Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թեեւ ԵԿՄ-ում սովորական եռուզեռ էր…

Մարտ 29,2008 00:00

«Երկրապահ» կամավորական միության նախագահ Մանվել Գրիգորյանը, նախագահական ընտրություններում իշխանություններին չհնազանդվելու եւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարելու պատճառով, հայրենի իշխանությունների ճնշմամբ գտնվում է տնային կալանքում:

Այս տեղեկությունները, երկրապահներից ոմանց գնահատմամբ, ստահոդ են, եւ Մ. Գրիգորյանը, ըստ նրանց, ազատ է իր գործողություններում: Այդուհանդերձ, պետական իշխանությունը յուրացնելու մեղադրանք է առաջադրվել ԵԿՄ միության փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Մյասնիկ Մալխասյանին եւ վերջինս գտնվում է «Երեւան-Կենտրոն» մեկուսարանում: Նշենք նաեւ, որ տարբեր մեղադրանքներով ԱԱԾ մեկուսարանում են գտնվում ԵԿՄ-ից անջատված, բայց իրենց երկրապահներ համարող «Ոգու փորձություն» հ/կ-ի նախագահ, ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը եւ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը:

Թեեւ այժմ ԵԿՄ-ում աշխատանքային սովորական եռուզեռ է, «Առավոտի» հետ զրուցած երկրապահները անասելի ցավով էին փաստում, որ իրենց մարտական ընկերները գտնվում են անազատության մեջ: Նրանց բաժին հասած ճակատագրերի համար երկրապահները մեղադրեցին հայրենի իշխանություններին՝ արցախյան պատերազմի հերոսների նկատմամբ ցուցաբերած ոչ մարդկային վերաբերմունքի համար: Ըստ էության, բազմակուսակցական ԵԿՄ-ի հատկապես այն անդամներն են դատապարտվում, որոնք նախագահական ընտրություններում հստակ կողմնորոշում են ունեցել՝ պաշտպանել Լ. Տեր-Պետրոսյանին: Շարքային երկրապահները վիրավորված են ՊՆ համակարգի ԵԿՄ վարչության հատկապես այն գեներալ-գնդապետ անդամներից, որոնք, թեեւ վարչության անդամ ընտրվել են համագումարի միջոցով, քաղաքական զարգացումների արդյունքում դադարեցրին իրենց անդամակցությունը ԵԿՄ-ին՝ «որոշ երկրապահների՝ «Երկրապահին» ոչ վայել գործունեություն ծավալելու» պատճառաբանությամբ: Երկրապահները ափսոսանքով էին հիշում, որ մարտի 1-ի լուսաբացի ջարդարարների մեջ եղել է նաեւ ԵԿՄ վարչությունից դուրս եկած գեներալ-մայոր Հայկազ Բաղմանյանը:

ԵԿՄ-ի գրասենյակից տեղեկացրին նաեւ, որ առաջիկայում անդրադառնալու են վարչությունից դուրս եկած բարձրաստիճան զինվորականների դիրքորոշմանը, եւ վարչությունն իր գնահատականը անվերապահորեն տալու է այդ երեւույթին:

Ըստ «Առավոտի» աղբյուրի՝ ԵԿՄ շուրջ 20 անդամ հունվարից մինչեւ այժմ ձերբակալվել է, հարյուրավոր երկրապահներ էլ, առանց իրավական հիմքերի, պարբերաբար «հրավիրվել» են ոստիկանության տարածքային բաժանմունքներ, հարցաքննվել եւ բաց թողնվել՝ մեկ ժամից ընդհուպ երկու օր ոստիկանության բաժիններում պահվելով: Երկրապահներից մի քանիսը թաքնվել են իրավապահ մարմիններից եւ գտնվում են հետախուզման մեջ: Նույնիսկ Գեղարքունիքի մարզի դատական իշխանությունները հասցրել են մարտի 26-ի դատավճռով երկու տարվա ազատազրկման դատապարտել Գավառի ԵԿՄ բաժանմունքի նախագահ Ավետիք Ղռջյանին՝ ապօրինի զենք ունենալու եւ այն թաքցնելու մեղադրանքով: Երեկ ընթանում էր Արաբկիր համայնքի ԵԿՄ բաժանմունքի նախագահ Հովիկ Հարությունյանի (զենք-զինամթերք ունենալու մեղադրանքով) եւ Թալինի հայտնի միջադեպի մասնակից երկրապահների դատավարությունը: Հիշեցնենք, որ հունվարի 29-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Թալինի նախընտրական շտաբի անդամներ Ժորա եւ Մկրտիչ Սափեյանները, Հայկ Գեւորգյանը եւ Տիգրան Բաղդասարյանը կանխել էին Թալինում նախընտրական հանդիպման ժամանակ Ս. Սարգսյանի աջակից Սարգիս Կարապետյանի կողմից կազմակերպված սադրանքը: Սակայն, դատավոր Մանուկ Մարգարյանի նախագահությամբ, դատավարությունն անընդհատ հետաձգվում է՝ մեղադրյալներից ոմանց առողջության հետ կապված խնդիրների պատճառով: Ի տարբերություն մյուս մարզերի, հիմնականում Արագածոտնի մարզի երկրապահներն են բռնի ճնշումների ենթարկվում, քանի որ վերջիններս բացահայտ են պաշտպանել Լ. Տեր-Պետրոսյանի թեկնածությունը:

ԵԿՄ վարչությունն առաջիկայում զբաղվելու է այն տարածքային բաժանմունքների խնդիրներով, որոնց ղեկավարները կալանքի տակ են:

 Հ. Գ. Ի դեպ, մայիսի 8-ին նշվելու է Երկրապահի օրը: «Ամեն տարի Գագիկ Ջհանգիրյանը մեզ հետ էր լինում այդ օրը: Տեսնես այս տարի ինչպե՞ս կնշվի ու կանցնի այն»,- հարց էին տալիս շարքային երկրապահները: Այդ օրը սպասում են ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել