Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ-Ն ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿԸ ՉԻ ԱՆՑՆԻ

Ապրիլ 03,2008 00:00

\"\"Խորհրդարանական ճնշող մեծամասնություն կազմող ուժերը թույլ չեն տա, որ անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Խորհրդարանի լուծարումը եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելը որոշ քաղաքական ուժերի եւ գործիչների կողմից դիտվում է որպես ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերից մեկը: Սակայն, հասկանալի պատճառներով, արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը դեմ են ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի ներկայացուցիչները, մինչդեռ արտախորհրդարանական որոշ ուժեր, նույնքան հասկանալի պատճառներով՝ կողմ են: Դաշնակցության տեսակետը ճշտելու նպատակով դիմեցինք ՀՅԴ խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանին։ Վերջինս ասաց, որ Դաշնակցությունը դեռ նման հարց չի քննարկել, հետեւաբար ինքն ասելիք չունի, նաեւ՝ նրա կարծիքով, «այդ հարցը դեռ հասունացած չէ»:

ՀՀԿ-ի ներկայացուցիչները վերջին օրերին իրենց մասնակցած մամուլի բոլոր ասուլիսների ընթացքում հարկ են համարում անդրադառնալ խորհրդարանի լուծարման եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու առաջարկներին, եւ բոլորն էլ միաձայն մերժում են այս առաջարկը, հայտարարելով, որ դրա համար հիմքեր չկան՝ խորհրդարանը, ըստ իրենց, ամբողջ թափով աշխատում է, օրենքները մշակվում, քննարկվում եւ ընդունվում են, եւ օրենսդիր մարմինը լուծարելու որեւէ հիմք չկա:

Մոտավորապես նույն կարծիքն են հայտնում նաեւ ԲՀԿ-ի ներկայացուցիչները։ Մասնավորապես մեր թերթին օրերս տված հարցազրույցում ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանն ասել էր, թե ինքը որեւէ լուրջ պատճառ չի տեսնում այս խորհրդարանի լուծարման համար:

«Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, «Առավոտի» հետ զրույցում արտահայտելով իր անձնական կարծիքը, ասաց, որ այս կարգի հարցերը պետք է լուծվեն բացառապես քաղաքական ճանապարհով՝ փոխհամագործակցության եւ հանդուրժողականության մթնոլորտում: Ըստ պարոն Մարգարյանի, համամասնական ընտրակարգի անցնելու մասին եւս վաղաժամ է խոսել, միաժամանակ մեկ առ մեկ ներկայացրեց, թե ինչպես է ՕԵԿ-ն անցած տարիների ընթացքում քայլ առ քայլ գնացել հենց սրան, բայց այս պահին ավելի նպատակահարմար է սպասել Երեւանի մասին օրենքի ընդունմանը եւ կիրառմանը, որը, ի դեպ, հենց բացառապես համամասնական ընտրակարգ է նախատեսում, եւ փորձարկելուց հետո միայն անդրադառնալ «ԸՕ»-ի համապատասխան փոփոխություններին:

Օրերս «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը հայտարարել էր, որ չի բացառում «Ժառանգության» կողմից պատգամավորական մանդատների վայր դնելը: Առանց այն էլ «Ժառանգությունը», որպես խորհրդարանական միակ ընդդիմադիր ուժ, «ճնշող փոքրամասնություն» է կազմում, եւ եթե հանկարծ այս ուժն էլ որոշի լքել խորհրդարանը, ապա երկրում կգործի բացառապես իշխանական ուժերից կազմված օրենսդիր մարմին: «Առավոտի» հետ զրույցում Ստեփան Սաֆարյանն ասաց. «Մեր տիպի քաղաքական ուժի համար դա ամենավերջին տարբերակն է (նկատի ունի մանդատները վայր դնելը- Մ. Ե.), երբ, ըստ էության, այլեւս անելիք չունես: Բայց մենք մշտապես նշել ենք, որ մասնակցային քաղաքական ուժ ենք եւ առաջին հերթին փորձելու ենք օգտագործել մասնակցության ընձեռած բոլոր հնարավորությունները, հետեւաբար, այս տեսանկյունից եւ այս պահի դրությամբ մենք չենք մտածում այդ մասին, բայց դա, թեպետ քիչ հավանականությամբ, այնուամենայնիվ, հնարավոր ինչ-որ մի քայլ որեւէ քաղաքական ուժ չի կարող բացառել»: Ըստ «Ժառանգություն» խմբակցության քարտուղարի՝ «Մեր երկրի ամենամեծ ողբերգությունը խոսքի եւ գործի տարբերությունն է: Բազմիցս փորձեր են արվել «ԸՕ»-ն բարեփոխելու, բայց մենք տեսել ենք, թե իրականում ինչպիսի նպատակներ են հետապնդվում եւ ինչ տեսք է տրվում «Օրենսգրքին», ամենաթարմ վկայությունը վերջին փոքրիկ փոփոխություններ էին: (Ի դեպ, Հովհաննես Մարգարյանը երեկ ասաց, որ 2004-ից այս կողմ «ԸՕ»-ն դրականորեն փոխվել է` առաջին հերթին ՕԵԿ-ի շնորհիվ:- Մ. Ե.)։ ԱԺ-ի լուծարման եւ նոր ընտրությունների անցկացման վերաբերյալ չեմ կարող հայտնել կուսակցության տեսակետը, քանի որ հարցը քննարկված չէ, բայց իբրեւ փորձագետ կարող եմ ասել, որ դա ինձ համար անպատկերացնելի է եւ առաջին հերթին՝ խորհրդարանական մեծամասնության տեսակետից: Այսօր իշխանությունը ծայրաստիճան թույլ է եւ հեղինակազրկված, հանրային աջակցությունից զրկված, եւ նոր խորհրդարանական ընտրությունները, թեկուզ եւ մեկ տարի հետո, նշանակում է հրաժարվել այն «նվաճումներից», որոնք արձանագրել էին իշխանության մաս կազմող կուսակցությունները մայիսի 12-ի ընտրությունների արդյունքում: Նոր ընտրություններում տանուլ տալ, նշանակում է կորցնել խորհրդարանական մեծամասնություն լինելու եւ կառավարություն ձեւավորելու իրավունքն ու հաճույքը: Իսկ այս մեծամասնությունը այդպիսի քայլերի չի գնա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել