Լրահոս
Օրվա լրահոսը

Յոթ եղբայրներից երեքը հետապնդվում են

Մարտ 29,2008 00:00

«Արմավիրի մարզի ոստիկաններից մեկը, որը մարտի 1-ին եղել էր հանրահավաքում՝ ցուցմունք է տվել, որ հեռվից՝ 150 մետրից, երբ ինքը կասկայով էր՝ տեսել է նրան,- իրավագետ Հովակիմ Բաբայանն այսպես ներկայացրեց Արմավիրի մարզի բնակիչ Մկրտիչ Աբրահամյանի կալանավորման պատմությունը:- Դրա հիման վրա մարտի 9-ի առավոտյան ժամը 8-ին մտել էին նրա տուն եւ առանց դատարանի խուզարկության վերաբերյալ որեւէ թույլտվության՝ խուզարկել բնակարանը, քանդել ամեն ինչ՝ անկողինները եւ նույնիսկ կնոջ անձնական իրերը: Հետո Մկրտիչին տարել էին իրենց հետ, պահել 30 ժամ: Բայց Արմավիրի ոստիկանության բերման ենթարկվածների հաշվառման մատյանում գրանցել են, թե 14.20 են բերման ենթարկել նրան: Սա արդեն իսկ խախտում է. մարդուն առավոտվա ժամը 8-ից մինչեւ 14.20-ը պարզ չէ, թե ուր են տարել եւ ինչպես են պահել: Սա արդեն իսկ մարդու իրավունքների խախտում է: Մկրտիչ Աբրահամյանը ծեծի է ենթարկվել: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խումբը մարտի 12-ին այցելել էր Արմավիրի մարզային վարչության Արմավիրի բաժին եւ հանդիպել Մկրտիչին: Նա ասել էր, թե խնդիր չունի ոստիկանների հետ՝ այդ մարդիկ իր ընկերներն են, որոնք իրեն գիշերը բաց են թողնում՝ տուն է գնում, առավոտյան նորից գալիս է: Մկրտիչը խաբել էր: Հետո փաստաբանի հետ հանդիպման ժամանակ խոստովանել էր, թե իրեն ծեծի էին ենթարկել ու ստիպել, որ այդպես ասի»: Հովակիմ Բաբայանը նաեւ ենթադրություն հայտնեց, որ Մկրտիչի նկատմամբ հետապնդումները պայմանավորված են նրա եղբոր՝ Պողոս Աբրահամյանի հանգամանքով, որն Արմավիրում «Հանրապետություն» կուսակցության անդամ է, դրանից առաջ անդամակցել է ՀՀՇ-ին: Պարզվեց, որ մարտի 1-ի հանրահավաքին մասնակցելու համար բերման էին ենթարկել նաեւ Աբրահամյան եղբայրներից կրտսերին՝ Վրեժին: «7 եղբայր են, որոնցից մեկը կալանավորված է, մյուսը՝ Վրեժը, հարցաքննվում է որպես վկա, իսկ Պողոս Աբրահամյանը, ըստ իր հարազատների, գտնվում է հետախուզման մեջ»,- պատմեց փաստաբան Ռոբերտ Մարտիրոսյանը, որը զանգվածային անկարգությունների վերաբերյալ 225 հոդվածի 2-րդ մասով մեղադրվող Մկրտիչ Աբրահամյանի պաշտպանն է: Ռոբերտ Մարտիրոսյանը նշեց, թե իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը որոշակիացված չէ. «Քննիչներն արտագրել են մի ֆաբուլա, որը երեւի գլխավոր դատախազությունն է մշակել»: Եվ հավելեց. «Բայց իրենց նկարագրած ոչ մի փաստ էլ չի համապատասխանում ո՛չ Մկրտիչ Աբրահամյանի, ո՛չ եղբոր, ո՛չ էլ այս գործով անցնող շատ մեղադրյալների կատարած գործողություններին: Իրավական գնահատականը ճիշտ չէ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել