Լրահոս
Օրվա լրահոսը

«Բիշարյանն էլ դոշիցդ կախ»

Մարտ 29,2008 00:00

Այս տողը գրելով Կարապետիչը ՕԵԿ փոխնախագահին նկատի է ունեցել ընդամենը որպես շքանշան

«Փաստարկ» ակումբի երեկվա հյուրը ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանն էր, թեման` ընտրություններից հետո ստեղծված ներքաղաքական իրավիճակը: Խոսելով քաղաքական զարգացումներից, բանախոսը նշեց, որ պետք չէ ամեն ինչ կապել ընտրությունների հետ: Ըստ նրա, այսօր քաղաքական համակարգում կան բազմաթիվ խնդիրներ, որոնք համալիր առումով ազդում են ներքաղաքական կյանքի ու ընդհանուր մթնոլորտի վրա: «Արդեն 16 տարի է՝ հասարակությունը ակնկալում է քաղաքական որոշումներ: Վերեւից քաղաքական կամք չի դրսեւորվում: Իսկ առաջին դեմքը չի կարողանում այնպես անել, որ մարդիկ բոլոր ոլորտներում գոհ լինեն: Նորընտիր նախագահը պետք է քաղաքական կամք դրսեւորի, ձերբազատվի օլիգարխներից եւ այն մարդկանցից, ովքեր օգտվում են պետության թուլությունից: Նա նաեւ ընդդիմության հետ պետք է նստի երկխոսության, որովհետեւ պետության մեջ ընդդիմությունը մեկուսացված չպետք է լինի. պետականությունը միայն իշխանավորների համար չէ»,- կարծում է Կարապետիչը:

ԺԿ նախագահի խոսքերով, եթե իշխանություն-ընդդիմություն երկխոսությունը կայանա, ապա ընդդիմությունը առաջ կբերի երկու հարց՝ լուծել «մեկուսացված մարդկանց խնդիրը» եւ լուծարել խորհրդարանը: Տ. Կարապետյանի համոզմամբ, նոր կառավարությունն այսպիսին պիտի լինի. «Վարչապետը ոչ մի դեպքում չպետք է լինի ՀՀԿ անդամ, որովհետեւ բոլոր ոլորտները չեն կարող պատկանել մի կուսակցության կամ էլ կոալիցիայի անդամներին… Հայաստան երկիրը միայն կոալիցիայի համար չէ»:

Դառնալով ՕԵԿ անդամ Հեղինե Բիշարյանի՝ օրերս արած այն հայտարարությանը, թե Տիգրան Կարապետյանը պատասխան է տալու ՕԵԿ-ի մասին ծաղրական բանաստեղծություն գրելու համար, բանախոսն ասաց. «Ասուլիսի ժամանակ հարգարժան Հեղինե Բիշարյանի պահվածքը ոչ թե ԱԺ պատգամավորի էր հատուկ, այլ ԺԵԿ-ի աշխատողի: Եթե նրանք (նկատի ունի «Օրինաց երկիրը»- Ե.Հ.) ցանկանան ինձ հետ դատավարության մեջ մտնել, շատ շնորհակալ կլինեմ, որովհետեւ պարծանք է չարի դեմ պայքարելը… Իսկ գրելով «Բիշարյանը Արթուրի դոշից է կախ»՝ նկատի եմ ունեցել ոչ սեռական պատկանելությունը, այլ Բիշարյանին՝ իբրեւ շքանշան: «Դոշից կախ» ասվածը պետք է հասկանալ քաղաքական առումով, ոչ թե ընդունել յուրովի: Չգիտեմ, թե ով ում դոշից է կախ կամ թե՝ ով ինչից է գրգռվել, կրկնում եմ՝ ասվածի մեջ միայն քաղաքական ենթատեքստ կա, այնպես որ՝ թող ոչ ոք իրեն վատ չզգա»:

Լրագրողներից մեկի դիտարկմանն էլ՝ արդյո՞ք Տ. Կարապետյանը տարօրինակ չի համարում, որ Հ. Բիշարյանը պատասխանատվություն չի պահանջում ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանից, որն ազգային դավաճան էր որակել ՕԵԿ-ի ղեկավարին, Կարապետիչն ասաց. «Այս մասին Սերժ Սարգսյանը ասել էր, որ ինքը համակարծիք չէ նախագահի հետ, բացի այդ, ՕԵԿ նախագահն իր ապագան կապել է ոչ թե Ռոբերտ Քոչարյանի, այլ նորընտիր նախագահի հետ»: Տ. Կարապետյանի խոսքերով՝ ինքն ակնկալում է, որ նորընտիր նախագահը, հասկանալով իրավիճակի լրջությունը, կտրուկ քայլեր կձեռնարկի. «Գալուստ Սահակյանը, որը միշտ առաջին աղավնին է այդ խնդիրներում, ասաց, որ վարչապետը չի լինելու ՀՀԿ անդամ, դա արդեն ուրախալի է: Կարծում եմ, որ այդ պաշտոնում կլինի չեզոք դեմք: Օրինակ, ինքս երբեք չեմ համաձայնի լինել վարչապետ, կհամաձայնեմ միայն Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնին, որովհետեւ ես սրտով մարդկանց իրավունքների պաշտպան եմ»: Դառնալով Հյուսիսային պողոտայում անտեղի ձերբակալվածներին, բանախոսն ասաց. «Ես չեմ կարող կոմպետենտ օրգանների փոխարեն խոսել… գուցե կա ինչ-ինչ լարվածութուն, որը երեւի այդ միջոցներով փորձում են կանխել»: Խոսելով քաղաքական դաշտի եւ որոշ հանձնաժողովների նախագահներին փոխելու մասին, բանախոսը հայտնեց, որ եթե, օրինակ, իր կարծիքը հաշվի առնվեր, ապա. «Ես խնդիր կբարձրացնեի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մասին: Այն բոլոր հանձնաժողովներից ամենաանբարոյականն է»:

Տ. Կարապետյանը երեկ հայտնեց, որ մայիսին լույս կտեսնի իր երկրորդ գիրքը՝ նվիրված քաղաքականությանը, որի շնորհանդեսին սիրով հրավիրեց լրագրողներին. «Իսկ այն պերսոնաժները, որոնք ներառված կլինեն իմ տողերում, նույնիսկ առանց հրավերի իրավունք ունեն ներկա գտնվելու գրքիս շնորհանդեսին»: Նա նաեւ հավելեց, որ իր հերոսները դառնալու «հերթի մեջ» են ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը, նախագահ Ռոբերտ Քոչարյանը, նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը: Կարապետիչը երեկ իր բանաստեղծություններից մեկից մեջբերելով «Իսկ սատարող գորտն ու օձը նորից մտան ԱԺՄ-ի ծոցը» տողը՝ ասաց, որ այն էլ նվիրված է Վազգեն Մանուկյանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել