Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԿ ԱՄՍՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԿԱՅՈՒՆԱՑԱ՞Վ

Ապրիլ 01,2008 00:00

«Առաջ պոռալով ետ-ետ կերթանք»,- ի պատասխան մեր հարցի՝ արդյոք իշխանությունների կողմից կատարված քայլերը նպաստեցի՞ն կայունության ապահովմանը, ասաց իշխանական հայտնի քաղաքական գործիչներից մեկը, սակայն հասկանալի պատճառներով խնդրեց չգրել իր անունը:

Իշխանությունները պնդում են, թե մարտի 1-ի իրադարձություններից հետո այս մեկ ամսվա ընթացքում իրենք ամեն ինչ անում են երկրում կայունությունը ապահովելու համար՝ կոալիցիոն հուշագիրը ներկայացնելով որպես դրա վառ ապացույց, մինչդեռ, ընդդիմության ներկայացուցիչները վստահ են, որ իշխանության քայլերը բոլորովին համարժեք չեն ստեղծված իրավիճակին: Մենք զրուցեցինք քաղաքական որոշ գործիչների հետ եւ նրանց մի հարց ուղղեցինք՝ արդյոք անցած մեկ ամսում իշխանությունների կողմից կատարված քայլերը կայունացրի՞ն երկրի իրավիճակը:

ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի կարծիքով՝ «իշխանությունները պետք է գիտակցեն, որ ռեպրեսիվ մեթոդներով անհնար է հաղթահարել այս ճգնաժամը: Խոսվում է երկխոսության անհրաժեշտության մասին, սակայն որեւէ առարկայական քայլ չի արվում, որը կնպաստի այդ երկխոսությանը: Առաջին հերթին պետք է վերացվեն քաղաքական հետապնդումները եւ հստակ տարանջատեն քրեական հանցանքներ կատարած անձանց իրենց քաղաքացիական դիրքորոշումն արտահայտած մարդկանցից: Ըստ էության, այսօր ընդդիմությունը զրկված է իր դիրքորոշումն արտահայտելու որեւէ հնարավորությունից, ինչն անընդունելի է: Այս ընթացքում ավելի խստացվեց հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին օրենքը, որը հակասահմանադրական է եւ հակասում է ԵԽ-ի առջեւ մեր երկրի ստանձնած պարտավորություններին: Իշխանություններն իրենց այս գործելաոճով էլ ավելի են խորացնում երկրում առկա ճգնաժամը»:

ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը որպես երկրում ստեղծված իրավիճակի կայունացման միակ ուղի նշում է երկխոսությունը Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ. «Որոշակի հույսեր կան, որ պետք է լավ լինի, բայց դա կախված է առաջին դեմքի քաղաքական կամքից, դուք պատկերացրեք՝ չորս տարի չի եղել քաղաքական կամք, եթե այդ քաղաքական կամքը չլինի՝ ուրեմն ոչ մի լավ բան չի լինի: Քաղաքական կամք է պետք եւ երկխոսություն, պետք է դուրս գալ այն շրջանակներից, որը կոչվում են հակադրություն, այդ հակադրությունից պետք է դուրս գալ, ավելի բարձր լինել»: Ըստ Տիգրան Կարապետյանի, «ոչ միայն խորհրդարանական, այլեւ արտախորհրդարանական ուժերը պետք է ներառված լինեն այս քաղաքական ընթացքի մեջ: Եվ այն շարժիչ ուժը, որի ետեւից մարդիկ են գնում, պետք է անպայման ներկայացված լինի եւ պետք է երկխոսության արդյունքում հասնել կայունության»:

ԲՀԿ խմբակցության անդամ, ԱԺ եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցի կարծիքով, անցած մեկ ամսվա ընթացքում իշխանության կողմից կատարված քայլերը ճիշտ էին եւ ընդունելի, նաեւ՝ արդյունավետ: «Միանշանակ, այն բոլոր քայլերը, որ կատարվեցին իշխանության կողմից, նպաստեցին ներքին կայունության ապահովմանը, անխտիր բոլորը համաձայն են, որ արտակարգ իրավիճակ մտցնելը միակ ճիշտ միջոցն էր կայունությունն ապահովելու համար: Այսուհետ երկրի նորընտիր նախագահի եւ նոր կոալիցիոն կառավարության կողմից պետք է քայլեր ձեռնարկվեն հասարակության մեջ առկա բեւեռացման հետ կապված խնդիրները հաղթահարելու համար»:

Անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը վստահ է, որ քաղաքական լարվածությունը պետք է լուծվի բացառապես քաղաքական ճանապարհով. «Այն քայլերը, որոնք իրականացվել են իշխանությունների կողմից՝ այս մեկ ամսվա ընթացքում, քաղաքական քայլեր չի կարելի համարել, բացառությամբ վարչապետի այն հայտարարության, որ պետք է ձեւավորվի կոալիցիոն կառավարություն, որը ես գնահատել եմ դրական, մնացած քայլերը, որոնք կատարվել են իշխանությունների կողմից՝ չեն նպաստել իրավիճակի մեղմացմանը»: Ընդդիմության եւ իշխանության հետեւությունները որո՞նք պետք է լինեն ստեղծված իրավիճակում: Ըստ պարոն Դալլաքյանի՝ երկու կողմի հետեւությունը պետք է լինի մեկը՝ երկխոսությունը համապատասխան թեմատիկայով, եւ որպես քայլ նշեց իր իսկ առաջարկը՝ մարտի 1-2-ի դեպքերը ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը:

ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը մեր հարցերին չպատասխանեց՝ ասելով. «Հարցրեք այն մարդկանց, ովքեր անմիջական մասնակցություն են ունեցել այդ դեպքերին՝ եւ մի կողմից, եւ մյուս կողմից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել