Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՍՏԱՏՎԵՑ ԱՐՅՈՒՆՈՎ ԵՎ ՀԵՌԱՆՈ՞ՒՄ Է ԱՐՅՈՒՆՈՎ»

Ապրիլ 01,2008 00:00

Շահեն Պետրոսյանը կասկածում է, որ Քոչարյանը հեռանում է

«Մարտի 1-ի իրադարձությունները այն սադրանք-սպառնալիքներն էին, որոնք իր նախորդ ելույթներում հնչեցրել էր Ռոբերտ Քոչարյանը եւ այդ օրն իրականացրեց ժողովրդի դեմ»,- ասում է Շահեն Պետրոսյանը եւ մարտի 1-ի իրադարձությունները պայմանականորեն համեմատում է 1999 թվականի հոկտեմբերի 27-ի դեպքերի հետ: «Ինքը հաստատվեց արյունով եւ հեռանում է արյունով»,- նշում է մեր զրուցակիցը: Դիտարկմանը՝ արդյոք Սերժ Սարգսյանը կապ չունի՞ այս ամենի հետ, Շահեն Պետրոսյանն ասում է. «Տվյալ դեպքում գլխավոր հրամանատարը Ռոբերտ Քոչարյանն էր. ով ի՞նչ չափով է պատասխանատվություն կրում այդ օրվա համար՝ պետք է պարզաբանի անկախ հետաքննությունը: Բայց մի կարեւոր բան կա. ոստիկանությունը պաշտոնապես հրաժարվում է, որ կրակ են բացել, բանակը՝ նույնպես: Այդ դեպքում՝ ո՞վ է հրաման տվել եւ ո՞ր ստորաբաժանումն է ժողովրդի վրա կրակ բացել: Ո՞վ է, ընդհանրապես, բաժանել մարտական փամփուշտները եւ ո՞ւմ են դրանք բաժանվել: Զոհվածների մեծ մասի մահվան պատճառը գլխի հատվածում հրազենային վնասվածքն է: Այսինքն՝ ուղիղ նշանառությամբ է կրակ արձակվել, ինչի մասին են վկայում նաեւ բազմաթիվ փամփուշտների հետքերը փողոցի այդ հատվածում եղած մեքենաների վրա: Դեպքեր կան, որ ուղղակի կրակել են պատշգամբներից նայող մարդկանց վրա. նման վիրավոր անձամբ ես գիտեմ»:

Արտակարգ դրության հայտարարման եւ դրան հաջորդած իրադարձություններին էլ պարոն Պետրոսյանն անդրադարձավ այսպես. «Ոչ միայն հաջորդած, այլ նախ եւ առաջ դրան նախորդած եւ դրդապատճառ դարձած իրադարձություններին, մասնավորապես՝ փետրվարի 26-ին Հանրապետության հրապարակում կոմերիտական ոգով կազմակերպված հանրահավաքի մասնակիցները լքեցին այդ շոուն եւ հոժարակամ միացան Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքին: Այս փաստը ակնհայտորեն ցույց տվեց, որ գործող իշխանությունը՝ ի դեմս ժողովրդի, այլեւս հենարան չունի: Անհրաժեշտ էր ձեռնարկել քայլեր, որոնք կկասեցնեին ժողովրդական շարժման հաղթարշավը:

Այդ քայլը գտնվեց. մարտի 1-ին, 06:30-ից սկսած, նախագահական ընտրությունների արդյունքների դեմ պայքարող խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառվեց բռնություն, որը շարունակվեց մինչեւ գիշեր, ինչն էլ առիթ հանդիսացավ արտակարգ իրավիճակ հայտարարելու համար: Զավեշտական է, որ ՍԴ-ի որոշումն ընդունվեց Սահմանադրության չգործելու պայմաններում: Ստեղծված իրավիճակի ենթատեքստում ինձ համար շատ կասկածելի է թվում Քոչարյանի այն հայտարարությունը, որ նա չի հավակնում ՀՀ վարչապետի պաշտոնին: Ինձ թվում է, որ իր այդ պաշտոնին նշանակման նախադրյալն է հանդիսանում ստեղծված՝ այսպես կոչված, կոալիցիան»:

Շահեն Պետրոսյանն արձանագրում է, որ Հայաստանը դառնալով Եվրախորհրդի եւ այլ միջազգային կառույցների անդամ՝ պարտավորություններ է ստանձնել եւ բազմիցս հայտարարել իր հավատարմությունը ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության սկզբունքներին, որոնք, սակայն, համառորեն եւ հետեւողականորեն ոտնահարվում են: «Օրենսդրական դաշտի տեսանկյունից Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա» ստեղծագործության մեջ նկարագրված իրավիճակում ենք հայտնվել, որտեղ օրեցօր օրենքներ են փոխվում՝ իշխանության եկածների անօրինական գործողությունները քողարկելու նպատակով, վերջում էլ ամրագրում են, որ «բոլոր կենդանիները հավասար են՝ բայց ոմանք առավել հավասար են»: Այս մոտեցումը ցայտուն երեւում է նախընտրական եւ հետընտրական ժամանակաշրջանում կատարված հապճեպ օրենսդրական փոփոխություններում, որոնք միտված են իշխանություն ձեւավորելու ժողովրդի սահմանադրական իրավունքի վերացմանը, ինչպես նաեւ իշխանության կողմից կատարվող անօրինականությունների օրինականացմանը»,- ասում է մեր զրուցակիցը:

Նա հետաքրքրական է համարում, որ այս դեպքերը համընկան ղարաբաղյան խնդրի կարգավորման ինչ-որ «հանգրվանի» հետ. «Նախ փետրվարի 26-ին հնչեց Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրեյզերի հայտարարությունն առ այն, որ «Ադրբեջանն ու Հայաստանը համաձայնեցրել են ապառազմականացման, միջազգային խաղաղապահների տեղակայման, հողերի վերադարձի եւ փախստականների հարցը: Կողմերը չեն կարողանում որոշ կարեւոր խնդիրներ համաձայնեցնել, որոնք վերաբերում են Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող միջանցքի լայնությանը եւ Լեռնային Ղարաբաղում քվեարկության մեխանիզմին»: Սրան հետեւեց մարտի 14-ի ՄԱԿ-ում Ադրբեջանի կողմից ներկայացված հայտնի բանաձեւի ընդունումը: Զավեշտականն այն է, որ նախկինում որպես հայ դիվանագիտության հաղթանակ էր դիտարկվում նման բանաձեւերի կասեցումը, իսկ այժմ հակառակը՝ բանաձեւի ընդունումը:

Ապա ՄԽ-ում ԱՄՆ-ի կողմից համանախագահող Մեթյու Բրայզայի մարտի 24-ին «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին տված հարցազրույցը, որում նա բացահայտում է բանակցությունների ընթացքում արդեն համաձայնեցված սկզբունքների մանրամասները, ըստ որի՝ առաջին հերթին ճանաչվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը (ինչի հետ համաձայն են բոլոր երեք համանախագահող պետությունները), վերադարձվում են բոլոր 7 շրջանները, վերադարձվում են այդ տարածքներից տեղահանված ադրբեջանցիները, դուրս են հանվում տարածաշրջանում տեղակայված հայկական զինված ուժերը, ստեղծվում է Հայաստանը Ղարաբաղին կապող միջանցք: Հետեւությունները թողնում եմ ընթերցողներին»,- ամփոփեց պարոն Պետրոսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել