Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՈՒԳԸ-ներից ուսանողները գոհ չեն

Ապրիլ 02,2008 00:00

Մինչդեռ պատասխանատուները հավաստիացնում են, որ իրենք փայլուն են աշխատում

Բուհերի ուսխորհուրդներում (ՈՒԽ) ուսանողներից ոմանք հայտնվում են շրջապատ ձեռք բերելու, ազատ ժամանակ խորհրդի անդամներով զվարճանալու համար, ոմանք ՈՒԽ աշխատանքներին ներգրավվում են իրոք ուսանողների շահերը պաշտպանելու համար, իսկ ոմանց պարագայում ՈՒԽ անդամ դառնալը «տրամպլին» է՝ քաղաքականության մեջ մտնելու համար: Բուհերում գործում է նաեւ մեկ այլ կառույց՝ Ուսանողական գիտական ընկերությունը (ՈՒԳԸ), բայց սրա գոյության եւ, առավել եւս, գործունեության մասին բուհերի միայն հատուկենտ ուսանողներ պատկերացում ունեն: «Գիտական ընկերություն էլ ունենք: Ո՞վ ժամանակ ունի գիտությամբ զբաղվելու, որ ընկերության մասին էլ իմանա»,- «Առավոտին» ասաց ԵՊՃՀ ուսանող Կարեն Հայրապետյանը: Ուսանողներ էլ կան, որ զբաղվում են գիտությամբ, սակայն նրանց չի գոհացնում ՈՒԳԸ-ների աշխատանքը: ԵՊՀ ուսանողուհի Անի Սահակյանը դժգոհեց. «Վերջին մի քանի տարիների ընթացքում ոչ մի անգամ չեմ լսել, որ մեր ՈՒԳԸ-ն մի գիտաժողով կազմակերպի կամ մի հարցում օգնի գիտությամբ զբաղվող ուսանողներին»: Զրուցեցինք ԵՊՀ ՈՒԳԸ նորանշանակ նախագահ Կարլեն Խաչատրյանի հետ: Իր ղեկավարած կառույցի վերջին շրջանի պասիվությունը նա այսպես բացատրեց. «Մեկուկես տարի ՈՒԳԸ կենտրոնական մարմինը (կառույցը բաղկացած է կենտրոնական մարմնից եւ ֆակուլտետայինից) գոյություն չուներ: Նախկին նախագահը ասպիրանտ էր, պաշտպանեց՝ դադարեց ուսանող լինելուց: Իսկ գիտխորհուրդը ձգձգում էր նոր նախագահ նշանակելու հարցը: Այժմ նոր թիմ է ձեւավորվում»: Կ. Խաչատրյանի փոխանցմամբ՝ իրենք նախ պիտի բարձրացնեն ՈՒԳԸ-ի աշխատանքների մասին ուսանողների իրազեկության աստիճանը: «Մատների վրա կարելի է հաշվել այն ուսանողներին, որոնք գիտեն ՈՒԳԸ-ի մասին, այնինչ՝ այն պակաս կարեւոր կառույց չէ, քան ՈՒԽ-ն: ՈՒԳԸ-ն պիտի գիտաժողովներ, նստաշրջաններ կազմակերպի, ասպիրանտներին աջակցի գիտական աշխատանքները հրապարակելու գործում, այն դեպքում, երբ ասպիրանտներն իրենց անձնական կապերն օգտագործելով են փորձում հոդվածներ տպագրել: Իսկ եթե ՈՒԳԸ-ն զբաղվի այդ հարցերով, ասպիրանտը բյուրոկրատական քաշքշուկի մեջ չի ընկնի, այլ կմտածի որակյալ գիտական արտադրանք տալու մասին»,- նշեց Կ. Խաչատրյանը: Նա հայաստանյան ՈՒԳԸ-ների եւ բուհերի աշխատանքը համեմատեց արտասահմանյանի հետ. «Այնտեղ ամբիոնները ուսանողներին ավելի մեծ ժամանակ են հատկացնում եւ ուսանողի՝ որպես ապագա գիտնականի ձեւավորման հարցում ավելի մեծ դեր ունեն: Իսկ մեզ մոտ հատուկենտ ղեկավարներ կան, որ բարեխղճորեն են կատարում իրենց պարտականությունները: Եթե ուսանողին չեն բացատրում, թե կուրսայինը ինչպես պետք է գրվի, նա ո՞նց պետք է հետագայում գիտական աշխատանք պատրաստի»:

ԵՊՃՀ-ում էլ 90-ականներից ի վեր ընդհանրապես չի գործում ՈՒԳԸ-ն: ՈՒԽ նախագահ Հայկ Ակարմազյանի փոխանցմամբ՝ այդ հարցերով զբաղվում էր ուսխորհուրդը: «Քանի որ հաճախ խոսվում է ՈՒԳԸ-ի ձեւական լինելու մասին, այն չէինք ստեղծում, բայց ուսխորհրդի աշխատանքների ծավալը մեծացավ եւ 2007-ի վերջին անհրաժեշտություն առաջացավ ստեղծել գիտական հարցերով զբաղվող մի կառույց»,- պատմեց Հ. Ակարմազյանը: «Առավոտը» հետաքրքրվեց, թե ուսխորհուրդների նման այս նորաստեղծ կառույցն է՞լ է լինելու ոչ շատ գործուն, երբեմն նաեւ վախվորած՝ Հ. Ակարմազյանը պատասխանեց. «ՈՒԳԸ-ն չի կարող վախվորած լինել, եթե թիկունքում ունենա ասպիրանտների մեծ բանակ: Երիտասարդներն այսօր կույր խանդավառությամբ չեն տառապում, որ ինքնակազմակերպվեն, խնդիրներ լուծեն: Նրանց հստակ մոտիվացիա է պետք: Իսկ եթե կա համընդհանուր մի խնդիր, օրինակ՝ գիտական աշխատանքների պաշտպանության համար հոդվածները տպագրելու հարցը, անպայման մեծաքանակ խմբով ավելի հեշտ կլինի դա լուծել»:

«Առավոտը» փորձեց զրուցել նաեւ Երեւանի պետական բժշկական համալսարանի ՈՒԳԸ նախագահ Նարեկ Վերանյանի հետ: Նա ասաց, որ եթե իր հետ հարցազրույց ենք ուզում վարել, ուրեմն իրենց բուհի արարողակարգի համաձայն պիտի նամակ հղենք իր վերադասին: Երբ հարցրինք, թե ո՞վ է իր վերադասը, չէ՞ որ ինքն է ՈՒԳԸ ղեկավարը, նա չիմացավ ինչ պատասխանել: Հետո էլ ասաց, որ դրա մասին մենք պիտի իմանայինք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել