Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ԸՆՏՐՎԵԼՈՒ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ

Ապրիլ 01,2008 00:00

\"\"Արտերկրի առաջատար բուհերում սովորող հայ ուսանողներին պետականորեն տիրություն անելու սկզբունքները ճշտվում են

«Առավոտը» քանիցս անդրադարձել է արտերկրի հեղինակավոր բուհերում ուսանող հայ երիտասարդների առջեւ ծառացած բազմաթիվ խնդիրներին ու դրանց լուծումներ առաջարկող որոշ մտավորականների նախաձեռնությանը: Հիշեցնենք, որ վերջիններս ֆիզմաթ գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արթուր Իշխանյանի գլխավորությամբ դեռեւս անցյալ տարվա աշնանը ՀՀ առաջին դեմքերին առաջարկել էին դրսի հեղինակավոր բուհերում բարձրակարգ կադրերի պատրաստումը դիտել որպես մեր պետության կրթական ռազմավարության կարեւոր բաղադրիչ ու համապատասխան քայլեր ձեռնարկել սեփական գիտելիքների շնորհիվ լավագույն բուհերում հայտնված կադրերին պետականորեն «տեր կանգնելու» ուղղությամբ: Մի բան, որ վաղուց անում են բազմաթիվ երկրներ:

Արդեն տեղի են ունեցել Կրթաթոշակային հիմնադրամի եւ ընդհանուր ծրագրի մշակման աշխատանքային խմբի մի քանի նիստեր, քննարկվել այն սկզբունքները, թե ինչ կարգով եւ հատկապես որ ուսանողներին պետք է պետական կրթաթոշակներ հատկացվեն: Արտասահմանյան բարձր վարկանիշ ունեցող բուհերի ուսանողներին պետական աջակցություն կցուցաբերվի ամենամյա մրցույթների միջոցով: Աշխատանքային խմբի համոզմամբ, որպեսզի ամեն ինչ արդար լինի, հարկ է, որ ուսանողներին ընտրի տարբեր բնագավառներ ներկայացնող, գիտության մեջ ակտիվ գործող, հղումների բարձր ցուցանիշներով գիտնականներից կազված անկախ հանձնաժողովը, իսկ ԿԳ նախարարությունը պիտի իրականացնի հարցի միայն տեխնիկական կողմը՝ մրցույթի հայտարարում, պայմանագրերի կնքում, հայտերի ընդունում եւ այլն: Դառնալով անկախ հանձնաժողովին, նշենք, որ մի շարք երկրների համար էտալոն ծառայող Ղազախստանը հենց սկզբից ստեղծել է անկախ մարմին եւ նրանց ԿԳ նախարարության լիազորությունը չէ վերջնական որոշում կայացնելը: Ի դեպ, Ռուսաստանը 2005-ից է անցել ղազախական տարբերակին, նույնկերպ վարվել է նաեւ Ադրբեջանը:

Մշակված փաստաթղթից բխում է, որ, օրինակ, ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը չի կարող լինել այդ հանձնաժողովի կազմում, որովհետեւ միջազգային հեղինակություն չունի՝ փաստագրված վարկանիշային ինդեքսով, կամ, դիցուք՝ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը չի կարող տեղ ունենալ հանձնաժողովում, ինչ է թե՝ ռեկտոր է, քանի որ նրա հղումների թիվը 100-ից բարձր չէ: «Հայաստանում հաճախ ենք հանդիպում գաղափարի այլասերման կամ հակատիպի վերածվելու փաստերի: Մեր՝ աշխատանքային խմբի մտահոգության հիմնական առարկան այն է, որ մշակված մեխանիզմների շնորհիվ այս նախաձեռնությունը չդառնա չինովնիկական «կերակրատաշտ» եւ ներքին գործածման պրոցես: Դրա համար էլ հիմնադիրների շարքում եւ հոգաբարձուների խորհրդի կազմում կարեւորում ենք ոչ պետական, այդ թվում նաեւ սփյուռքահայ կազմակերպությունների մասնակցությունը, ինչը կմեծացնի վերահսկելիության աստիճանը»,- նշեց Ա. Իշխանյանը: Իսկ գործընթացի թափանցիկությանը կնպաստի ազատ մուտքը ինտերնետ, որտեղից յուրաքանչյուր ոք կարող է ցանկացած պահի տեղեկանալ, թե քանի հոգի է հայտ ներկայացրել, ով ուր է դիմել, որ բուհին ինչ վարկանիշ է տրվել կամ ինչ վարկանիշ է ստացել ուսանողը եւ այլն:

Ինչ վերաբերում է Կրթաթոշակային հիմնադրամին, նշենք, որ վերջինիս միջոցները պետք է գոյանան բյուջեից՝ ամենամյա տարեկան հատկացումներից եւ մասնավոր հոսքերից: Առաջնակարգ բուհերի ցանկն էլ միջազգային պրակտիկայում գործածվող մեթոդիկայով որոշվող տարեկան շարժական ցուցակներով է պարզվելու՝ «հայկական» տարբերակները բացառելու համար:

Աշխատանքային խումբն արդեն դիմել է սփյուռքահայ հինգ կազմակերպությունների (Գյուլբենկյան հիմնադրամ, Ամերիկայի հայկական համագումար, ՀԲԸՄ եւ այլն), ստանալով նրանց միանշանակ դրական կարծիքները եւ որոշների ֆինանսապես աջակցելու համաձայնությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել