Լրահոս
Օրվա լրահոսը

«Երդում չկերած՝ սովը սկսվե՞ց»

Ապրիլ 02,2008 00:00

Նախագահական ընտրություններից հետո Գյումրիի նպաստառուների կեսին փող չի հասել:

Ուրբաթ օրը վաղ առավոտից Գյումրիի փոստատներում աննկարագրելի հերթեր էին:

Այն նպաստառուները, որոնք հասցրել էին քնաթաթախ փոստատուն ներկայանալ, հաջողացրել էին իրենց հասանելիք գումարը «պոկել», իսկ մյուսներին փոստատան տնօրինությունը հանգստացրել էր, համոզելով՝ հաջորդ օրը ներկայանալ: Սակայն տեսնելով, որ բնակչությանը տանել-բերելով գործը գլուխ չի գալիս, եւ մարդիկ ավելի են նյարդայնանում, երկու օր անց ստիպված եղան նպաստառուներին ճշմարտությունն ասել: Այն է՝ գումարները պակաս են եկել, եւ որ իրենք անձամբ «խաբար» կանեն, երբ մայրաքաղաքից մի լուր ունենան: Նպաստառուների խոսքերով, թիվ 20 փոստատան տնօրեն Անահիտ Ձվակերյանն իրենց ազնվորեն խոստովանել է. «Էս ամիս հաստատ նպաստ չի լինելու»: Նկատենք, որ նպաստառուների խնդիրներով այս ոլորտի Գյումրիի պատասխանատուներն այնքան էլ մտահոգված չեն. օրինակ, Գյումրի 2 սոցծառայության պատասխանատու Մովսես Ջուհարյանը նախորդ օրը տեղական հեռուստաալիքներից մեկից է իմացել, որ գյումրեցի նպաստառուների փողը կիսատ է փոխանցվել: «Առավոտի» հետ զրույցում գումարն առաքող կազմակերպության՝ «Հայփոստի» Գյումրիի մասնաճյուղի տնօրեն Թոմիկ Գեւորգյանը նույնպես վստահեցրեց, որ Գյումրիին հասանելիք գումարից 40 միլիոն դրամ պակաս է փոխանցվել, այդ պատճառով էլ ոչ բոլոր նպաստառուներին է նպաստ հասել: Ըստ նրա, խնդիրը տեխնիկական է եւ, ամենայն հավանականությամբ, այսօր եւեթ լուծում կստանա: Սակայն հազար ու մի տեսակ հետընտրական տհաճ «սյուրպրիզներ» տեսած գյումրեցիներին այս անգամ համոզելն այնքան էլ հեշտ չէ:

Գյումրեցիների համոզմամբ, իրենց նպաստների ուշացումը եւս կապված է նախագահական ընտրությունների հետ, եւ եթե անգամ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը այս պատմությանը տեղյակ չէ, միեւնույն է՝ ըստ նպաստառու գյումրեցիների, պատճառը նախագահական ընտրություններում հենց այս թեկնածուի կատարած ծախսերն են. «Հինգ հազար դրամ բաժանեցիք, քթներիցս հանեցի՞ք»,- վրդովվում են գյումրեցիները՝ մտահոգվելով, որ սա դեռ այսպիսի քաշքշոցների սկիզբն է:

Նպաստառու գյումրեցիները մեզ հետ զրույցում ոչ այնքան վրդովված էին այն փաստից, որ շուտով գազի, լույսի ու ջրի մարդիկ դռները կծեծեն՝ պահանջելով վարձավճարները, որքան նրանից, որ նպաստ դասավորելն իրենցից յուրաքանչյուրի վրա բավականին թանկ է նստել: Նկատենք, որ Գյումրիի նման սոված քաղաքում սոցապի աշխատողներն առանց «մաղարիչի»՝ օրենքով հասնող նպաստը չեն հատկացնում: Գյումրեցի նպաստառուներին առավել վրդովեցնում է այն, որ ցանկացած տեղեկանքի համար, հատկապես երբ այն սոցիալական ծառայություններին պետք է ներկայացնեն, կառավարիչները մի քանի հազար դրամ են պահանջում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել