Լրահոս
Օրվա լրահոսը

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆՆ ԻՐԱՎՈՒՆՔ ԿՈՒՆԵՆԱՐ ՑՐԵԼ ՄԵԶ, ԵԹԵ…

Ապրիլ 03,2008 00:00

\"\"Ըստ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի, եթե իրենք գրոհեին որեւէ շենք ու Ռոբերտ Քոչարյանն աներ այն, ինչ արվեց մարտի 1-ի առավոտյան՝ «դա կլիներ լրիվ օրինական»:

Վերջին օրերին հատկապես Վազգեն Մանուկյանի շուրջը համախմբված կուսակցությունների առաջնորդների կողմից անընդհատ զուգահեռներ են արվել 1996-ի սեպտեմբերի եւ 2008-ի մարտի միջեւ: Ասենք, «Փաստարկ» ակումբում մարտի 25-ին ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանին լրագրողներից մեկը տվել է հետեւյալ հարցը՝ 1996-ի նախագահական ընտրություններից հետո ցուցարարների դեմ դարձյալ զորք դուրս բերվեց, սակայն չեղան զոհեր, այնուամենայնիվ՝ այդպես ընտրված իշխանությունը կարողացավ կառավարել ընդամենը շուրջ 1,5 տարի: Արդյոք որքա՞ն կկառավարի 2008-ին Երեւան բանակ մտցրած եւ 8 զոհի պատճառ դարձած իշխանությունը: Ի պատասխան՝ պրն Քոչարյանն ընդգծել էր այս երկու իրադարձությունների միջեւ մասնավորապես հետեւյալ տարբերությունները՝ 1996-ին ցուցարարներն անզեն էին, բացի այդ՝ նրանք ո՛չ նախահարձակ էին եղել, ո՛չ ջարդուփշուր արել, ո՛չ էլ թալանել. «1996-ին հիշո՞ւմ եք գոնե մեկ թալանված կրպակ: Կամ՝ մենք ինչպե՞ս կարող էինք թույլ տալ, որ մարդկանց մոտ զենք, երկաթե ձողեր, քարեր լինեին. մարդ պետք է միամիտ լինի՝ չգիտակցելու, որ բավական է առիթ տաս, եւ ամբողջ մեքենան կջարդվի քեզ վրա: Հարց է առաջանում՝ արդյոք նպատակն այն չէ՞ր, որ արյուն լիներ: Քանի որ թեկնածուն գիտակցում է, որ ինքն ի զորու չէ հաղթել, նրա միակ հնարավորությունը հետեւյալն է՝ ունենալ ատելության վրա հիմնված զանգված, մարդիկ, ովքեր պատրաստ են գնալ հենց այդպիսի քայլերի, եւ արդյունքում՝ լինի բախում, արյուն»:

1996-ի եւ 2008-ի զուգահեռներին անդրադարձել էր նաեւ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ մարտի 1-ի առավոտյան իր առանձնատանը հրավիրված ասուլիսում պատասխանելով «Ազատություն» ռ/կ-ի հետեւյալ հարցին. «Դուք դատապարտել եք 1996-ին ԱԺ նախագահի ու նրա տեղակալի դեմ բռնությունները: Ես ուզում եմ հենց այսօր, այս պահին հարցնել՝ դատապարտո՞ւմ եք տանկերը փողոց հանելը, կալանավայրերի վարչության պետի կողմից քաղաքական գործիչների դեմ բռնությունները»: Լեւոն Տեր-Պետրոսյանը պատասխանեց. «Ո՛չ: Ինչո՞ւ: Ես Ռոբերտ Քոչարյանի հետ լիովին համաձայն եմ. նա առաջին անգամ չի արել այդ հայտարարությունը, երեկ էլ է արել (ԵՊՀ-ում փետրվարի 29-ի հանդիպման ժամանակ ՀՀ նախագահն ընդդիմության կողմից հնարավոր սցենարներից մեկը նշեց. «Հուսահատության պատճառով փորձել անել այն, ինչ արվել է 1996-ին՝ գրոհել պետական մարմինները: Միանգամից կազմակերպիչները հայտնվելու են օրենքից դուրս՝ այդ կարգավիճակից բխող բոլոր հետեւանքներով: Իրավապահ մարմինները բավարար ուժ, հնարավորություն ունեն սահմանադրական կարգը պահպանելու, բայց դրանից հետո հարթակում կանգնած շատ-շատերը երկար տարիներ անցկացնելու են բանտերում՝ եւ մտորելու եւ անցած ճանապարհը, գործած սխալները վերլուծության ենթարկելու բավարար ժամանակ են ունենալու- Ա. Ի.): Եթե մենք, ես կամ ժողովուրդն օպերայի հրապարակում՝ գրոհեինք որեւէ շենք՝ դա կլիներ խորհրդարանը կամ որեւէ պետական մարմին, նա իրավունք ուներ ցրելու մեզ, այդ թվում՝ միջազգային օրենքներով սահմանված բոլոր տեխնիկական հնարավորություններով: Այո՛, ուներ. ցանկացած պետություն դա չպետք է թույլ տա. չպետք է թույլ տա զանգվածի կողմից մասսայական անկարգություններ, պետական շենքերի գրոհներ, պետական պաշտոնյաների առեւանգումներ՝ գլուխը ջարդել եւ այլն: Եթե մենք գրոհեինք որեւէ շենք ու Ռոբերտ Քոչարյանն աներ այն, ինչ արվեց քիչ առաջ՝ դա կլիներ լրիվ օրինական: Ես պատասխանեցի Ձեր հարցին»:

Լեւոն Տեր-Պետրոսյանը նաեւ հիշեցրեց. «Երբ որ նրանք շենքը գրոհեցին 1996-ի սեպտեմբերի 25-ի գիշերը՝ առեւանգեցին Բաբկեն Արարքցյանին, ուղղակի համարյա մահացու ծեծել էին երկուսին էլ՝ ե՛ւ նրան, ե՛ւ Արա Սահակյանին: Ցանկացած հարված կարող էր լինել մահացու՝ բյուրեղապակյա ամենածանր՝ 1-2 կիլոյանոց ծաղկամաններով, մոխրամաններով խփել էին նրանց գլխին: 29 կար կար Արա Սահակյանի գլխին: Եվ ինչպե՞ս փրկվեցին: Արա Սահակյանը մի կերպ կարողացել էր ճողոպրել ու ինձ հասցրեց հաղորդել, որ Արարքցյանին տարան անհայտ մարդիկ: Ես ի՞նչ պիտի անեի: Ես հրամայեցի: Սերժ Սարգսյանն էր գլխավորում ամբողջ օպերացիան (նա այդ ժամանակ ազգային անվտանգության նախարարն էր.- Ա. Ի.): Վանո Սիրադեղյանը, Վազգեն Սարգսյանը ոչ մի կապ չունեին այդ օպերացիայի հետ: Վազգեն Սարգսյանն ընդհանրապես ՊՆ-ում էր, Վանո Սիրադեղյանը՝ իմ կաբինետում: Սերժ Սարգսյանի տակ էին դրված բոլոր ուժերը՝ ե՛ւ անվտանգության ծառայության, ե՛ւ ոստիկանության, ե՛ւ նույնիսկ իմ թիկնազորի: Երբ որ դա տեղի ունեցավ՝ Սերժ Սարգսյանն ասաց, թե պետք է կրակել: Ես ընդամենը մի 10 վայրկյան եմ տատանվել եւ ասել եմ՝ օդ: Եվ օդ են կրակել: Հրազենից վիրավորված ոչ մի մարդ չի եղել: Դրանից հետո ոստիկանները կատարել են իրենց պարտքը, ցրել են այդ ժողովրդին»:

Թղթակիցը հարցրեց՝ Մուշեղ Սաղաթելյանին է՞լ էր Սերժ Սարգսյանը հրամայել ծեծել, եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը պատասխանեց. «Գիտեք ինչ, դուք գնացեք՝ Մուշեղ Սաղաթելյանին դատի տվեք: Լրագրող եք, չէ՞, եթե ունեք նյութեր: Նախ, նրան դատի տվեցին էլ, նստեց էլ: Պատասխան տվեց այդ բանի համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել