Լրահոս
Օրվա լրահոսը

Բացակայող ուսանողներին տուգանում են

Ապրիլ 01,2008 00:00

Դա արվում է կա՛մ դրամարկղում գումար մուծելով, կա՛մ կրթաթոշակից «պահելով»

Այն բուհերում, որտեղ գործում է կրեդիտային համակարգը, ուսանողները պարտադրված են դասերից չբացակայել: Նրանք գիտեն, որ յուրաքանչյուր բացակա՝ որոշակի միավորներ է խլում իրենցից: Իսկ այն կրթական հաստատություններում, որտեղ դեռ չի գործում կրեդիտային համակարգը, բացակայելու դեպքում ուսանողներին տուգանում են ոչ թե միավորով, այլ դրամով: Սա հարուցել է ոմանց դժգոհությունը: «Առավոտին» այս առիթով իրենց մտահոգությունը հայտնեցին Երեւանի պետական հենակետային բժշկական քոլեջի եւ Երեւանի պետական կառավարման ակադեմիայի որոշ ուսանողներ:

Հենակետային բժշկական քոլեջում՝ համաձայն ներքին կանոնադրության, արդեն շուրջ 10 տարի ուսանողները 100 դրամ են վճարում դասից յուրաքանչյուր բացակայության համար: «Այդ գումարն ինչի՞ վրա է ծախսվում: Ի՞նչ երաշխիք, որ դա չի յուրացնում քոլեջի տնօրենը»,- մտահոգված են որոշ ուսանողներ: Այս կապակցությամբ «Առավոտին» պարզաբանում տվեց հենակետային քոլեջի փոխտնօրեն Դոնարա Հակոբյանը. «Նշված կարգի մասին տեղյակ է նաեւ ՀՀ առողջապահության նախարարությունը, որի ենթակայության տակ ենք գործում: Սա ուսանողների շրջանում կարգուկանոն հաստատելու ձեւ է: Չէ՞ որ նրանք հետագայում բժիշկ, բուժքույր են դառնալու, ու հետո ամեն բաց թողնված դաս նրանց համար կարող է ճակատագրական լինել: Բժշկի սխալները հողն է ծածկում,- ասաց Դ. Հակոբյանը եւ անդրադարձավ հարցի վերջին մասին:- Յուրաքանչյուր բացակայած դասաժամ ուսանողները լրացնում են: Իսկ այդ գումարները վճարվում են այն դասախոսներին, որոնք լրացուցիչ դասաժամով պարապում են նրանց հետ»: Պետական հենակետային բժշկական քոլեջի ուսանողները «Առավոտին» նաեւ դժգոհեցին, թե իրենց քոլեջում առկա են կաշառակերության որոշ դրսեւորումներ: Նրանց փոխանցմամբ, օրինակ, «ներքին» գնացուցակ կա սահմանված, թե որ գնահատականի համար որքան է պետք վճարել: Այս հարցի մասին էլ Դ. Հակոբյանը վրդովված ասաց. «Այդպիսի բան չկա մեր քոլեջում: Ուրիշ հարց է, երբ երեխային ասում ես՝ լավ պատասխանելու համար գնա պարապի, հետո արի: Գուցե նման դեպքերում է, որ իրենք մտածում են՝ ուրեմն դասախոսն ինչ-որ բան է ակնկալում»:

Պետական կառավարման ակադեմիայի ուսանողներն էլ «Առավոտին» դժգոհեցին, որ իրենց կրթաթոշակից որոշակի գումար է պահվում: Այս մասին «Առավոտին» պարզաբանումներ տվեց ակադեմիայի պրոռեկտոր Խաչատուր Բեզիրջյանը. «Կառավարման ակադեմիայում կրթաթոշակը հավասարեցված է քաղաքացիական ծառայողի առաջատար պաշտոնների աշխատավարձերին: Այսինքն՝ այն կազմում է ոչ թե 6 հազար, այլ՝ 48 հազար դրամ: Դա արված է նրա համար, որ պետական ծառայողը, որը չունի համապատասխան մասնագիտական կրթություն, առանց գումարի համար անհանգստանալու՝ սովորի ակադեմիայում: Եվրոպայում էլ է այդպես ընդունված: Նման մարդկանց կոչում են քաղծառայող-ստաժորներ: Իսկ եթե մարդ աշխատանքի չի գնում, ինչո՞ւ պիտի դժգոհի, որ իրեն այդ օրվա աշխատավարձը չեն տալիս: Նույնը գործում է նաեւ մեր ակադեմիայի դեպքում: Ըստ ներքին կանոնադրության, երբ ուսանողի բացակայությունները հասնում են 30 տոկոսի, նա նույնիսկ կարող է հեռացվել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել