Լրահոս
Օրվա լրահոսը

Յոթ անգամ անպարտելին

Ապրիլ 01,2008 00:00

IBF-ի վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն 28-ամյա Արթուր Աբրահամը, որը չեմպիոնական տիտղոսին առաջին անգամ տիրել է 2005 թվականին, Գերմանիայի Կիլ \"\"քաղաքում շաբաթ օրը յոթերորդ անգամ անընդմեջ պաշտպանեց կոչումը՝ 12-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտի ենթարկելով ամերիկացի Էլվին Այալային: Հայաստանցու մարտերին հետեւողներն, անկասկած, նկատեցին, որ Արթուրը, սովորության համաձայն, յուրաքանչյուր ռաունդի սկզբում նախաձեռնությունը կամովին տալիս էր մրցակցին, անձամբ աշխատում հակահարձակումների վրա՝ նրան սեփական կարողությունները դրսեւորելու նպատակով: Իսկ ռաունդի վերջնամասում ինքն էր անցնում ակտիվ գործողությունների: Այդպես շարունակվեց մինչեւ հինգերորդ ռաունդը, երբ Աբրահամի առաջին իսկ հուժկու հարվածից հետո ամերիկացին հայտնվեց ռինգի հատակին, եւ մրցավարը բացեց նոկդաունի հաշիվը: Արթուրն այդպես Այալային հասկացրեց, որ իր պաշտպանությունը թեեւ հուսալի է, բայց ինքը չի պատրաստվում այդպես երկար շարունակել:

Հաջորդ ռաունդներում Աբրահամը շարունակեց մեծացնել ճնշումը, իսկ վերջին՝ 12-րդ ռաունդում ձախ ապերկոտով բերանքսիվայր տապալեց Այալային, որը մրցավարի՝ մինչեւ տասը հաշվելուց հետո էլ ուշքի չեկավ: Սա մեր հայրենակցի 26-րդ հաղթանակն էր եւ 21-րդը՝ նոկաուտով:

Հաջորդը կրկի՞ն Միրանդան է

\"\"Այալայի հետ մենամարտից հետո հրավիրված մամուլի ասուլիսում Աբրահամի պրոումոթեր Զիգֆրիդ Զաուերլյանդը հայտարարել է, թե իր հովանավորյալը հաջորդ մենամարտը կանցկացնի արդեն ԱՄՆ-ում եւ հունիսի 21-ին ամենայն հավանականությամբ կրկին կհանդիպի կոլումբիացի Էդիսոն Միրանդայի հետ, ում անցած տարվա սեպտեմբերին, չնայած ստացած ծնոտի կոտրվածքին, հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ: Դրանից հետո Արթուրին այս տարի եւս երկու մենամարտ է սպասվում: Նախ՝ սեպտեմբերին նա Գերմանիայում պետք է ութերորդ անգամ պաշտպանի չեմպիոնի իր տիտղոսը, որից հետո դեկտեմբերին կամ եկող տարվա հունվարին գոտիների միավորման համար կհանդիպի WBC-ի եւ WBO-ի վարկածներով աշխարհի չեմպիոն ամերիկացի Կելլի Պավլիկի հետ:

«Մենք արդեն նախնական պայմանավորվածություն ենք ձեռք բերել Պավլիկի պրոումոթերական ընկերության ղեկավարների հետ»,- հայտարարել է Զաուերլյանդը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել