Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՇՈՊԵՆԸ ՀԱՐԱԶԱՏ Է ՀՈԳԵՎԻՃԱԿԻՍ»

Մարտ 29,2008 00:00

«Ա. Խաչատրյան» համերգասրահում մարտի 7-ին նախատեսված համերգը՝ նվիրված Կանանց միջազգային օրվան, որը հետաձգվել էր արտակարգ դրության պատճառով, կայացավ երեկ: Դեռեւս փետրվարի կեսերից այս համերգի առիթով ոգեւորություն էր նկատվում մասնագետների շրջանում:«Առավոտի» հետ զրույցում նրանք միաձայն նշում էին հաճախակի չերեւացող երիտասարդ դաշնակահարուհի Մարինա Գեւորգյանի ոչ միայն բարձրակարգ արվեստագետ լինելը, այլեւ՝ մարդկային որակները: Մարինայի կարիերան մեծ բեմում սկսվել է 1997թ.: Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ (դիրիժոր՝ Ռ. Ասատրյան) դաշնակահարուհին երեկ հանդես եկավ Շոպենի դաշնամուրի 1-ին կոնցերտի կատարումով: «Առավոտի» այն հարցին՝ ինչո՞ւ այլեւս TV-ով չի վարում «Էլիտար շրջան» երաժշտական հաղորդաշարը, Մ. Գեւորգյանը պատասխանեց, որ դա կապված է հովանավորների հետ եւ հույս ունի, որ շուտով այն կվերսկսվի. «Հաղորդաշարի շրջանակներում մեկ անգամ անցկացրի «Էլիտար սերունդ» պատանի երաժիշտների առաջին հեռուստատեսային մրցույթը՝ Երեւանի եւ Էջմիածնի երաժշտական դպրոցների սաների մասնակցությամբ: Եթե ամեն ինչ լավ ընթանա, երկրորդ մրցույթում կաշխատեմ ընդարձակել աշխահագրությունը»: Մասնագետների այն մտահոգությանն էլ, թե ինչո՞ւ դաշնակահարուհին հաճախ հանդես չի գալիս մենահամերգներով, մեր զրուցակցի պատասխանը հակիրճ էր. «Չնայած մեծ ցանկությանս, կարծում եմ, որ արվեստագետը պետք է սպասված լինի թե մասնագետների, թե հանդիսատեսի կողմից»: Հայաստանյան TV-ներով դասական երաժշտության ոչ պատշաճ լուսաբանման (եթե չասենք՝ դրա լրիվ բացակայության) պատճառով հաճախ լսել ենք խոսակցություններ, որոնցում ունկնդիրն է արդեն հարց բարձրացնում, թե ինչո՞ւ մեր երաժիշտներն իրենց ծրագրերում հաճախ չեն ընդգրկում հայ կոմպոզիտորների երկեր: Այս առիթով Մ. Գեւորգյանը հավաստիացրեց, որ իր նվագացանկում կան Կոմիտասի մանրանվագներից մինչեւ մերօրյա, ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ: Ինչ վերաբերում է երեկվա համերգին դաշնակահարի կողմից հնչեցրած Շոպենին, արվեստագետն ասաց. «Շոպենի հատկապես 1-ն կոնցերտի կատարումը երազանքներիցս մեկն էր: Վերջին շրջանում իմ ներսում չարի ու բարու պայքար է գնում, այնպես որ, այդ գործն արտահայտում է իմ հոգեվիճակը: Հարազատներիս, բարի կամեցողներիս շնորհիվ կարողացա դուրս գալ ստեղծված վիճակից ու, չգիտես ինչու, վստահ էի, որ տոն կպարգեւեմ նաեւ ունկնդրիս»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել