Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՐՔ «ՃՇՄԱՐՏԱԽՈՍՆԵՐԻ»

Ապրիլ 01,2008 00:00

\"\"Մարտի 2-ից հետո վիրավոր ոստիկանների թիվը գնալով ավելի մեծ է ներկայացվել, թեեւ արտակարգ դրություն հայտարարելուց հետո չի գրանցվել որեւէ միջադեպ:

«Վաղը որոշ թերթեր են լույս տեսնելու, որոնք ուղղակի հեղեղված են լինելու սուտ լուրերով»,- ասել էր ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը արտակարգ դրությունը դե-յուրե վերացմանը նախորդող մարտի 20-ի իր ասուլիսում: Առանձին անդրադարձի նյութ է, թե որքանո՞վ էին ոչ սուտ այն հավաստիացումները, որոնք մարտի 1-ի նախորդող ողջ շաբաթվա ընթացքում միջազգային հանրության ներկայացուցիչներին անում էր պրն Քոչարյանը՝ ուժ չկիրառելու վերաբերյալ: Առայժմ միայն հիշեցնենք, որ նույնիսկ կատարվածի նախորդ օրը՝ փետրվարի 29-ին էր նա ԵՊՀ ուսանողության հետ հանդիպման ժամանակ նշել. «Որեւէ մեկը, իհարկե, բռնությունների գնալու հատուկ ցանկություն չունի։ Հրապարակում մեր ժողովրդի մի հատվածն է, եւ պետք է փորձենք համոզել, հնարավորություն տալ, որ քաղաքական պրոցեսը տրամաբանական ձեւով զարգանա, եւ իրավիճակը հանգուցալուծվի հանգիստ, խաղաղ ճանապարհով»։ Նաեւ խոստացել էր, որ նման որոշում ընդունվելու դեպքում ցուցարարներին միանգամից չեն ցրի. «Սկզբում կխնդրեն, հետո կզգուշացնեն եւ միայն դիմադրության հանդիպելու դեպքում կանցնեն ուժային գործողությունների»:

Սակայն անդրադառնանք միայն մի տվյալի, որը բավական խոսուն վկայություն է, թե արտակարգ դրության պայմաններում որքանո՞վ էր ոչ սուտ ու հավաստի տեղեկատվություն մատուցվում մեր հանրությանը:

Մարտի 1-ին Ազատության հրապարակում հավաքվածներին առանց խնդրելու եւ զգուշացնելու ցրելուց հետո՝ մի փոխգնդապետ ասել էր «Արմինֆո»-ին, թե հատուկ գործողության ընթացքում վիրավորվել է 2 ոստիկան:

Ավելի ուշ՝ ժամը 16-ի սահմաններում, հաղորդվեցին առողջապահության նախարարության տվյալները, թե 31 տուժածներից 6-ը ոստիկաններ են: Հետո այդ նախարարությունից հայտնեցին, թե «ժամը 20-ի դրությամբ Երեւանի քաղաքացիական հիվանդանոցներ դիմած տուժողների ընդհանուր թիվը կազմում է 41 մարդ (այդ թվում՝ 14 ոստիկան)»:

Առողջապահության նախարարության կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ ժամը 21:30-ից մինչեւ 01:00-ն տուժածների ընդհանուր թիվը կազմել էր 89 մարդ, որից 58-ը՝ զինվորականներ, 31-ը՝ քաղաքացիներ:

Կեսգիշերից կես ժամ անց տարածվեց ՀՀ ոստիկանության հաղորդագրությունը, ըստ որի՝ ոստիկանության զորքերի 8 ծառայողներ էին ստացել հրազենային վնասվածքներ:

Մարտի 2-ի կեսօրին ոստիկանության տարածած հայտարարության համաձայն՝ «ՀՀ ոստիկանության հոսպիտալ է ընդունվել ոստիկանության 33 զինծառայող եւ աշխատակից, որոնցից 11-ը՝ բեկորային վնասվածքներով, 13-ը՝ տարբեր ծանրության տրավմաներով, 8-ը՝ գազերից թունավորումով, 1-ը` ուշագնացությամբ»:

ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը մարտի 2-ին հայտնեց, թե մարտի 1-2-ը մայրաքաղաքի հիվանդանոցներ են ընդունվել 131 տուժածներ, որից 72-ը՝ զինվորականներ եւ ոստիկանության ծառայողներ, 59-ը՝ քաղաքացիներ: Թվում էր, թե այս թիվը այլեւս չի կարող փոխվել, քանի որ դրանից հետո այլեւս չեն եղել բախումներ:

Սակայն մարտի 4-ի ասուլիսում ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հայտարարեց, թե մարմնական վնասվածքներ են ստացել 117 ոստիկան եւ զինծառայող, 48 քաղաքացի:

Անգամ նույն օրվա ընթացքում տարբեր խոսնակներ էին իրար հակասող տվյալներ ներկայացնում վիրավոր ոստիկանների մասին: ԱԳՆ ԶԼՄ-ների հետ կապի բաժնի վարիչ Տիգրան Բալայանը մարտի 11-ին «Մեդիամաքսին» ասել էր. «Վիրավորված ոստիկանների թիվը՝ 108, որոնցից 43-ը հրազենային կամ բեկորային վնասվածքներով, հստակորեն ցույց է տալիս, որ ցուցարարները զինված են եղել հրազենով եւ պայթուցիկ նյութերով»: Իսկ ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանն էլի մարտի 11-ին «Արմինֆո»-ին ասել էր. «Ընդհանուր առմամբ՝ մարտի 1-ին եւ 2-ին մարմնական վնասվածք է ստացել 180 ոստիկան եւ 48 քաղաքացի»:

Հաջորդող 10 օրերի ընթացքում վիրավոր ոստիկանների թիվն էլ ավելի ուռճածվեց, եւ նպատակը հասկանալի էր: Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի գլխավորած պատվիրակության հետ մարտի 21-ի հանդիպման ժամանակ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը տեղեկացրեց. «Մարմնական վնասվածք է ստացել 265 անձ, որոնցից 210-ը՝ ոստիկան»:

Ի դեպ, ուշադրություն հրավիրենք, որ թեեւ այս հաղորդագրություններում նշվում էր նաեւ վիրավոր զինծառայողների մասին՝ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը մարտի 4-ին հայտարարել էր. «Զինված ուժերից զոհեր ու վիրավորներ չկան»:

Թերեւս այս ամենից հետո մեկնաբանություններն ավելորդ են: Միայն հիշեցնենք, որ մարտի 6-ին կառավարության նիստի ժամանակ վարչապետ Սերժ Սարգսյանը տվել էր որոշակի հանձնարարականներ եւ մասնավորապես ասել. «Ես առաջարկում եմ, որպեսզի բոլորդ ուշադրությամբ ուսումնասիրեք բոլոր այն նյութերը, որոնք մատուցվում են պաշտոնական խողովակներով, պետական կառավարման մարմինների կողմից, եւ ձեզ հավաստիացնում եմ, որ այս տեղեկատվությունը ճշմարտություն է եւ առանց վարանելու դուք կարող եք հենվել այս փաստերի վրա»:

Հ. Գ. Եվս մի փաստ մեր «ճշմարտախոս» պաշտոնյաների վարքից: ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը, որը նույնպես իր ճեպազրույցներից մեկում ընդդիմադիր մամուլին դասեր էր տալիս գոնե մինչեւ մարտի 21-ը սուտ չխոսելու վերաբերյալ, ըստ «Արմինֆո»-ի՝ իրականությանը չհամապատասխանող էր անվանել այն պնդումը, թե արտակարգ դրության պայմաններում որոշ ինտերնետային կայքեր արգելափակվել էին. «Դա անգամ տեխնիկապես է անհնար»: Հաշվի առնելով մինչեւ մարտի 21-ն արգելափակված տասնյակ կայքերի առկայությունը՝ մեր իշխանություններն անհնարինը դարձրին ակնհայտ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել