Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՏԵՐՅԱՆՑԻՆԵՐԻՆ ԷԼ ԿՎՏԱՐԵՆ

Մարտ 29,2008 00:00

Երեւանի քաղաքապետարանի ԾԻԳ-ը մինչեւ ապրիլի 1-ը Տերյան 127 եւ 131 շենքի բնակիչներին ժամանակ է տվել պայմանագրեր կնքել «Ռեգիոն Ինվեստ» ՍՊԸ-ի հետ, հակառակ դեպքում՝ իրենց բնակարաններից կվտարվեն: Հիշեցնենք, որ, կառավարության որոշմամբ, վերոնշյալ հասցեները ճանաչվել են պետության բացառիկ գերակա շահ: Այդ հատվածում շինարարություն պետք է իրականացնի «Ռեգիոն Ինվեստ» ՍՊԸ-ն, որն էլ բնակիչներին խոստացել էր նոր էլիտարները կառուցելուց հետո բնակիչներին վերաբնակեցնել, ապա նոր 127 եւ 131 շենքերը քանդել: «Մենք հրաժարվում ենք այդ ընկերության հետ պայմանագիր կնքել, քանի որ հիմա էլ ասում են, թե շենքն առայժմ հնարավոր չէ կառուցել, ընդ որում՝ շենքի նախագիծ էլ չունեն, որ գոնե համոզված լինենք՝ թեկուզ 2 տարի հետո շենքը անպայման կկառուցվի: Հիմա էլ պայման են դրել. եթե չկնքենք պայմանագիրը, մեզ դատարանի միջոցով են վտարելու»,- «Առավոտին» դժգոհեցին Տերյան 127 եւ 131 շենքի բնակիչները: Նրանց պատմելով՝ «Ռեգիոն Ինվեստը» բնակիչներին առաջարկել է ժամանակավոր բնակարաններ վարձել, ընդ որում՝ ընկերությունն ինքը պետք է ընտրի, թե քաղաքի որ մասում եւ ինչ բնակարան է պետք. «Հիմնականում ծայրամասերում են վարձում այդ տները, ինչին մենք համաձայն չենք: Իսկ եթե հրաժարվում ենք, գումարն են տալիս՝ 50-70 հազար դրամ: Այդքան չնչին գումարով կենտրոնում հնարավոր չէ բնակարան վարձակալել: Բացի այդ, գները անընդհատ բարձրանում են, եթե այսօր կնքենք պայմանագիրը, ի՞նչ իմանանք՝ 2 տարում ինչքան կլինի վարձը: Գոնե 100 հազար դրամ տան»: Բնակիչների հավաստմամբ՝ «Ռեգիոն Ինվեստի» հետ պայմանագիր չեն կնքում նաեւ այն պատճառով, որ այդ ընկերության համար ոչ պետությունը, ոչ էլ որեւէ ընկերություն երաշխիք չի տալիս, որ սնանկացումից ապահովագրված է, որպեսզի նման դեպքում մարդիկ անտուն չմնան:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել