Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԱՄԱԿԱՐԾԻ՞Ք ԵՆ

Ապրիլ 02,2008 00:00

\"\"ՀՀԿ խմբակցության անդամ Հերմինե Նաղդալյանը պնդում է, որ ՀՀԿ-ի, նորընտիր նախագահի եւ Ագոյի խմբի դիրքորոշումները համընկնում են:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի «Ագոյի» խումբը երեկ հանդիպումներ է ունեցել Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի հետ: Հանդիպման ընթացքում խմբի անդամները փորձել են հասկանալ, թե հայ խորհրդարանականները ի՞նչ դիրքորոշում ունեն «Ագո»-ի կողմից արված առաջարկությունների եւ, ընդհանրապես, ի՞նչ են մտածում հայաստանյան հետընտրական զարգացումների մասին:

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը հանդիպումից հետո պատասխանելով «Առավոտի» հարցին՝ ընդունելի՞ է համարում խմբի կողմից արված առաջարկությունները, ասաց. «Կարելի է ասել՝ հիմնականում ընդունելի են, որոշ բացառություններով, որովհետեւ ինձ համար պարզ չէ, օրինակ, թե ի՞նչ է նշանակում մարտի 1-2-ի իրադարձությունների անկախ հետաքննություն: Եթե մենք հաշվի ենք առնում բուն նպատակը, այսինքն՝ հանրային վստահության ամրապնդումը այդ հետաքննության անաչառության հանդեպ, ես չեմ կարծում, որ առաջարկվող մեխանիզմները իրականում դեր կխաղան: Ավելին, ցանկացած նման առաջարկություն պետք է տակն ունենա գործուն մեխանիզմներ, այնպես որ, հարցն այսօր պահանջում է լրացուցիչ քննարկում եւ գնահատական՝ արդյոք դա կամրապնդի՞ հանրային վստահությունը:

Իսկ մյուս առաջարկների շուրջ, այո, մենք ունենք նույն դիրքորոշումը, իհարկե՝ անձինք քաղաքական դրդապատճառներով չեն կարող ազատազրկվել, եւ պետք է շատ ուշադիր լինել, որ հանկարծ հիմք չլինի այդպիսի գնահատականի»: Մեր դիտարկմանը՝ չի՞ գտնում, որ նման գնահատականների հիմքեր, այնուամենայնիվ, կան, պարոն Հարությունյանը պատասխանեց. «Բանն այն է, որ նախաքննության գաղտնիքն առանձնահատուկ բան է, եւ այսօր նաեւ պատգամավորները իրավունք չունեն ստանալու ամբողջ տեղեկատվությունը: Արտաքուստ ես հասկանում եմ, որ նման տպավորություն կարող է ստեղծվել եւ դժվար է այն փարատել առանց համապատասխան փաստերի, սակայն, մյուս կողմից, ես հասկանում եմ, որ կա նախաքննության գաղտնիք, եւ այս առումով անկախ քննություն իրականացնողները պետք է իրենց սեփական պատասխանատվությամբ ստանձնեն նման պատասխանատվություն՝ ասելու, որ առկա են ծանրակշիռ փաստեր այլ քրեական հանցագործությունների վերաբերյալ: Հաշվի առնելով, որ այսօր նման հայտարարություններ հնչում են, այդ թվում նաեւ համապատասխան ոլորտի օրինականությունը հսկող բարձրագույն պաշտոնատար անձի՝ գլխավոր դատախազի կողմից, ես կարծում եմ, որ, այնուամենայնիվ, առկա են փաստեր»:

ՀՀԿ խմբակցության անդամ, ԵԽ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Հերմինե Նաղդալյանը Նախարարների կոմիտեի խմբի հետ հանդիպումից հետո մեզ հետ զրույցում ասաց. «Իրենց հիմնական մոտեցումն այն էր, որ բոլոր զարգացումները ընթանան քաղաքական հունով, բոլոր զարգացումները տանեն դեպի հանդուրժողականություն, համագործակցություն եւ հաշտեցում: Սա այն դիրքորոշումն է, որը համապատասխանում է նաեւ մեր մոտեցումներին, ՀՀԿ դիրքորոշմանը եւ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի դիրքորոշմանը: Հանդիպման ընթացքում մենք փորձեցինք հիմնավորել, որ ինքներս եւս կողմնակից ենք այդպիսի քայլերի, այսինքն՝ քաղաքական լուծումների եւ քաղաքական համագործակցության: Մի մոռացեք, որ Սերժ Սարգսյանի կողմից մինչ այժմ արված բոլոր առաջարկները ուղղված են եղել հենց հարցերը քաղաքական ճանապարհով լուծելուն: Այդ առաջարկների քաղաքական պոտենցիալը շատ բարձր է թե՛ համագործակցության, թե՛ քաղաքական օրակարգ ձեւավորելու իմաստով: Կարծում եմ, համագործակցությունն իրականում կայանալու է եւ բերելու է սպասվող արդյունքին, այսինքն՝ իրավիճակի մեղմացման, հարթեցման»: Այսինքն՝ պատգամավորը հնարավո՞ր է համարում ընդդիմություն-իշխանություն համագործակցությունը: Հերմինե Նաղդալյանն ասաց, որ «դա ոչ միայն պետք է հնարավոր համարել, այլեւ՝ պետք է դա դիտել որպես նպատակ եւ փորձել տեսնել, որ այսօր արդեն կան առաջին քայլերը, եւ կա պատրաստակամություն գոնե իշխանության կողմից՝ մաքսիմալ քայլերով ընթանալ այս ճանապարհով, եւ շատ ցանկալի կլիներ, որ սա միակողմանի ցանկություն չլիներ: Որովհետեւ երկխոսությունը նման է այն պարին, որը միայն երկուսով կարող ես պարել, հնարավոր չէ երկխոսել միակողմանի»:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը հանդիպումից շատ գոհ էր եւ հայտարարեց. «Մեզ հարցրել են, թե մենք ինչ դիրքորոշում ունենք ցույցերի, երթերի եւ հանրահավաքների մասին օրենքի փոփոխություններին եւ մենք ասել ենք բառացիորեն հետեւյալը՝ ինչպես եւ մեզ խոստացել էր ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, օրենքի ընդունումից հետո երեք օրվա ընթացքում այն թարգմանվել է անգլերեն եւ ուղարկվել Եվրոպայի խորհուրդ, անցած շաբաթ օրը ԵԽ Վենետիկի հանձնաժողովը ուղարկել է իր դիտարկումները օրենքի կապակցությամբ: Մենք ակնկալում ենք, որ ԱԺ-ն Վենետիկի հանձնաժողովին ամբողջ կազմով կհրավիրի Երեւան, եւ մենք այստեղ աշխատանքային խորհրդակցություն կունենանք այս օրենքի կապակցությամբ: Երբ մենք կաշխատենք աշխատանքային խմբի հետ, բաներ կան, որ նրանց կբացատրենք ավելի մանրամասն: Նրանք, իմիջիայլոց, ընդունեցին մեր այս առաջարկը: Մեզ հարցրին, թե ինչպե՞ս ենք վերաբերվում քաղաքական հետապնդումներին եւ ձերբակալվածների խնդրին: Մենք ասացինք, որ երկու բան պետք է հստակ տարանջատել՝ քրեական հանցանք գործածները պետք է պատժվեն: Այն մարդիկ, ովքեր մարտի 1-2-ին կատարել են ՀՀ քրեական օրենսգրքով դատապարտելի արարքներ, պիտի դատապարտվեն, եւ դա պիտի արվի թափանցիկ, բաց, հրապարակային դատարանի միջոցով: Կա նաեւ ուրիշ հարց, որը կարող է մեկնաբանվել որպես քաղաքական հայացքների համար հետապնդումների հարց: Այս հարցը գոյություն ունի, եւ ես էլ ասացի, որ նրանք մեզ նման մարդիկ են, ուղղակի մտածում են ուրիշ կերպ, մենք չենք ուզում այդ մարդիկ հետապնդվեն, եւ հույս ունենք, որ հանրապետության նորընտիր նախագահը իր երդման արարողությունից անմիջապես հետո տարբերակված մոտեցում կցուցաբերի հետաքննված գործերին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել