Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՑ ՇԱՏԵՐԸ ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆ ԿՈՐՑՆԵԼ ՈՒՂԵՂԻ ԿՈՒՍՈՒԹՅՈՒՆԸ»

Ապրիլ 01,2008 00:00

\"\"Ասում է հեռուստամեկնաբան Սուրեն Սարգսյանը

Հյուսիսային պողոտայում զբոսնելիս ոստիկանության բաժին բերման էր ենթարկվել հեռուստալրագրող, հ2 հեռուստաընկերության «Մերոնք» եւ «Հին ընկերների ակումբ» հաղորդաշարերի հեղինակ եւ վարող, քաղաքական մեկնաբան Սուրեն Սարգսյանը:

– Դուք իշխանամետ հեռուստաընկերության հայտնի լրագրողն էիք, ինչպե՞ս եղավ, որ հայտնվեցիք ընդդիմության դաշտում, եւ որպես դրա հետեւանք՝ ոստիկանության բաժնում:

– Ես փետրվարի 19-ի խայտառակ ընտրություններից հետո եկա Ազատության հրապարակ: Երբ ես ընտրության օրը տեսա, թե երեկոյան հաստագլուխները ինչպես լցոնումներ կատարեցին եւ ճնշումներ իրագործեցին վստահված անձանց նկատմամբ, բնականաբար, պարտավորված եղա կանգնել ժողովրդի եւ արդարության կողմը եւ եկա Ազատության հրապարակ: Չէ՞ որ լրագրողները, ինչպես ասում են, ժողովրդավարության պահապան շներն են, երբ ժողովրդավարությունը խախտվում է՝ նրանք պարտավոր են հաչել:

– Իսկ ինչո՞ւ թողեցիք եթերը, չէ՞ որ Ձեր ձայնն այնտեղից ավելի հասանելի կլիներ ժողովրդին:

– Մի պարզ պատճառով, որ այսօր եթերը զուրկ է ազատությունից, այն վերահսկվում է նախագահականի սիրունատես տղաների կողմից: Երբ արդեն սկսվել էր քարոզարշավը, ես հաղորդմանս հյուրընկալել էի բանասիրական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Սամվել Մուրադյանին, որին հարց տվեցի, թե ի՞նչ կա դպրոցական ծրագրերում, նա պատասխանեց, որ ԿԳ նախարարությունը դպրոցական ծրագրից հանել է Երվանդ Օտյան հեղինակին, եւ դա մեկնաբանեց, որ միգուցե նախարարության աշխատակիցները վախեցել են, թե իրենց երեխաները կհասկանան, որ իրենց հայրերը ընկեր Փանջունիներ են: Այդ խոսքն անգամ եթեր չտրվեց, որովհետեւ նախարարությունը պատկանում է Սերժիկ Ազատիչին: Հայաստանում, բացի «Գալա»-ից, հեռուստաընկերությունների լրատվական ծառայությունների աշխատակիցներից շատերը՝ դեմ գնալով իրենց սկզբունքներին, ներկայացնում են բաներ, որոնք զուրկ են բարոյականության մոտեցումներից:

– Ի՞նչ պատճառաբանությամբ Ձեզ տարան ոստիկանության բաժին:

– Հյուսիսային պողոտայից մարդկանց տանում են ամենաանհեթեթ պատճառներով: Ինձ բերման ենթարկեցին նախ Կենտրոնի, ապա տեղափոխեցին Արաբկիրի ոստիկանության բաժին: Իմ նկատմամբ որեւէ բռնություն չի եղել, պարզապես երեւույթն էր տհաճ, որ երբեմնի ազատամարտիկին եւ այսօվա հեռուստալրագրողին տանում են բաժին, որպեսզի անձը պարզեն եւ սկսեն կասկածել թմրամոլության ու չգիտեմ ինչերի մեջ: Իրենք էլ էին իրենց ասածի վրա ծիծաղում: Ես պատիվ եմ ունեցել մասնակցել արցախյան պատերազմին, եւ իմ հրամանատարն է եղել Ժիրայր Սեֆիլյանը, իմ մարտական ընկեր «Դուշման Վարդանը»՝ Վարդան Ստեփանյանը: Երբ 88-ին ժողովուրդը պայքարի դուրս եկավ, որպես փարոս՝ նրա պայքարը լուսավորում էր Արցախը: Բայց այսօր Քոչարյան-Սարգսյան զույգը հասավ նրան, որ մեզ հայաստանցու եւ ղարաբաղցու բաժանեցին: Դա ամենանողկալի արարքն է: Մարտի 1-ին հարձակվեցին քնած ժողովրդի վրա, ասում են, թե Ղարաբաղի հատուկ ջոկատայիններն էին անում դա, ես չգիտեմ, թե ո՞վ է արել, բայց երեւույթն էր նողկալի: Ես բռնության կողմ չեմ, բայց եթե Աստված չանի, որ իմ նմանները համոզվեն, որ բռնապետության հետ գործ ունեն, եթե իշխանությունները խելքի չգան, լավ չի լինի: Թող ժողովրդի հետ մահակի լեզվով չխոսեն: Չէ՞ որ մահակը երկու ծայր ունի, կարող է հարվածել նաեւ մյուս կողմը: Թող հույս չունենան, թե 2 մլն մարդ կլքի Հայաստանը, որ իրենց ազատություն տա: Լինելու է հաղթանակ, ազատ, հաղթանակած ժողովուրդ: Իսկ իշխանությունները ճամպրուկները հավաքելու փոխարեն զբաղված են ցանցառ բաներով: Ինչ-որ չկայացած մտավորականներ են գալիս, տխմար մուլտիպլիկատորներ, հայհոյում ժողովրդին: Նրանք չեն հասկանում, որ ժողովրդի հետ կապ չունեն, նրանք պալատական ներբողներ ձոնող մարդուկներ են: Մեծ մարդը ժողովրդի հետ է: Այսօր պատգամավորներից շատերը վախենում են մտածել եւ զրկվել ուղեղի կուսությունից: Այդ մարդկանց փոխարեն ուրիշներն են մտածում: Դրա համար երկիրը հասավ այս վիճակին:

– Մարտի 1-ին Դուք եղել եք Մյասնիկյան հրապարակում: Ինչպե՞ս եք գնահատում կատարվածը:

– Այո, բնականաբար, եղել եմ: Ոստիկանությունում ինձ հարցրին, թե էն որ ստից ասում են, որ ոստիկանական մեքենան մտավ, տրորեց… Դա սուտ չեն ասում: Այո, մեքենան մտավ, մխրճվեց մարդկանց մեջ: Նրա անցնելուց հետո երկու հոգու տարան շտապօգնության մեքենայով: Արարատ Մահտեսյանը առնվազն ստում է, ասելով, թե մեքենան չի մխրճվել ժողովրդի մեջ: Տպավորություն կա, թե իշխանությունը տեռորի է ենթարկում այս դեպքի ականատեսներին: Հայհոյում էին աղջիկներին, կանանց, ովքեր, ես համոզված եմ՝ իրենց կանանցից էլ են լավը:

– Ինչպե՞ս եք շարունակելու Ձեր լրագրողական գործունեությունը:

– Այս դեպքերի առնչությամբ նախ հաղորդումներ կպատրաստեմ, որոնք DVD սկավառակներով կտարածվեն ժողովրդի մեջ, որպեսզի բոլորը ճիշտ տեղեկացված լինեն: Ասեմ, որ այս ամենը մի շատ դրական բան տվեց. քաղաքական դաշտը մաքրվեց, մաղվեց, մանրները, դհոլները անցքերից դուրս թափվեցին: Հեղինե Բիշարյանը ամսի 21-ին միտինգում հայտարարեց, թե իրենք չեն ընդունում ընտրությունների արդյունքները, սակայն հենց պաշտոն տվեցին՝ փոխվեց նրանց մոտեցումը: Զառամյալ մի կուսակցություն, որի անունն է դաշնակցություն, 20-րդ դարասկզբին համոզում էր արեւմտահայությանը, որ երիտթուրքերի հետ ձեռք ձեռքի նոր Հայաստան պիտի կառուցենք՝ դա ավարտվեց 1915-ով: Այսօր էլ նա չկանգնեց ժողովրդի կողքին եւ իշխանությունը գողացողների հետ կոալիցիա կազմեց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել