Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատամարտիկը դատապարտվեց

Ապրիլ 01,2008 00:00

\"\"Երեկ Մասիս քաղաքի՝ Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ելենա Քոչարյանի դատավճռով 3 տարվա ազատազրկման դատապարտվեց արցախյան պատերազմի մասնակից, «Երկրապահ» կամավորական միության անդամ Հուսիկ Բաղդասարյանը:

Դատարանի դահլիճում հավաքված Հ. Բաղդասարյանի հարազատները եւ խմբված մարդիկ դատավճռին արձագանքեցին «Ամո՛թ, ամո՛թ, ծախվածներ, դավաճաններ, անամոթներ» արտահայտություններով: Հիշեցնենք, որ Հ. Բաղդասարյանը ձերբակալվել էր փետրվարի 26-ին եւ մեղադրվել զենք-զինամթերք ունենալու եւ թաքցնելու համար: Ազատամարտիկի տնից առգրավվել էր 7,62 մմ տրամաչափի 16 փամփուշտ, որոնք նախատեսված են նաեւ որսորդական զենքի համար: Մինչդեռ Արարատի մարզի դատախազի տեղակալ՝ մեղադրող Հմայակ Հակոբյանն իր մեղադրական ճառում ընդգծեց, որ այդ փամփուշտները պիտանի չեն որսորդական զենքի համար:

Մինչ դատավորը կհրապարակեր դատավճիռը, շուրջ հարյուր քաղաքացիներ, այդ թվում դպրոցականներ՝ «Ազատություն Հուսիկ Բաղդասարյանին» եւ «Ազատություն քաղբանտարկյալներին» եւ նման կարգախոսներով բողոքի ցույց էին կազմակերպել դատարանի շենքի առաջ եւ պահանջում էին արդար վճիռ, հակառակ դեպքում՝ կազմակերպվելիք բողոքի ակցիաներն ավելի հուժկու կլինեն: «Արդեն երեք տարի է, ինչ մարզային ոստիկանները եկել- ստուգել են զենքի օրինական պահպանությունը եւ փամփուշտները, կազմել են արձանագրություններ եւ գնացել՝ ոչ մի խախտում չարձանագրելով, իսկ հիմա ասում են, որ փամփուշտներն անօրինական են: Եթե անօրինական են, ինչո՞ւ մինչ այս չէին հրապարակում, որ դրանք անօրինական են»,- «Առավոտի» հետ զրույցում ՀՀ իշխանություններին հարց տվեց Հ. Բաղդասարյանի կինը՝ երեք անչափահաս երեխաների մայր Մարիամ Բաղդասարյանը: Դատավճռի ընթերցումից հետո տիկին Բաղդասարյանը հավելեց. «Այս ամենը քաղաքական պատվեր է, իրենք էլ (նկատի ունի դատական իշխանություններին- Գ. Մ.) կամակատարներ են, կատարեցին իրենց աշխատանքը, քանի որ նախագահական ընտրություններում Հ. Բաղդասարյանը պաշտպանել է Լեւոն Տեր- Պետրոսյանին: Ամոթ իրենց, որ պատերազմում վիրավորված մարդուն դատապարտում են: Այս երկրում ապրելն է դարձել նույնիսկ աբսուրդ»:

Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանն ասաց. «Լավ կլիներ 1988 թվականին դատեին», ապա՝ ցույց տալով դատարանի շենքում տեղակայված ՀՅԴ Մասիսի կոմիտեն, հավելեց. «Դաշնակցությանը հարցրեք, թե ինչո՞ւ դատեցին Հուսիկին: Իշխանությունը նրանք են: Հաջորդ պատերազմին սփյուռքի՞ց են բերելու կռվողներ»: «Առավոտը» զրուցեց նաեւ մարտի 1-3-ը Արտաշատի ոստիկանությունում բերման ենթարկված Լ. Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ Ռոբերտ Սարգսյանի հետ, որը հաստատեց, թե իր նկատմամբ ֆիզիկական որոշ ճնշումներ են եղել ոստիկանության աշխատակիցների կողմից. «Իշխանությունները ցանկանում են երկու ճակատով ժողովրդին կոտրել, նախ՝ հայրենիքի համար կռված երկրապահին, ապա՝ մեզ՝ երիտասարդությանը, որպեսզի բոլորը խելոք նստեն իրենց տեղերում, բայց ոչ մեկին չեն կարող ջարդել, քանի որ պայքարելու ենք արդարության համար: Երեք հոգով նստում եւ որոշում են, թե ում պետք է դատել: Երկիրը դարձրել են բռնատիրություն»: Ցույցին եւ դատավճռի հրապարակմանը ներկա էր նաեւ Աշոտ Բլեյանը, որի կարծիքով՝ Հայաստանում ստեղծված քաոսային իրավիճակը սկսել է բացասական ազդեցություն ունենալ կրթության վրա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել