Լրահոս
Օրվա լրահոսը

«Ագոյի խումբը» դժգոհ է

Ապրիլ 01,2008 00:00

\"\"Եվ ՀՀ իշխանություններին 6 կետից բաղկացած առաջարկներ է անում

«Եվրոպայի Խորհրդի անդամ երկրի համար անընդունելի է քաղաքական բանտարկյալներ ունենալը»,- երեկ Երեւանում Վ. Օսկանյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի մոնիտորինգի Ագոյի խմբի ղեկավար Պեր Սյորգենը: Նա հատուկ ընդգծեց, որ այս պատվիրակությունն իր ստեղծման օրից երբեւէ այսքան մեծ կազմով չի ժամանել Հայաստան: Խմբում ընդգրկված են ԵԽ անդամ 9 երկրների ներկայացուցիչներ: Պատճառը, ըստ բանախոսի, Հայաստանի հետընտրական իրադարձությունների հետեւանքով ստեղծված իրավիճակն է: «ԵԽ-ն Հայաստանը դիտում է որպես տարածաշրջանային կարեւոր գործընկեր, եւ այդ իսկ պատճառով մեզ համար կարեւոր է տեղյակ լինել այն իրավիճակին, որն առկա է այստեղ: Մենք կարեւորում ենք նաեւ այդ իրավիճակի քաղաքական ճանապարհով հաղթահարումն ու վերադարձը ժողովրդավարական ուղի»,- ասաց Սյորգենը:

Ստեղծված դրությունը քաղաքական ճանապարհով հաղթահարելու համար Ագոյի խմբի ղեկավարը ՀՀ իշխանություններին եւ ընդդիմությանը 6 կետից բաղկացած առաջարկներ է ներկայացրել, որոնք նախօրոք մշակվել են ԵԽ-ում, իսկ այստեղ՝ Երեւանում, վերամշակվել են: Այդ առաջարկներից առաջինը վերաբերում է քաղբանտարկյալներին: Սյորգենը նշեց, որ անձամբ այցելել է «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ ու հանդիպել այն անձանց հետ, ովքեր ձերբակալվել են հետընտրական ժամանակահատվածում եւ այսօր զրկված են իրենց հարազատների հետ շփման հնարավորությունից: ՀՀ արդարադատության նախարարը, ի դեպ, Սյորգենին հավաստիացրել է, թե խնդիրը կլուծվի եւ ձերբակալվածներին հնարավորություն կտրվի շփվել իրենց հարազատների հետ: Ագոյի խմբի 2-րդ առաջարկով նշվում է, որ իրենք սատարում են միջազգային մի շարք կազմակերպությունների կոչին՝ ազատ արձակել քաղաքական դրդապատճառներով ձերբակալված բոլոր անձանց: 3-րդ առաջարկի համաձայն, ՀՀ արդարադատության նախարարը պարտավորվում է կանոնավոր կերպով Ագոյի խմբին տեղեկացնել ձերբակալվածների ազատ արձակման եւ նրանց հանդեպ դատական ընթացակարգերի վերաբերյալ: 4-րդ կետով առաջարկվում է մարտի 1-ի իրադարձությունների կապակցությամբ անկողմնակալ «ազգային հետաքննություն» անցկացնել: «Դա պետք է լինի ոչ թե մեկ մարմնի, ասենք՝ գլխավոր դատախազության կողմից իրականացվող, այլ ազգային՝ ընդգրկուն, լայն վստահության դաշտ ապահովող քննություն»,- ասաց Սյորգենը: 5-րդ առաջարկը վերաբերում է երթերի, ցույցերի, հավաքների մասին օրենքում կատարված փոփոխություններին, որը ՀՀ ԱԺ-ն ընդունեց արտակարգ դրության ժամանակ, եւ որը արգելում է ՀՀ-ում անցկացնել երթեր, ցույցեր, հանրահավաքներ: Սյորգենն իր ափսոսանքը հայտնեց, որ այդ օրենքն ընդունվեց առանց Վենետիկի հանձնաժողովի փորձաքննության ու նշեց, որ «Վենետիկի հանձնաժողովը քննադատական գնահատականներ ունի դրա հետ կապված, որոնք արդեն ներկայացրել են արդարադատության նախարարությանը»: Ագոյի խմբի ամենավերջին՝ 6-րդ առաջարկը վերաբերում է Հայաստանում իշխանությունների եւ ընդդիմության միջեւ առանց նախապայմանների երկխոսություն ծավալելուն:

Կարդացեք նաեւ՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել