Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԵՐԱԶԱԽԱԲՈՒԹՅՈՒՆ՝ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՁԵՎՈՎ

Ապրիլ 02,2008 00:00

\"\"Ապատեղեկատվությունը հարեւան հանրապետությունում սկզբունք է նաեւ սպորտի ոլորտում

Մարտի 31-ին «Ինտերֆաքս-Ադրբեջան» լրատվական գործակալությունը տեղեկատվություն էր տարածել այն մասին, թե նախորդ օրը Ադրբեջանի ֆուտբոլային ֆեդերացիաների ասոցիացիայի (ԱՖՖԱ) գործկոմը Գերմանիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Բերտի Ֆոգտսին երկու տարով հաստատել է որպես հարեւան հանրապետության հավաքականի գլխավոր մարզիչ, ինչից ինքը՝ Ֆոգտսը եւ զարմացել է, եւ զայրացել: «Ես այդ մասին ընդհանրապես ոչինչ չգիտեմ»,- պատասխանել է Ֆոգտսը, իր «նոր նշանակման» առիթով: Նրա խոսքերով, մոտ չորս շաբաթ առաջ այդ թեմայով ընդամենը նախնական զրույց է եղել, իսկ երկխոսության շարունակությունը պլանավորված է եղել ապրիլի սկզբներին: Հետաքրքիր է, որ ԱՖՖԱ-ի նախագահ Ռովնագ Աբդուլաեւի անունը, որը հայտարարել է, թե Ֆոգտսը հսկայական փորձ ունի եւ պատրաստ է օգնել Ադրբեջանի ընտրանուն, գերմանացի մարզիչը լսում է առաջին անգամ: Երբ լրագրողը տվել է Աբդուլաեւի անունը, նա հարցրել է. «Իսկ դա ո՞վ է»: Ֆոգտսը հերքել է նաեւ այն տեղեկատվությունը՝ իբր թե ինքը ապրիլի 3-ին Մյունխենում պետք է Ադրբեջանի հետ պայմանագիր ստորագրի: «Ես կարող եմ համաձայնել, կարող եմ նաեւ մերժել»,- նախազգուշացրել է 61-ամյա մասնագետը:

Կիրակի օրը ԱՖՖԱ-ի ինտերնետային կայքում տեղեկատվություն է տեղադրվել՝ իբր ԱՖՖԱ-ն որոշել է Ֆոգտսի հետ պայմանագիր ստորագրել մինչեւ 2010 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի ավարտը: Իսկ Աբդուլաեւը «Ազերիսպորտին» տված հարցազրույցում ոչ ավել, ոչ պակաս հայտարարել է. «Թեկնածուների ցուցակում ավելի հայտնի անուններ կային: Բայց մենք ընտրեցինք գերմանացուն: Ադրբեջանի ֆուտբոլի զարգացման համար մենք միլիոնն էլ չենք խնայի: Բայց պայմանագրի գնի մասին առայժմ խոսել չենք ցանկանում: Այդ մասին կհայտարարենք այն ստորագրելուց հետո»:

Փետրվարի 20-ին Ֆոգտսը ժամկետից շուտ հրաժարական է տվել Նիգերիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից՝ Աֆրիկայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում Գանայի հավաքականից կրած պարտության համար: Նա 1974 թվականի Գերմանիայի հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն, այդ երկրի ընտրանին մարզել է 1990-1998 թվականներին: Նրա գլխավորությամբ Գերմանիան դարձել է Եվրոպայի առաջնության (1992թ.) արծաթե մեդալակիր, իսկ չորս տարի անց նվաճել չեմպիոնի կոչումը: Դրանից հետո նա գլխավորել է Քուվեյթի եւ Շոտլանդիայի հավաքականները, Լեվերկուզենի «Բայեր 04» ակումբը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել