Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՅՍՕՐ

Մարտ 29,2008 00:00

Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը «Եվրասիա համագործակցություն հիմնադրամի» աջակցությամբ իրականացնում է ծրագիր՝ «Հայաստանի եւ Թուրքիայի վերլուծաբանների եւ հասարակական գործիչների համագործակցությունը՝ որպես միավորող գործոն հայ-թուրքական հարաբերություններում»: Ծրագրի հիմնական նպատակն է զարգացնել երկկողմանի շփումներն ու համագործակցությունը հայ եւ թուրք հասարակական գործիչների, վերլուծական կենտրոնների ղեկավարների, քաղաքագետների, պատմաբանների եւ լրագրողների միջեւ, ինչպես նաեւ բարձրացնել Հայաստանի եւ Թուրքիայի քաղաքացիների իրազեկման մակարդակը միմյանց եւ քաղաքացիական դաշտում տեղի ունեցող նախաձեռնությունների մասին:

Ծրագրի շրջանակներում անցկացվել են հարցազրույց-հարցումներ Հայաստանի եւ Թուրքիայի կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների եւ վերլուծաբանների հետ, որոնք մենք սկսում ենք տպագրել «Հայ-թուրքական հարաբերություններն այսօր» ներդիրում (հարցազրույց-հարցումները անցկացվել են 2007 թ. նոյեմբեր-դեկտեմբերին): Կհրատարակվի վեց ներդիր՝ շաբաթը երկու անգամ հաճախությամբ:

«Հասարակական հարաբերությունների զարգացման գիտամշակութային MODUS VIVENDI կենտրոն» (հասարակական կազմակերպություն)

Կազմակերպության կողմից պատասխանողի անունը՝ Արա Պապյան, նախագահ

Ձեր կազմակերպության գործունեության ոլորտը. Գիտահետազոտական եւ վերլուծական աշխատանքների իրականացում միջպետական հարաբերությունների, քաղաքագիտության եւ դիվանագիտության պատմության ոլորտներում, հասարակական հարաբերությունների զարգացում

– Ինչպե՞ս եք գնահատում հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս մակարդակը:

– Ոչ բավարար:

– Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի եւ Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումները՝ երկու երկրների միջեւ հարաբերություններ հաստատելու հարցում:

– Անընդունելի են Թուրքիայի նախապայմանները Հայաստանի Հանրապետության հետ պաշտոնական//դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար, անընդունելի է Հայաստանի Հանրապետության առանց նախապայմանների Թուրքիայի հետ պաշտոնական//դիվանագիտական հարաբերություններ հաստատելու պատրաստակամությունը:

– Ձեր կարծիքով, կա՞ տարբերություն Հայաստանի հասարակության եւ պաշտոնական դիրքորոշումների միջեւ:

– Այո՝ կա: Հասարակության զգալի մասի համար անհասկանալի է Հայաստանի իշխանությունների ոչ հետեւողական եւ փափկանկատ վարքագիծն իր շահերի պաշտպանության գործում:

– Ըստ Ձեզ, ո՞րն է պատճառը, որ մինչ օրս կողմերի միջեւ դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատվել:

– Թուրքիայի դիրքորոշումը՝ նախապայմանների առաջադրումը եւ երկկողմ հարաբերությունների կախվածության մեջ դնելը երրորդ երկրի հետ Հայաստանի Հանրապետության հարաբերություններից:

– Ձեր կարծիքով, հայկական կողմի՝ առանց նախապայմանների սահմանի բացման վերաբերյալ նոր դիրքորոշումը որքանո՞վ է նպաստում հարաբերությունների զարգացմանը:

– Չի նպաստում, քանի որ երկկողմ հարաբերությունների զարգացման համար անհրաժեշտ է առնվազն երկու կողմերի պատրաստակամությունը: Թուրքիան միանշանակ ցույց է տվել, որ իր քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ բնավ պայմանավորված չէ Հայաստանի քաղաքականությամբ:

– Ձեր կարծիքով, ո՞ւմ է վնաս կամ ձեռնտու հայ-թուրքական սահմանի փակ լինելը:

– Սահմանի փակ կամ բաց լինելը բնավ նշանակություն չունի: Այն պարզապես արտացոլումն է Թուրքիայի՝ Հայաստանի նկատմամբ թշնամական վերաբերմունքի: Կարելի է սահմանը բացել, սակայն ներկա իրավիճակում այն ոչինչ չի փոխի: Անգամ գները չեն էժանանա, քանի որ հիմնական առեւտուրը Ստամբուլի հետ է, իսկ այդ ուղղությամբ ամենաձեռնտու բեռնափոխադրումը մնալու է Երեւան-Փոթի-Ստամբուլ ուղին: Սահմանի բացումն իմաստ կունենա, եթե Թուրքիան անխտիր ի կատար ածի միջազգային հանրության եւ Հայաստանի Հանրապետության նկատմամբ իր բոլոր ստանձնած պարտավորությունները:

– Ձեր կարծիքով, այսօր ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն կողմերը՝ հայ-թուրքական սահմանի բացման համար:

– Հայաստանը պիտի դիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ (ՄԱԿ-ի կանոնադրության 34-րդ եւ 35-րդ հոդվածների հիման վրա), Վիլսոնի Իրավարար վճռի (22 նոյեմբերի 1920թ.) հայցադիմումը ստորագրած, ինչպես նաեւ Լոզանի պայմանագիրը ստորագրած երկրներին, եւ նրանցից պահանջի գործուն միջոցների կիրառում Թուրքիայի դեմ՝ վերջինիս ստանձնած պարտավորությունների կատարումը ապահովելու համար:

– Ի՞նչ կտա կողմերին հայ-թուրքական սահմանի բացումը (տնտեսական, քաղաքական, մշակութային, սոցիալական եւ այլ ոլորտներում):

– Էական ոչինչ էլ չի տա: Եթե հայ ձեռներեցը իրավունք չի ունենալու, օրինակ, հող գնել, Վանա լճի ափին հյուրանոց կառուցել եւ Հայաստանից հանգստացողներ այնտեղ տանել: Իսկ դա Թուրքիան միանշանակորեն թույլ չի տա: Պարզապես, Թուրքիա, հիմնականում՝ Արեւմտյան Հայաստան գնացողները մի քիչ պակաս կչարչարվեն ճանապարհին, մի քիչ էլ վրացիք կտուժեն:

– Ի՞նչ բացասական հետեւանքներ կարող է ունենալ հայ-թուրքական սահմանի բացումը կողմերի համար:

– Առանձնապես ոչ մի, եթե այն չպիտի ուղեկցվի դիվանագիտական հարաբերությունների հաստատումով: Դիվանագիտական, հետեւաբար «դե յուրե» հարաբերությունների բացակայության պարագայում, հնարավոր չի լինի կնքել որեւէ միջպետական պայմանագիր, հետեւաբար՝ զարգացնել որեւէ հարաբերություն:

– Ձեր կարծիքով, ո՞ր ոլորտներից պետք է սկսել հայ-թուրքական հարաբերությունների զարգացումը:

– Պետք է հստակեցնել հարաբերությունների իրավական դաշտը: Հայ-թուրքական հարաբերությունների մեջ իրավական մասնակցություն ունի ավելի քան 20 երկիր: Պետք է վերջ տալ նրանց անտարբեր-հայեցողական վերաբերմունքին: Նրանք միջազգային փաստաթղթերով ամրագրված պարտավորություններ ունեն մեր երկրի նկատմամբ:

– Մշակութային երկխոսությունը կարո՞ղ է նպաստել դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը (օրինակ՝ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու վերանորոգումը):

– Մշակութային երկխոսությունը կարող է նպաստել անհատների եւ հասարակական որոշ խմբերի միջեւ հարաբերությունների զարգացմանը, սակայն այն որեւէ նշանակություն չի կարող ունենալ միջպետական եւ ազգամիջյան հարաբերությունների վրա: Սովետական Հայաստանի եւ Սովետական Ադրբեջանի միջեւ մշակութային հարաբերությունները պետք եղածից էլ ավելի էին զարգացած, սակայն այն չկանխեց հայերին մորթելը Սումգայիթում կամ Բաքվում, կամ Լեռնային Ղարաբաղի հայերի ձգտումը՝ ապրել իրենց ազգակիցների հետ միեւնույն քաղաքական միավորման մեջ: Օսմանյան կայսրության հայերը զգալի եւ անուրանալի ներդրում եւ մասնակցություն ունեին բուն թուրքական մշակույթի մեջ, սակայն դա չկանխեց հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրության մեջ: Ազգերն ու պետություններն առաջնորդվում են շահերով եւ ոչ թե հարաբերություններով: Հարաբերություններն են ածանցվում շահերից եւ ոչ թե շահերն են բխում հարաբերություններից:

– Ինչ եք կարծում՝ երկու ժողովուրդների դավանանքի տարբերությունը կարո՞ղ է խոչընդոտել կամ նպաստել հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանը:

– Ուղղակիորեն՝ ոչ, սակայն դավանանքը մշակում է մտածողություն եւ վարքագիծ, որն էլ ազդում է հարաբերությունների վրա: Քանի որ իսլամն աշխարհը բաժանում է մուսուլմանական – խաղաղության մասի (դար-աս-սալամ) եւ ոչ մուսուլման (քրիստոնեական) պատերազմի հատվածի (դար-ալ-հարբ), ուստի նման անհանդուրժողականությունն արտացոլվում է մտածողության մեջ եւ, ի վերջո, քաղաքականության: Նկատի ունեմ քաղաքականացված իսլամի պարագայում, երբ այն ավելի շուտ հանդես է գալիս որպես գաղափարախոսություն, քան կրոն:

– Երկու երկրների օրենսդիր մարմինները կարո՞ղ են նպաստել պաշտոնական հարաբերությունների հաստատմանը:

– Մասամբ: Նրանք, որպես իրենց հասարակությունների ներկայացուցիչներ, կարող են գոնե նախանշել եւ միասնաբար քննարկել երկու հասարակություններին հուզող հարցերը: Ոչինչ չեմ կարող ասել թուրքական խորհրդարանի մասին, քանի որ տեղյակ չեմ նրա անդամների մակարդակի մասին, սակայն կարծում եմ, որ մեր խորհրդարանը ի վիճակի չէ դա անել:

– Ի՞նչ դեր կարող են ունենալ հասարակական կազմակերպությունները եւ ԶԼՄ-ները հայ-թուրքական հարաբերությունների զարգացման հարցում:

– Անհրաժեշտ է չգերագնահատել հ/կ-ների դերը: Հ/կ-ները խիստ սահմանափակ ընդգրկում ունեն: Ավելի արդյունավետ կարող են լինել ԶԼՄ-ները, հատկապես հեռուստաալիքները: Կառաջարկեի երկու մասնավոր (թուրքական եւ հայկական) հեռուստաընկերությունների միջեւ, Եվրամիության կամ ԱՄՆ-ի աջակցությամբ, ստեղծել համագործակցություն, որի նպատակը կլինի ստեղծել օրական մեկ ժամանոց ապաքաղաքական հաղորդում հայ-թուրքական հարաբերությունների դրական, միմիայն դրական էջերի մասին եւ միեւնույն հաղորդումը նույն ժամին Հայաստանում հեռարձակել հայերեն, իսկ Թուրքիայում՝ թուրքերեն: Օրինակ՝ ամբողջ հաղորդաշար կարելի է ստեղծել հայերի ներդրման մասին թուրքական ճարտարապետության կամ թատրոնի մեջ: Կամ հայերի որոշակի մշակութային-եկեղեցական ինքնավարության մասին Օսմանյան կայսրության մեջ: Չէ՞ որ մեր հասարակությունները միմյանց մասին միայն վատը գիտեն եւ միայն վատն են լսում:

– Ձեր կարծիքով, 1915թ. Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի առկայությունը ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում նպաստո՞ւմ, թե՞ խոչընդոտում է հայ-թուրքական հարաբերությունների զարգացմանը:

– Ոչ մեկը եւ ոչ մյուսը: Որ մինչեւ 1998թ. այդ հարցը չկար ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում, հարաբերություններն ավելի՞ բնականոն էին: Թուրքիան Հայաստանը շրջափակում է 1993թ. հուլիսից, իսկ զենք, զինամթերք, ռազմական խորհրդականներ ու «գորշ գայլեր» էր մատակարարում Ադրբեջանին դեռեւս ԽՍՀՄ ժամանակներից՝ 1990թ.-ից: 1993թ. հոկտեմբերին մենք կանգնած էինք թուրքական ռմբահարման վտանգի առաջ: Ցեղասպանության հարցը պատրվակ է Թուրքիայի համար: Բուն պատճառը Թուրքիայի ձգտումն է հնարավորինս թույլ ու փոքր պահել Հայաստանը, որպեսզի հավերժացնի Հայաստանի Հանրապետության տարածքի (ԱՄՆ-ի նախագահ Վիլսոնի Իրավար վճռով «դե յուրե» Հայաստանի մաս ճանաչված տարածքների) բռնակցումը:

– Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն են եղել հայ-թուրքական հարաբերությունները մինչեւ 1915թ., ինչպիսի՞ դիրք են զբաղեցրել եւ ի՞նչ ազդեցություն են ունեցել հայերը Օսմանյան կայսրությունում:

– Հայերը Օսմանյան կայսրությունում մինչեւ 19-րդ դարի կեսերը եղել են համեմատաբար, շեշտում եմ՝ համեմատաբար, բարվոք եւ բարեկեցիկ վիճակում: Սակայն էության մեջ հայերը եղել են ռայա՝ ստրուկ, նվաճված ժողովուրդ: Բացառությամբ Ստամբուլի մի բուռ հարուստների, որոնք կազմել են հայ ժողովրդի 1%-ից էլ պակասը, մնացածները բուն Հայաստանում չեն ունեցել ոչ կյանքի, ոչ գույքի եւ ոչ էլ պատվի ապահովություն: Երբ հայերը եվրոպական առաջադիմական գաղափարների ազդեցության տակ որոշեցին Օսմանյան կայսրության իրավահավասար քաղաքացիներ լինել, դրանով իսկ ստորագրեցին իրենց մահվան վճիռը: Օսմանյան կայսրությունը չափազանց վայրենի էր, որպեսզի ի վիճակի լիներ ընկալելու իր հպատակների իրավահավասարության սկզբունքը:

– ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը ինչպե՞ս է անդրադառնում հայ-թուրքական հարաբերությունների վրա:

– Եթե կարգավորումը լինի հայերի արմատական զիջումների գնով, ապա սկզբնական շրջանում հարաբերությունները մի փոքր կբարելավվեն, սակայն հետո թուրքերը մի բան պատրվակ բռնելով (օրինակ, մի որեւէ երկրում Հայոց ցեղասպանության քննարկման հարցը)՝ նորից կսրեն հարցը:

– Ինչպիսի՞ ազդեցություն ունեն հայ-թուրքական հարաբերությունները տարածաշրջանային զարգացումների վրա:

– Էապես խոչընդոտում են Թուրքիայի ազդեցության վերջնական հաստատմանը Հարավային Կովկասում: Հայ-ադրբեջանական կամ հայ-վրացական հարաբերությունները պայմանավորված չեն հայ-թուրքական հարաբերություններով: Վրացիները եւ ազերիները հայ-թուրքական հարաբերությունները, կամ ավելի ճիշտ՝ դրանց բացակայությունը, շահարկում են իրենց շահերը առաջ մղելու համար:

– Կա՞ն, արդյոք, տարածաշրջանային հիմնահարցեր, որտեղ հայ- թուրքական շահերը համընկնում են:

– Այո, կան: Առաջին հերթին բնապահպանական եւ առողջապահական խնդիրներն են: Քանի որ շատ գետերի ջրահավաք ավազանն ընդգրկում է երկու երկրներն էլ, ուստի անհրաժեշտ են համադրված գործողություններ: Կենդանիների եւ թռչունների կողմից տարածվող տարափոխիկ հիվանդությունների դեմ կարելի կլինի պայքարել միմիայն համագործակցությամբ:

– Կա՞ն գլոբալ մարտահրավերներ, որտեղ Հայաստան-Թուրքիա շահերը համընկնում են:

– Թերեւս՝ պայքարը ահաբեկչության, մարդավաճառության (թրաֆիքինգ), թմրանյութերի տեղափոխման դեմ:

– Ձեր կարծիքով, միջազգային կառույցները կարո՞ղ են ազդել հայ-թուրքական հարաբերությունների բարելավման վրա:

– Ոչ միայն կարող են, այլեւ պարտավոր են: Օրինակ, Թուրքիայում ոչ մուսուլման փոքրամասնությունների ժառանգության պահպանման երաշխավորը, ըստ Լոզանի պայմանագրի 44-րդ հոդվածի 1-ին մասի, Ազգերի լիգան էր եւ նրա ներկա իրավահաջորդը՝ ՄԱԿ-ը: Սակայն երկուսն էլ ոչինչ չեն արել եւ չեն անում հայկական հուշարձանները նպատակային ոչնչացումից փրկելու համար:

– Ինչպե՞ս եք վերաբերվում ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը:

– Եթե Թուրքիան արձանագրի էական առաջընթաց հարեւանների հետ հարաբերություններում եւ մարդու իրավունքի ոլորտում՝ միանգամայն դրական: Եթե պիտի շարունակի քաղաքական աճպարարությունը՝ բացասական:

– Ինչպե՞ս կանդրադառնա հայ-թուրքական հարաբերությունների վրա ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունը:

– Բացասական, քանի որ փորձը ցույց է տվել, որ բոլոր այն կառույցներում, որոնց անդամակցում է Թուրքիան, վերջինս վարում է հակահայկական գործունեություն եւ չարաշահում է ձայնի իր իրավունքը, որի հետեւանքով Հայաստանի Հանրապետության անդամակցումը դրանց զգալի բարդանում է: ԵՄ-ին կա՛մ երկու երկրները պիտի անդամակցեն միաժամանակ, կա՛մ նախ Հայաստանը:

– Ինչ եք կարծում՝ այսօր Թուրքիայում եւ Հայաստանում կա՞ «թշնամու» կերպար:

– Այո, կա: Հայաստանում Թուրքիային թշնամի են ընկալում, որովհետեւ նա ցեղասպանության է ենթարկել հայերին եւ բռնազավթել է հայերի հայրենիքը: Հասկանալի չէ, ինչո՞ւ են թուրքերը թշնամի ընկալում հայերին՝ այն բանի համար, որ հայերն ուզում են, որ չարագործությունը դատապարտվի եւ հայերը հատուցում ստանան: Եթե այդպես է, ուրեմն Թուրքիան դեռ շատ հեռու է եվրոպական արժեքներից: Չի կարող Գերմանիայի նկատմամբ կիրառվել մեկ չափանիշ, իսկ Թուրքիայի նկատմամբ՝ մեկ այլ:

– Ձեր կարծիքով, անհրաժե՞շտ է ձերբազատվել «թշնամու» կերպարից:

– Իհարկե՝ անհրաժեշտ է, սակայն դժվար է ձերբազատվել «թշնամու կերպարից», երբ Թուրքիան շարունակաբար իրականացնում է թշնամական գործողություն՝ շրջափակում:

– Որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ հայ-թուրքական դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար:

– Մեկ շաբաթ, եթե Թուրքիան գնա դրան:

Հարցազրույցը՝ ՎԻԿՏՈՐՅԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ
Հելսինկյան ասոցիացիա (իրավապաշտպան հասարակական կազմակերպություն)
Կազմակերպության ղեկավարը՝ Միքայել Դանիելյան

Կազմակերպության կողմից պատասխանողի անունը՝ Արայիկ Հարությունյան

Ձեր կազմակերպության գործունեության ոլորտը. Մարդու իրավունքների պաշտպանություն

– Ինչպե՞ս եք գնահատում հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս մակարդակը:

– Խիստ բացասական:

– Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի եւ Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումները՝ երկու երկրների միջեւ հարաբերություններ հաստատելու հարցում:

– Ոչ կառուցողական:

– Ձեր կարծիքով, կա՞ տարբերություն Հայաստանի հասարակության եւ պաշտոնական դիրքորոշումների միջեւ:

– Ժամանակին այդ տարբերությունը մեծ էր, բայց հիմա պետական քարոզչամեքենայի շնորհիվ հասարակական կարծիքն ավելի համահունչ է դառնում պաշտոնականի հետ, որը բացասական եմ գնահատում:

– Ըստ Ձեզ, ո՞րն է պատճառը, որ մինչ օրս կողմերի միջեւ դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատվել:

– Մի կողմից Հայաստանի թյուրըմբռնումը Թուրքիայում, մյուս կողմից՝ հայաստանյան ամենաբարձր որոշ պաշտոնյաների համար իրավիճակի ձեռնտու լինելը, նրանց տնտեսական շահերը, ինչպես նաեւ մեր դիվանագիտական դպրոցի անգրագիտությունը:

– Ձեր կարծիքով, հայկական կողմի՝ առանց նախապայմանների սահմանի բացման վերաբերյալ նոր դիրքորոշումը որքանո՞վ է նպաստում հարաբերությունների զարգացմանը:

– Առանց նախապայմանի սահմանի բացումն ինքնին արդեն պայման է:

– Ձեր կարծիքով, ո՞ւմ է վնաս կամ ձեռնտու հայ-թուրքական սահմանի փակ լինելը:

– Միանշանակ վնաս է մեր պետությանը, նրա տնտեսության, հետեւաբար եւ ընդհանուր բարեկեցության զարգացմանը:

– Ձեր կարծիքով, այսօր ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն կողմերը՝ հայ-թուրքական սահմանի բացման համար:

– Ամեն կերպ ձգտել կրկնապատկել, քառապատկել շփումների քանակը: Երկու կողմերի մոտ բացակայում է կառուցողականությունը եւ արեւելյան համառությունը:

– Ի՞նչ կտա կողմերին հայ-թուրքական սահմանի բացումը (տնտեսական, քաղաքական, մշակութային, սոցիալական եւ այլ ոլորտներում):

– Միանշանակ՝ Հայաստանին եւ նրան հարակից թուրքական տարածքներին, որոնք տնտեսապես թերզարգացած են, թույլ կտա լուրջ առաջընթաց գրանցել տնտեսական առումով: Քաղաքական առումով սահմանի բացումը թույլ կտա կենտրոնանալ այլ բարդ խնդիրների վրա: Առավել կարեւորում եմ այս դեպքում մշակութային շփումը, որը թույլ կտա երկու ժողովուրդներին հասկանալ, որ սահմանից այն կողմ ապրում են սովորական մարդիկ, այլ ոչ թե հրեշներ, ինչպես ներկայացնում են հաճախ թե թուրքական եւ թե հայաստանյան «պատասխանատու» լրատվամիջոցները:

– Ի՞նչ բացասական հետեւանքներ կարող է ունենալ հայ-թուրքական սահմանի բացումը կողմերի համար:

– Հնարավոր է տնտեսական մրցակցության դեպքում այս կամ այն կողմի որոշ տնտեսվարող սուբյեկտներ ունենան դժվարություններ եւ նրանցից ոմանք հնարավոր է եւ փակվեն, բայց ավելի շատ սա կարելի է դրական գնահատել:

– Ձեր կարծիքով, ո՞ր ոլորտներից պետք է սկսել հայ-թուրքական հարաբերությունների զարգացումը:

– Բոլոր:

– Մշակութային երկխոսությունը կարո՞ղ է նպաստել դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը (օրինակ՝ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու վերանորոգումը):

– Դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը խոչընդոտում են հենց իրենք՝ դիվանագետները, եւ եթե երկուստեք ցանկություն չլինի՝ մշակութային երկխոսությունն էլ չի օգնի:

– Ինչ եք կարծում՝ երկու ժողովուրդների դավանանքի տարբերությունը կարո՞ղ է խոչընդոտել կամ նպաստել հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանը:

– Միանշանակ ոչ, քանի որ երկու ժողովուրդներն էլ այլ դավանանքի ժողովուրդների հետ համատեղ ապրելու փորձ ունեն, եւ դա միայն պատրվակ է երկու երկրների որոշ շրջանակներին՝ արհեստական խոչընդոտներ ստեղծելու համար:

– Երկու երկրների օրենսդիր մարմինները կարո՞ղ են նպաստել պաշտոնական հարաբերությունների հաստատմանը:

– Այո, եթե կառուցողական դիրքորոշում որդեգրեն, այլ ոչ թե միջազգային կազմակերպություններում իրար վնասող բանաձեւեր հորինեն:

– Ի՞նչ դեր կարող են ունենալ հասարակական կազմակերպությունները եւ ԶԼՄ-ները հայ-թուրքական հարաբերությունների զարգացման հարցում:

– Քանի որ ԶԼՄ-ներն այսօր մեծ դեր են խաղում հասարակական կարծիք ձեւավորելու գործում, կարծում եմ, նրանց առաքելությունը պետք է լինի թուրքի եւ հայի դրական կերպար ստեղծելու մեջ, այլ ոչ թե հակառակը: Իսկ հասարակական կազմակերպությունները պետք է համատեղ քննարկումներ անցկացնեն երկու երկրներին հուզող տարբեր թեմաների շուրջ, բայց ոչ քաղաքական: Սա դրական առումով լուրջ առաջընթացի պատճառ կարող է հանդիսանալ եւ կապացուցի, որ երկու ժողովուրդներն էլ ունեն իրենց հուզող գրեթե նույն խնդիրները:

– Ձեր կարծիքով, 1915թ. Ցեղասպանության ճանաչման հարցի առկայությունը ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում նպաստո՞ւմ, թե՞ խոչընդոտում է հայ-թուրքական հարաբերությունների զարգացմանը:

– Սա մեր դիվանագիտության ամենամեծ խնդիրներից է: Ըստ իս, Հայ Դատը սարքել դիվանագիտական հիմնական ուղղություն՝ սխալ է եւ տանում է միայն փակուղի: Անշուշտ, ցեղասպանության հարցը պետք է մնա օրակարգում, բայց այն պետք է դիտվի միայն համամարդկային արժեքների տեսակետից՝ դրա ճանաչումով հետագայում նմանատիպ ողբերգություններից խուսափելու համար:

– Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն են եղել հայ-թուրքական հարաբերությունները մինչեւ 1915թ., ինչպիսի՞ դիրք են զբաղեցրել եւ ի՞նչ ազդեցություն են ունեցել հայերը Օսմանյան կայսրությունում:

– Միանշանակ պատասխան այս հարցը չունի: Ակնհայտ է, որ հայ-թուրքական հարաբերությունները մեծապես պայմանավորված են եղել արտաքին ուժերի գործոնով, ինչպես նաեւ ազգային կուսակցությունների սխալ քաղաքականությամբ:

– Ձեր կարծիքով, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը ինչպե՞ս է անդրադառնում հայ-թուրքական հարաբերությունների վրա:

– Սա թուրքական կողմի մեծ բացթողումներից է, որ հայ-թուրքական հարաբերությունները կապվում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ: Սրանից նրանք, ըստ իս, կցանկանան ազատվել, բայց դեռ ժամանակ է պետք:

– Ինչպիսի՞ ազդեցություն ունեն հայ-թուրքական հարաբերությունները տարածաշրջանային զարգացումների վրա:

– Հայ-թուրքական հարաբերություններում եղած լարվածությունը տարածաշրջանի այլ երկրների համար դրական ազդեցություն ունի, քանի որ թե Հայաստանը եւ թե Թուրքիան այս կամ այն տարածաշրջանային պետության հետ հարաբերությունները զարգացնելով՝ ամեն կերպ փորձում է «թշնամի պետությանը» դուրս թողնել ռեգիոնալ ինտեգրացիոն ծրագրերից՝ փոխարենը գործընկերոջն առաջարկելով շահավետ պայմաններ:

– Կա՞ն, արդյոք, տարածաշրջանային հիմնահարցեր, որտեղ հայ- թուրքական շահերը համընկնում են:

– Չեմ կարծում:

– Կա՞ն գլոբալ մարտահրավերներ, որտեղ Հայաստան-Թուրքիա շահերը համընկնում են: Եթե այո, որո՞նք են:

– Այս պահին, երեւի թե, միայն էկոլոգիական եւ բնական այլ խնդիրների շուրջ համագործակցության առումով կարող են համընկնել:

– Ձեր կարծիքով, միջազգային կառույցները կարո՞ղ են ազդել հայ-թուրքական հարաբերությունների բարելավման վրա:

– Միայն հավասարակշռված դիրքորոշման դեպքում միջազգային կազմակերպությունները կարող են ազդել հայ-թուրքական հարաբերությունների վրա:

– Ինչպե՞ս եք վերաբերվում ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը:

– Միայն դրական, դրան չի կարելի խոչընդոտել:

– Ինչպե՞ս կանդրադառնա հայ-թուրքական հարաբերությունների վրա ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունը:

– Դրական, այլեւս Թուրքիան չի կարող մերժողական քաղաքականություն վարել Հայաստանի նկատմամբ, իսկ Հայաստանն ստիպված է լինելու այլեւս գործ ունենալ ԵՄ արտաքին քաղաքական մեքենայի հետ, որը միայն դրական ազդեցություն կարող է ունենալ մեր դիվանագետների վրա:

– Ինչ եք կարծում՝ այսօր Թուրքիայում եւ Հայաստանում կա՞ «թշնամու» կերպար:

– Այո, եւ որոշ շրջանակներ դա էլ ավելի են սրում:

– Ձեր կարծիքով, անհրաժե՞շտ է ձերբազատվել «թշնամու» կերպարից:

– Միանշանակ:

– Որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ հայ-թուրքական դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար:

– Մեկ օր:

Հարցազրույցը՝ ՎԻԿՏՈՐՅԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ

Դոկտոր Արդա Բաթու (Yeditepe University, Ստամբուլ)

– Ինչպե՞ս եք գնահատում հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս վիճակը:

– Փոխադարձ կերպով ապակառուցողական:

– Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի եւ Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումները՝ երկու երկրների միջեւ հարաբերություններ հաստատելու հարցում:

– Դիրքորոշումները շատ կոշտ են: Մոտ ապագայում առաջընթացի հնարավորություն չկա:

– Ձեր կարծիքով, կա՞ տարբերություն Թուրքիայի հասարակության եւ պաշտոնական դիրքորոշումների միջեւ:

– Ոչ, սակայն չմոռանանք, որ երկու կառավարություններն էլ մեծապես ազդում են հասարակական կարծիքի վրա: Հասարակական կարծիքն անփոփոխ չի մնում եւ այն փոխելն ավելի հեշտ է, քան ակնկալվում է:

– Ըստ Ձեզ, ո՞րն է պատճառը, որ մինչ օրս կողմերի միջեւ դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատվել:

– Քաղաքական համարձակության պակասը, ինչպես նաեւ հեռատեսության պակասը. կոշտ քաղաքականության բերած չնչին օգուտները փակում են փոխհամաձայնության միջոցով ստեղծվելիք մեծ հնարավորությունների ճանապարհը:

– Ձեր կարծիքով, հայկական կողմի՝ առանց նախապայմանների սահմանի բացման վերաբերյալ նոր դիրքորոշումը որքանո՞վ է նպաստում հարաբերությունների զարգացմանը:

– Թվում է, որ այն դրական քայլ է, սակայն ես դրանում տեսնում եմ «մեկ քայլ առաջ, երկու քայլ ետ» բանաձեւը: Ընդհանուր առմամբ, չեմ կարծում, որ դա ծառայում է որպես խթան՝ փոխհամաձայնության հասնելու համար: 

– Ձեր կարծիքով, ո՞ւմ է վնաս կամ ձեռնտու հայ-թուրքական սահմանի փակ լինելը:

– Տուժում են թե հայերը, թե թուրքերը. այդ պատճառով առաջին հարցին պատասխանեցի, որ իրավիճակը փոխադարձ կերպով ապակառուցողական է: Մանրամասնեմ. իրավիճակից տուժում է ՀՀ ողջ բնակչությունը, մինչդեռ Թուրքիան ավելի շատ վնասներ է կրում միջազգային ասպարեզում: Չմոռանանք նաեւ Հայաստանին սահմանակից շրջաններում բնակվող թուրքերին: 

– Ձեր կարծիքով, այսօր ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն կողմերը՝ հայ-թուրքական սահմանի բացման համար:

– Նախապայմանները պետք է մի կողմ դրվեն:

– Ի՞նչ բացասական հետեւանքներ կարող է ունենալ հայ-թուրքական սահմանի բացումը կողմերի համար:

– Թուրքիայի դեպքում՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների վրա կարող է բացասական ազդեցություն լինել: Հայաստանի համար որեւէ բացասական հետեւանքներ չեմ տեսնում: 

– Ձեր կարծիքով, ո՞ր ոլորտներից պետք է սկսել հայ-թուրքական հարաբերությունների զարգացումը:

– Տնտեսական ոլորտում հարաբերությունների հաստատմանը կհետեւեն քաղաքական եւ մշակութային ոլորտները: Մինչ այժմ հակասությունները հաղթահարելու այլ ուղին է արդյունավետ եղել:

– Մշակութային երկխոսությունը կարո՞ղ է նպաստել դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը (օրինակ՝ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու վերանորոգումը):

– Այո, բայց միայն դա բավարար չի լինի: 

– Ինչ եք կարծում՝ երկու ժողովուրդների դավանանքի տարբերությունը կարո՞ղ է խոչընդոտել կամ նպաստել հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանը:

– Դա չի կարող լրջորեն նպաստել հարաբերությունների հաստատմանը, ոչ էլ կարող է խոչընդոտել: Թուրքիան սերտ կապեր ունի, մասնավորապես տնտեսական ոլորտում, ոչ մահմեդական երկրների հետ:

– Երկու երկրների օրենսդիր մարմինները կարո՞ղ են նպաստել պաշտոնական հարաբերությունների հաստատմանը:

– Այո:

– Ի՞նչ դեր կարող են ունենալ հասարակական կազմակերպությունները եւ ԶԼՄ-ները հայ-թուրքական հարաբերությունների զարգացման հարցում:

– Հասարակական կազմակերպությունները եւ ԶԼՄ-ները կարող են կարեւոր դեր խաղալ հասարակական կարծիքի ձեւավորման ուղղությամբ՝ ինչն իր հերթին կարող է ազդել պետական պաշտոնյաների մոտեցումներին:

– Ձեր կարծիքով, 1915թ. Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի առկայությունը ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում նպաստո՞ւմ, թե՞ խոչընդոտում է հայ-թուրքական հարաբերությունների զարգացմանը:

– Դա հավանաբար ամենամեծ խոչընդոտն է հայ-թուրքական հարաբերությունների համար: 

– Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն են եղել հայ-թուրքական հարաբերությունները մինչեւ 1915թ., ինչպիսի՞ դիրք են զբաղեցրել եւ ի՞նչ ազդեցություն են ունեցել հայերը Օսմանյան կայսրությունում:

– Հայտնի է, որ պատմականորեն հայերը լայնորեն ներգրավված էին Օսմանյան կայսրության քաղաքական, հասարակական եւ մշակութային կյանքում. գոյություն ունեին ներդաշնակ հարաբերություններ: 

– Ձեր կարծիքով, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը ինչպե՞ս է անդրադառնում հայ-թուրքական հարաբերությունների վրա:

– Դա եւս մի մեծ խոչընդոտ է հայ-թուրքական հարաբերությունների համար: 

– Ինչպիսի՞ ազդեցություն ունեն հայ-թուրքական հարաբերությունները տարածաշրջանային զարգացումների վրա:

– Տարածաշրջանային զարգացումը հնարավոր է դառնում տարբեր մակարդակներում հարաբերությունների հաստատման, առեւտրի ծավալների ավելացման եւ տարածաշրջանով մեկ առեւտրի ուղիների տարածման միջոցով: Իհարկե, ներկայիս իրավիճակում դա անհնար է: 

– Կա՞ն, արդյոք, տարածաշրջանային հիմնահարցեր, որտեղ հայ-թուրքական շահերը համընկնում են:

– Տարածաշրջանային զարգացումը նպաստավոր կլիներ երկու երկրների համար էլ:

– Կա՞ն գլոբալ մարտահրավերներ, որտեղ Հայաստան-Թուրքիա շահերը համընկնում են: Եթե այո, որո՞նք են:

– Այստեղ առանձնանում է էներգետիկ ոլորտում համագործակցությունը:

– Ձեր կարծիքով, միջազգային կառույցները կարո՞ղ են ազդել հայ-թուրքական հարաբերությունների բարելավման վրա:

– Միջազգային կառույցները կարող են որոշակիորեն նպաստել, սակայն վերջ ի վերջո երկու երկրները պետք է իրենք լուծում գտնեն: 

– Ինչպե՞ս եք վերաբերվում ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը:

– Չնայած ճանապարհին առկա բարդություններին, Թուրքիայի ուղղվածությունը դեպի ԵՄ՝ դրական եմ գնահատում:

– Ինչպե՞ս կանդրադառնա հայ-թուրքական հարաբերությունների վրա ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունը:

– Դրականորեն: 

– Ինչ եք կարծում՝ այսօր Թուրքիայում եւ Հայաստանում կա՞ «թշնամու» կերպար:

– «Թշնամի» արտահայտությունը կարող է չափազանցություն լինել, սակայն բացասական կերպար հաստատ գոյություն ունի: Այնուամենայնիվ, այն ինչպես ստեղծվել է, այնպես էլ կարող է վերացվել: 

– Ձեր կարծիքով, անհրաժե՞շտ է ձերբազատվել «թշնամու» կերպարից:

– Իհարկե:

 – Որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար:

– Դա կախված է ներքին եւ միջազգային զարգացումներից: Բայց հաստատ շատ ժամանակ եւ աշխատանք կպահանջվի:

Հարցազրույցը՝ ԷՔԻՆ ՈՒՐՋԱՆԻ

Սույն հրատարակությունը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի նվիրատվության շնորհիվ, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) աջակցությամբ, որի բովանդակության համար պատասխանատու է Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը: Այստեղ արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ համընկնեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ ԱՄՆ կառավարության տեսակետներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել