Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԳԵՐԻՆ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ՞ ԾՆՆԴԱՎԱՅՐ

Ապրիլ 02,2008 00:00

\"\"69-ամյա Արաքսյա Ավետիսյանը 1994թ. փետրվարի 1-ից չի տեսել իր տղային՝ Զավեն Ռամազյանին: Վերջինիս Վանաձորի Չուխաջյան 50/38 տնից երկու անհայտ, «հայերեն խոսող» տղամարդ գողացել են ու տարել Ադրբեջան:

Մինչ այդ, ժամանակից շուտ ծերացած Արաքսյա Ավետիսյանը ծանր հարված էր ստացել. Գյումրիի երկրաշարժի ժամանակ փլատակների տակ էին մնացել նրա գերդաստանի 75 անդամները: Զավենի առեւանգման առնչությամբ մայրը դիմել էր Հայաստանի բոլոր պատկան մարմիններին. ազգային անվտանգության ծառայությանը, ոստիկանությանը, ՀՀ նախագահին, ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանին, Ազգային ժողով: «1994-ին ոստիկանությունը հետախուզում հայտարարեց: Դեռ չգիտեի, որ թուրքն օրը ցերեկով Բագրատաշենով Վանաձոր է եկել՝ երեխա փախցնելու նպատակով: Աղքատ ընտանիքի երեխա, որն իմ օջախի միակ հարստությունն էր»,- պատմում է Արաքսյա Ավետիսյանը:

Երեխայի անհետացումից օրեր անց Ադրբեջանից տիկին Արաքսյային է զանգում ազգությամբ ազերի մեկը եւ հայտնում, որ Զավենն իր մոտ է: «Ի՞նչ էինք ձեզ արել, որ իմ երեխային առեւանգել եք՝ հարցիս նա պատասխանեց, որ իր եղբայրը ռազմագերի է եւ նրան ազատելու դիմաց Զավենին են ընտրել»,- շարունակում է զրուցակիցս՝ տիկին Արաքսյան: Զավենը սկզբում պահվում է Գյանջայում, ապա՝ Բաքվում: Առեւանգումից 4 տարի հետո հույսի դուռ է բացվում Արաքսյա Ավետիսյանի առաջ: Նախնական բանակցությունների արդյունքում ազերին պայմանավորվում է, որ Վրաստանում՝ Մառնեուլում, Ավետիսյանը կստանա իր գերեվարված զավակին: Ամեն մի պայմանի համաձայն՝ մայրը վաճառում է Վանաձորի իր խղճուկ բնակարանը եւ, ինչպես ինքն է պատմում, 15 000 ռուսական ռուբլով շտապում պայմանավորված վայր: Ի դեպ, այդ մասին տեղեկացված էին ինչպես Լոռու մարզի իրավապահները, այնպես էլ վրացական կողմի անվտանգության մարմինները, գերիների փոխանակման հարցերով զբաղվող տեղական, միջազգային կազմակերպությունները, Կարմիր խաչը: Պայմանավորվածության ոչ մի խախտում չի լինում. մայրը հանդիպում է իր տղային պահող ազերուն, վերջինիս ցույց տալիս նրա եղբոր լուսանկարը, ինչպես որ խոստացվել էր: Ինչպես ազերին, այնպես էլ ինքը հուզվում են. հարազատից երկարատեւ բաժանման ցավն այդ պահին երկուսինն էր: Սակայն, ինչպես պատմում է Ա. Ավետիսյանը՝ «Վրաստանի անվտանգության մարմինները չնախատեսված հանգամանքներում հանկարծ «վերցրեցին» բանակցությունների եկած Ադրբեջանի քաղաքացուն, նրա կողքին գտնվող թարգմանչին, նրա հետ եկած երեխային ու վարորդին եւ տարան իրենց ծառայություն: Ես էլ գնացի այնտեղ: Ինձ ասացին՝ գնա տուն, մենք քո երեխային կբերենք: Ուրախությունից հետս տարած ռուսական դրամը «մաղարիչ» արեցի: Հավատացի: Անցավ երկու օր, սակայն երեխայիս չբերեցին: Նորից գնացի Վրաստան: Հանդիպում խնդրեցի իրավապահների հետ: Այս անգամ ասացին, թե այլ պետության քաղաքացիներն իրենց ախպերներին բաց են թողել»:

Երեխային գտնելու հավանական տարբերակը չկար: Ա. Ավետիսյանն ընկավ հիվանդանոցներ, ՀՀ նախագահի նստավայրի դիմաց հացադուլ հայտարարեց, կորցրեց ձայնը:

Օրեր առաջ մի նոր հույս է բացվել. Բաքվից զանգել է ազերին եւ հայտնել, որ պատրաստ է երեխային տալ: Մայրն այս օրերին գումար է հայթայթում, դիմել է ԱԺ պատգամավորներին, նրանցից արձագանքել է Վիկտոր Դալլաքյանը: Արաքսյա Ավետիսյանը խմբագրությանն է տրամադրել իր հասցեն՝ Վանաձոր, Լենինգրադյան 5/4-1-10 տնակ, (հեռախոսահամարը՝ 2-9670), որտեղ կարող են նրան գումար փոխանցել: Մի վերջին հնարավորություն՝ հայ երեխային ծննդավայր բերելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել