Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս բուժել ժողովրդավարությունը

Ապրիլ 02,2008 00:00

\"\"Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի դեղատոմսը

«Ուրբաթ» ակումբի երեկվա հյուրը կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանն էր, որն անդրադարձավ ներքաղաքական կյանքին, մարտի 1-ի հայտնի դեպքերին: Նրա ձեւակերպմամբ, Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ օտարացումը հասարակության եւ իշխանության միջեւ՝ ունի ողբերգական խորություն: Տ. Խզմալյանի խոսքերով, դարեր շարունակ մեր հիմնական խնդիրներից է եղել վերնախավի ճգնաժամը, սակայն խոսքը միայն քաղաքական վերնախավի մասին չէ. «Այժմ էլ հասարակությունն ու իշխանությունը հանգել են շփման այն արդյունքին, երբ մշակութային, ռազմական, տնտեսական վերնախավերը ազգային կյանքի բեկումային կետերում չեն համապատասխանում երկրում առաջացած իրավիճակին»: Կինոռեժիսորի ձեւակերպմամբ, վերջին դեպքերն առիթ դարձան, որ երկրի ճակատագրով մտահոգ այլ արվեստագետների թվում ինքն էլ ստորագրի իշխանություններին ուղղված բաց նամակի տակ. «Նամակի տակ չստորագրած մարդկանց ցուցակ էլ ունեմ, ինչն ապացուցում է մեր երկրի գրեթե բոլոր ինստիտուտների պառակտված լինելը, իսկ ստեղծված իրավիճակը սպառնում է մեր հասարակության անվտանգությանը»: Նա նաեւ նշեց, որ իրեն եւ նամակի տակ ստորագրածներից մի քանիսին օրերս ընդունել է նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը: Տ. Խզմալյանը չցանկացավ պատմել նամակի բովանդակությունն ու հանդիպման մանրամասները. «Կառավարությունում մեր խոսակցության մասին ես գիտակցաբար չեմ խոսի, քանի որ Սերժ Սարգսյանը մամուլ չէր հրավիրել: Մի բան պարզ է՝ հարկավոր է սպասել, որ իշխանության ներկայացուցիչներն իրենք առաջինը խոսեն: Չգիտեմ, գուցե պատրանք է, բայց մեզ մտահոգող հարցերի ուղղությամբ արդեն նկատելի են իշխանության կողմից արված առաջին քայլերը: Բացի այդ, մարտի 1-ից հետո ստեղծվել է մի նոր հասարակություն, որն այլեւս չի հանդուրժի նման ելքեր: Մյուս կողմից էլ, այդ հասարակությունը դեռեւս չի ճանաչում ոչ իրեն, ոչ էլ իր նոր առաջնորդին»:

Բանախոսի կարծիքով, մտավորականությունն իրականում պիտի զսպող ուժ լինի հասարակության համար, սակայն դա այդպես չէ մեզանում, որովհետեւ. «Մարդիկ, ովքեր պաշտոններ, ոսկորներ, փշրանքներ են ընդունում՝ մրցանակների, գրանտների տեսքով, լռում են եւ այլեւս խոսելու բարոյական իրավունք չեն ունենում: Ինչպես արժեզրկվեցին որոշ քաղաքական գործիչների անուններ, նույն բախտին արժանացան նաեւ արվեստագետներից ոմանք, որոնք դեռ 30 օր առաջ արվեստով զբաղվելու, մտավորական կոչվելու իրավունք ունեին: Կարծում եմ՝ տվյալ վիճակից դուրս գալու ելքը ապաշխարանքն է: Այդ կոչով դիմել եմ իշխանություններին, դիմում եմ նաեւ իմ գործընկերներին»: Տ. Խզմալյանն անդրադարձավ ընդդիմության եւ իշխանության հնարավոր երկխոսությանը, ինչը, ըստ նրա, բարդ կատեգորիա է. «Մենք երբեմն լսելով երկու մարդկանց մենախոսություն, ասում ենք, թե ստացվեց երկխոսությունը: Մինչդեռ վերջինս այլ բան է: Ինչպես Վոլտերն է ասել՝ ես համաձայն չեմ ձեր կարծիքի հետ, բայց կյանքս պատրաստ եմ զոհաբերել հանուն ձեր իրավունքի՝ արտահայտեք ձեր կարծիքը: Իհարկե, սա մի քիչ ծայրահեղ է ասված, բայց իմ պատկերացումը երկխոսության մասին սա է»: Կրկին դառնալով մարտի 1-ի դեպքերին, կինոռեժիսորը նշեց, որ իշխանությունները պարտավոր էին ամբիոն տրամադրել ժողովրդին: Նաեւ հավելեց, որ նախագահական ընտրություններն անձնավորված են. «Մենք խոսում ենք անձերի մասին, իսկ դա շատ ավելի խոցելի է դարձնում իրավիճակը: Որքան նեղ է շրջանակը, որքան փոքր է թիրախը, այնքան ավելի խոցելի է երկիրը: Չէ՞ որ, երբ հիվանդանում է տիրակալը, փռշտում է արքունիքը: Պետք է բուժել ոչ թե մեկ մարդու կամ մեկ աթոռի շուրջ ձեւավորված մթնոլորտը, այլ ժողովրդավարությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել