Լրահոս
Օրվա լրահոսը

Ջուր չի՞ գողանում

Ապրիլ 01,2008 00:00

Ըստ «Հայջրմուղկոյուղու»՝ սպառած ջրի համար վճարում են

Արգավանդ, Գեղանիստ եւ Ղուկասավան գյուղերում «Երեւանջուր» ընկերությունը Մասիս-Երեւան ջրատարից ջուր է մատակարարում՝ ծախսելով դրա համար օրական 450-500 լիտր/վայրկյան ջուր: Ընդ որում, այս տարածքները խմելու ջրով ապահովելը «Երեւանջրի» պարտականությունների մեջ չի մտնում, դրանով պետք է զբաղվի «Հայջրմուղկոյուղին»: Չնայած դրան՝ այս գյուղերում ջրի վարձը գանձում է հենց «Հայջրմուղկոյուղին»՝ 1 խմ-ի դիմաց 115 դրամ, իսկ եթե կոյուղագիծ էլ ունեն՝ 144 դրամ, այնինչ «Երեւանջուրը» նույն ջուրը վաճառում է 172,8 դրամով: Օրերս «Հայջրմուղկոյուղի» ընկերության կենտրոն-արեւմտյան տարածքային մասնաճյուղի տնօրեն Ֆելիքս Մելիքյանն արձագանքելով «Երեւան ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Սերժ Պոպոֆֆի այն պնդումներին, թե «Հայջրմուղկոյուղուն» ձեռնտու է ջուր չմատակարարել, բայց գումարները հավաքել, «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Մինչեւ 2004 թվականը Արգավանդ, Գեղանիստ, Ղուկասավան համայնքները սպասարկել է «Երեւանջրմուղկոյուղին», այդ չակերտավոր ապօրինի միացումներն արել են հենց այդ ընկերության աշխատակիցները, իրենց միջոցներով, պարոն Պոպոֆֆը այդ միացումները կատարողներին պետք է ման գա իր աշխատողների մեջ, քանի որ հազվադեպ մարդիկ կկարողանան այդքան բարձր ճնշման տակ իրենց ապօրինի միացումներն անել»:

Ֆ. Մելիքյանի համոզմամբ՝ «Երեւանջուրն» ինքն է պարտավոր իր ապօրինություններն անջատել. «Հայջրմուղկոյուղին» ոչ մի անօրինական քայլ չի արել, որ անջատի: Եթե իրենք իրենց ջուրն անջատեն, մենք 1 րոպե հետո կկարողանանք մեր ջուրը տալ այդ բաժանորդներին։ Անգամ եթե խողովակները ապամոնտաժվեն, մենք արդեն ամեն ինչ արել ենք, որ ապօրինությունները վերացնելուց հետո կարողանանք մեր բաժանորդներին միանգամից մեր ջուրը տալ։ Եթե պարոն Պոպոֆֆը մտածում է, թե այդ պատճառով նա չի կարողանում Երեւանում շուրջօրյա ջուր ապահովել, թող ավելի ինտենսիվ աշխատի ապօրինությունները վերացնելու համար, դրանք վերացնելն իր խնդիրն է, ոչ թե մերը, թող անջատի այդ ջրատարին միացրած ջրախողովակներն ու Երեւանի համայքներին ապահովի շուրջօրյա ջրով»:

Պարոն Մելիքյանի խոսքերով՝ այն գյուղացիները, որոնք օգտվում են այդ ջրատարից՝ 24 ժամ ջուր ունեն, իսկ իրենց բաժանորդներն օրական 4-5 ժամ են ջուր ունենում. «Գումարները հավաքելիս մեծ խնդիրների առաջ ենք կանգնում, քանի որ մեր բաժանորդները բողոքում են, ասում են՝ մենք ջուր ենք ստանում ավելի քիչ, բայց մուծում ենք նրանց հավասար գումար։ Մենք սրա համար էլ ենք ասում, որ իրենք անջատեն իրենց ապօրինությունները, որպեսզի բոլորը հավասար ջուր ունենան։ Այս հարցը լուծելու համար անգամ պարոն Պոպոֆֆին առաջարկել ենք այդ համայնքները տալ իրենց, որպեսզի այդպիսի հակասություններ չառաջանան եւ նրանք իրենց տված ջրի համար իրենք գումար հավաքեն, սակայն նա հրաժարվում է, քանի որ գյուղը քաղաք չի եւ ավելի շատ խնդիրներ ունի»: Բացի այդ՝ «գողացված» ջրի դիմաց «Հայջրմուղկոյուղին» «Երեւան ջրին» գումար է վճարում, օրինակ՝ վերջին 3 ամսվա ընթացքում նրանցից գնել է 1 մլն 733 հազար խմ ջուր եւ դրա համար վճարել 14 մլն 974 հազար դրամ։ Միայն Արգավանդում այդ 3 ամսվա ջրի գումարը կազմում է մոտ 7 միլիոն դրամ, սակայն «Հայջրմուղկոյուղու» աշխատակիցները գյուղացիներից կարողացել են հավաքագրել այդ գումարի շուրջ 5%-ը՝ 452 հազար դրամը։ Մեր հարցին՝ այդ դեպքում ինչպե՞ս եք փակում «Երեւան ջրի» պարտքը, եթե բաժանորդները ձեզ վճարում են այդքան քիչ ու նաեւ 1 խմ-ի դիմաց՝ 172,8 ի փոխարեն, 115 դրամ, պարոն Մելիքյանը պատասխանեց. «Մնացած պարտքերը պետության դոտացիայով ենք փակում»:

Խոսելով ջրի կորուստների մասին, Ֆ. Մելիքյանն ասաց. «Մեր հիմնական կորուստները վթարներից են լինում, հետո ամառը համայնքներում ուղղակի շռայլում են ջուրը, ծառերն են ջրում, ոռոգման ջուրն ավելի ուշ են տալիս՝ ապրիլ-մայիս ամիսներին, դրա համար էլ խմելու ջուրն են օգտագործում, որը թույլատրված չէ»: Մասնաճյուղի տնօրենի տրամադրած տվյալներով՝ 99 միլիոն դրամի՝ 976 գործ կա դատարանում՝ խմելու ջուրը ոռոգման նպատակով օգտագործելու համար, դրանցից մինչեւ այժմ բավարարված է 280 գործ՝ 38 միլիոն դրամի։ Բացի դրանից, գյուղացիներից շատերն իրենք իրենց կամքով 885 հազար դրամ էլ արդեն մուծել են «Հայջրմուղկոյուղուն»: Ֆելիքս Մելիքյանը համոզված է, որ եթե իրենց բաժանորդներն ամբողջությամբ անցնեն ջրաչափերին, ապա մինչեւ տարվա վերջ շուրջօրյա ջուր կկարողանան տալ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել