապղծություն, անարգանք՝ նահատակների հիշատակին, ինչն էլ ավելի կսրի առանց այդ էլ ծայրահեղ լարված վիճակը»: