Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱԳ փոխնախարարը կարող է քաղաքական հայտարարություն անել

Ապրիլ 02,2008 00:00

Բայց այն պիտի ականջահաճո լինի երկրի նախագահի համար

Երբ հայտնի դարձավ ԱԳՆ 4 նախկին աշխատակիցների՝ վարչական դատարան ներկայացրած հայցի մասին՝ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչության լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչ Տիգրան Բալայանը ԶԼՄ-ներին հայտնեց, թե այդ աշխատակիցները խախտել էին «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքը: Եվ փաստարկեց, թե նրանք միացել են քաղաքական հայտարարությանը, ինչը հակասում է օրենսդրությանը:

Հիշեցնենք, թե ինչ քաղաքական հայտարարության մասին է խոսքը: Փետրվարի 23-ին Ազատության հրապարակում ընթերցվել էր 4 դիվանագետների (Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Շուգարյանի, Ղազախստանում ՀՀ դեսպան Լեւոն Խաչատրյանի, ԱԳ փոխնախարար Արմեն Բայբուրդյանի եւ Ուկրաինայում ՀՀ դեսպանատան դեսպանորդ Ռազմիկ Խումարյանի) հետեւյալ հայտարարությունը. «Հավատարիմ մնալով հայ դիվանագետի կոչմանը, առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի առջեւ մեր ունեցած պատասխանատվության զգացումով, մտահոգված լինելով Հայաստանում ստեղծված իրավիճակով, խորապես հարգելով ՀՀ քաղաքացիների ընտրության իրավունքը, համոզված լինելով, որ միայն արդար եւ ազատ ընտրությունների արդյունքում ընտրված նախագահը կարող է լավագույնս դիմագրավել միջազգային ասպարեզում մեր պետության առջեւ առկա մարտահրավերներին եւ էականորեն բարձրացնել Հայաստանի իրական ժողովրդավարության հաստատման համար պայքարի ելած մեր հայրենակիցներին, կարեւորելով երկրում կայունության պահպանման եւ հասարակական համաձայնության անհրաժեշտությունը՝ մեր հայրենակիցներին եւ հատկապես երկրում հասարակական կարգի ու անդորրի ապահովման համար պատասխանատու բոլոր կառույցների ներկայացուցիչներին կոչ ենք անում զերծ մնալ ուժի միջոցով խնդիրներ լուծելու գայթակղությունից: Հայաստանյան հեռուստաընկերություններին եւ հատկապես Հ1-ին կոչ ենք անում ապահովել իրադարձությունների անկողմնակալ եւ համակողմանի լուսաբանում եւ ուղիղ եթերի տրամադրում ներկա ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման վերաբերյալ կառուցողական դիրքորոշում ունեցող բոլոր ուժերի ներկայացուցիչներին»:

Այս հայտարարությանը միացան ԱԳՆ 6 աշխատակիցները՝ նաեւ նշելով. «Որպես ՀՀ քաղաքացիներ՝ պահանջում ենք անհապաղ քայլեր ձեռնարկել միջազգային դիտորդական առաքելության, ինչպես նաեւ միջազգային այլ հեղինակավոր կազմակերպությունների զեկույցներում տեղ գտած առաջարկություններն իրականացնելու ուղղությամբ: Միայն օրենքի տառին եւ ոգուն համապատասխան գործելու միջոցով մենք կկարողանանք ապահովել ժողովրդավարությունը եւ հանդուրժողականությունը ինչպես երկրի ներսում, այնպես էլ Հայաստանի բարի համբավը արտերկրում»: Նրանց անմիջապես ազատեցին աշխատանքից, ինչպես առաջին հայտարարության հեղինակներին էր ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ազատել պաշտոններից եւ զրկել դիվանագիտական աստիճաններից: Հարցական է, թե ինչն էր այս հայտարարության մեջ առավել զայրացրել մեր իշխանություններին՝ ուժի միջոցով խնդիրներ լուծելու գայթակղությունից զերծ մնալու կո՞չը, իրադարձությունների անկողմնակալ եւ համակողմանի լուսաբանման պահա՞նջը, թե՞ «իրական ժողովրդավարության հաստատման համար պայքարի ելած մեր հայրենակիցներ» արտահայտությունը:

Համենայնդեպս, եթե անընդունելի են դիվանագետների կողմից քաղաքական հայտարարությունները, ինչո՞ւ նույն արձագանքը չհետեւեց փոխարտգործնախարար Գեղամ Ղարիբջանյանի՝ «Ազգում» հունվարի 31-ին հրապարակված հարցազրույցին, որտեղ մասնավորապես ասված էր. «Վստահ եմ, որ հենց 1-ին փուլով՝ ի դեմս Սերժ Սարգսյանի, կունենանք նոր նախագահ, որը կշարունակի այսօրվա նախագահ Ռոբերտ Քոչարյանի այս 10 տարիների աշխատանքը»: ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչության լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչ Տիգրան Բալայանի պարզաբանումն էր. «Փոխարտգործնախարարի պաշտոնը հայեցողական է: Այդ անձը նշանակվում է նախագահի կողմից եւ իրավասու է քաղաքական հայտարարություններով հանդես գալ»: Մեր հիշեցմանը, թե Արմեն Բայբուրդյանն էլ էր փոխարտգործնախարար, Տիգրան Բալայանն այսպես արձագանքեց. «Այո՛: Բայց նախագահի իրավասությունն է որոշել՝ փոխարտգործնախարարն ինչպիսի հայտարարության համար պետք է հեռացվի աշխատանքից կամ ոչ»: Հարցին՝ այսինքն, այստեղ չի՞ խախտվել «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքը, պատասխանեց. «Ո՛չ, օրենքի խախտում չկա փոխնախարարի մասով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել