Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞Վ Է ՄԵՂԱՎՈՐ ԲԼԵՖԻ ՀԱՄԱՐ

Մարտ 29,2008 00:00

Բաց նամակ ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանին, ՀՀ վարչապետ Ս. Սարգսյանին, ԿԳ նախարար Լ. Մկրտչյանին, ԳԱԱ նախագահ Ռ. Մարտիրոսյանին եւ ՀՀ գիտպետկոմի նախագահ Ս. Հարությունյանին:

Հանրապետության գիտության համակարգի խնդիրների ու կարիքների մասին 2006-ից սկսած՝ շատ է գրվել եւ խոսվել: Թվում էր, որ ԶԼՄ-ներում տեղ գտած հրապարակումները պետք է հանգեցնեին եթե ոչ արմատական բարեփոխումների, ապա գոնե պետք է զգաստացնեին գիտության ոլորտի «կոմբինատորներին»՝ զսպելու իրենց ախորժակը եւ թեկուզ ժամանակավորապես հրաժարվելու միայն իրենց մտքի թռիչքին արժանի նախաձեռնություններից: Բայց արի ու տես, որ քանի դեռ իշխանությունները խիզախություն չեն ունեցել կամ, ավելի շուտ, չեն ցանկացել իրերը կոչել իրենց անունով, ապա պետբյուջեից գիտությանը հատկացվող առանց այն էլ սուղ միջոցները ոչ միայն շորթվում են հայկական գիտության «կոմբինատորների» կողմից, այլեւ վերջիններս անպատժելի ցինիզմով իրենց տգիտության մակարդակի խաբեբայությունը ներկայացնում են որպես գիտակազմակերպչական մեծ ձեռքբերում՝ թերեւս հաջորդ խաբեբայության նպատակով:

Մեր գիտական այրերը, հիմնվելով եվրոպական ուսումնասիրությունների վրա, համառորեն համոզում են հարկատուներին, որ նրանք պարտավոր են գիտությանը հատկացնել առնվազն ՀՆԱ–ի 1%–ը, եթե ակնկալիք ունեն հայրենի գիտությունից ստանալ որեւէ դրական ազդեցություն երկրի տնտեսական զարգացման վրա: Դա իսկապես այդպես է, բայց՝ Եվրոպայում եւ ոչ թե Հայաստանում: Հայաստանի դեպքում, թերեւս, 50%–ն էլ չի բավարարի:

Խոսքը վերաբերում է, օրինակ, թեկուզ այն գրավոր արձանագրությանը, որը 2007 թ. հրատարակվել է ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչությունում եւ կոչվում է «Հայաստանի բնական հումքից նոր հատկություններով օժտված նյութերի ստացում»: Ծրագրի համակարգողը ՀՀ ԳԱԱ քիմիական եւ երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս–քարտուղար, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ա. Շահինյանն է: Արձանագրությունն ըստ պատշաճի ստացել է համապատասխան բիբլիոմետրիկ բնութագրիչներ, ինչից կարելի է եզրակացնել, որ այն որպես գրադարաններում պահպանվող գրավոր աղբյուր, դեռեւս մի քանի հարյուրամյակ համայն աշխարհին ցույց կտա մեր տգիտությունն ու այն ցինիզմը, որով մսխել ենք ինչպես գիտությանը տրամադրված ֆինանսական սուղ միջոցները, այնպես էլ հայ գիտնականի վարկն ու մասնագիտական տարրական արժանապատվությունը: Այս մեծագույն բլեֆի եւ ֆինանսական սուղ միջոցների յուրացման փաստի ապացուցման նպատակով (ընդամենը մի քանի օրինակի վրա) խնդրում ենք ՀՀ ԳԱԱ իսկական եւ կիսատ անդամներին, ինչպես նաեւ աշխարհում մեծ համբավ ունեցող հայկական քիմիական գիտությունների «հեղինակություններ» հանդիսացողներին՝ հուշել, թե. կոնդեսացված–բութանոլիդային եւ օքսիրանային օղակներ պարունակող համակարգերի սինթեզը եւ ստացված միացությունների որոշ քիմիական փոխարկումները, ֆունկցիոնալ տեղակալված քինոլինի բազայի վրա O-, N-, S-պարունակող տարբեր համակցված հետրոցիկլերի սինթեզ, պոտենցիալ հակաբակտերիալ հատկություններով օժտված միացությունների սինթեզ ու ուսումնասիրություններ եւ նման այլ աշխատանքներում ի՞նչն է Հայաստանի բնական հումքից վերցրած՝ թթվածի՞նը, ջրածի՞նը, ազո՞տը կամ գուցե հիշատակված քիմիական կառույցների օղակնե՞րը, որոնք «հագցվել» են հայկական գիտության վզին: Կամ ի՞նչ նուրբ առնչություններ ունեն Հայաստանի բնական հումքի հետ տարբեր բնույթի պոլիմերային նանոկոմպոզիտների միջֆազային տիրույթի կառուցվածքը, պլազմային մեթոդով լեգիրացված նանոկառուցվածքային պոլիմերանման եւ ալմաստանման ածխածնային թաղանթների սինթեզումը ապակիների մակերեւույթին, հարթ կոճով մեթոդի կիրառումը՝ նանոֆիզիկական հետազոտություն իրականացնող սարքեր ստեղծելու նպատակով եւ այլն…

Նշենք, որ այս բացահայտ բլեֆն առանց մեծ ջանքերի թույլ է տալիս եզրակացնել, որ նմանատիպ «կերակրատաշտակների» խրախուսման քաղաքականությամբ Հայաստանի գիտության վարկը հասարակության մեջ անընդհատ կընկնի՝ բոլորը չէ, որ հիմար են, էլ չենք խոսում միջազգային գիտական հանրության մասին: Կարելի է, ավելի շուտ՝ անհրաժեշտ է նշված գրքույկը գիտական անկախ փորձաքննության ենթարկել, քանի որ այս բլեֆի վրա ծախսվել է …ավելի քան 100 միլիոն դրամ:

Առաջարկություն եւ խնդրանք հանրապետության իշխանություններին՝ պարզել, թե ո՞վ կամ ո՞ր կառույցն է ֆինանսավորել, այսինքն՝ քամուն տվել պետության սուղ միջոցները, եւ ի՞նչ պատճառներով՝ սեփական տգիտությունի՞ց, թե՞ անձնական շահերից ելնելով: Առաջարկում եմ վերանայել գիտության բնագավառում նմանատիպ կերակրատաշտակներ ստեղծող քաղաքականությունն ընդհանրապես, մանավանդ որ այն ծաղկում է ապրում մեր հանրապետությունում հատկապես վերջին մի քանի տարիներին:

Եվ, վերջապես, հարկ է հրապարակել, թե այս բլեֆի համար հատկացված մոտ 100 միլիոն դրամից ով՝ ինչքան է ստացել եւ ինչի վրա են ծախսվել այդ միջոցները: Համոզված եմ, որ արտահայտված կարծիքը կկիսեն բազմաթիվ այլ գիտաշխատողներ, որոնք դեռեւս ունեն «Հայաստանի բնական հումքից», բայց ոչ «նոր հատկություններով» մասնագիտական արժանապատվության թեկուզ եւ մեկ մոլեկուլ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել