Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԶԲՈՍՆԵԼՈՒ ԻՐԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Մարտ 29,2008 00:00

\"\"Համբուրվելը իրավակա՞ն, թե՞ քաղաքական կատեգորիա է

Մարտի 18-ին ՀՀ Ազգային ժողովը փոփոխություններ կատարեց «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ գործող օրենքում: Այն ուժի մեջ պետք է մտներ 10 օր հետո, սակայն անմիջապես գործողության մեջ մտավ: Ուշադրության արժանի է այն, որ օրենքն ուժի մեջ մտնելու ժամանակ մայրաքաղաքում արտակարգ իրավիճակի ռեժիմ էր հայտարարված:

Բացի խորհրդարանական «Ժառանգություն» խմբակցությունից, վերոհիշյալ օրենքում կատարված փոփոխությունների հետեւանքների մասին խորհրդարանական որեւէ խումբ, խմբակցություն, պատգամավոր՝ չարձագանքեց: 90 եւ ավելի ձայնով օրենքն անցավ, դեմ քվեարկեցին «Ժառանգությունն» ու անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը:

Հանրահավաքների անցկացումն անթույլատրելի կարող է դառնալ այն դեպքում, երբ «ըստ հավաստի տվյալների», դրանք ուղղված են սահմանադրական կարգը բռնի տապալելուն, ազգային, ռասայական, կրոնական ատելություն սերմանելուն, այլոց սահմանադրական իրավունքների ոտնահարմանը: Օրեր առաջ մեր զրույցի ժամանակ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն ասաց, որ ուսումնասիրում են մի շարք երկրների նմանատիպ օրենքները: Մասնավորապես, Էստոնիայի օրենքով արգելվում են այն հանրահավաքները, որտեղ «քաղաքական թշնամանք» կարող է լինել, Ռումինիայի օրենսդիրները սահմանել են հանրահավաքների ազատություն, նաեւ՝ թույլատրվում է այն հանրահավաքը, որը, ըստ կազմակերպիչների, կլինի «խաղաղ եւ քաղաքակիրթ»:

Վերջին օրերին ՀՀ ոստիկանության բաժիններ են տարվում մարդիկ (հիմնականում Հյուսիսային պողոտայից), որոնք պնդում են, թե խաղաղ զբոսանքի էին դուրս եկել: Միայն նախորդ օրը, «Լռակյաց զբոսանքի» առթիվ 50 անձ էր տարվել ոստիկանություն, որոնց, ըստ ՀՀ օմբուդսմենի, պահել էին բերման ենթարկելու ժամից ավելի՝ 3 եւ ավելի ժամեր: Ի դեպ, ըստ ՀՀ ոստիկանության պաշտոնական տվյալների, նախորդ օրը բաժիններ էր տարվել 25 ակտիվիստ:

Օմբուդսմենը նշել էր, որ «ոչ ռացիոնալ է օգտագործվում օրենքի տառը»: Խոսքն այն մասին է, որ զբոսնելը, եթե զուգորդվում է կոչերով, բարձր արտահայտություններով, համարվում է քաղաքական միջոցառում կամ էլ վերջերս շրջանառության մեջ դրված բառակապակցություն՝ «քաղաքական զբոսանք»: Ոստիկաններն ասում են, որ պատահական «զբոսաշրջիկներ» բաժիններ չեն տարվում, մինչդեռ ընդդիմադիրները հակառակն են պնդում, փաստելով, թե բերման են ենթարկվում մարդիկ, որոնք պարզապես զբոսնում են:

ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Կարեն Մեժլումյանն «Առավոտի» հետ զրույցի ժամանակ ասաց, որ վերոհիշյալ օրենքի 2-րդ հոդվածը սահմանել է «հրապարակային միջոցառում» հասկացությունը, ըստ որի՝ ընդհանուր օգտագործման տարածքներում տնտեսական, սոցիալական, քաղաքական, հոգեւոր եւ այլ պահանջների, հարցերի վերաբերյալ իրենց կարծիքն արտահայտելու, տեղեկություններ կամ գաղափարներ փնտրելու, տարածելու նպատակով անցկացվող խաղաղ ժողովները (անգամ շքերթները), երթերը, հանրահավաքները կամ ցույցերը համարվում են հրապարակային միջոցառում: Ըստ փաստաբանի, երթը հրապարակային միջոցառման տարատեսակներից մեկն է: Սահմանված է նաեւ, թե ինչ է նշանակում երթ բառը: Այն, իրավաբան Մեժլումյանի տեղեկացմամբ՝ «մեկ վայրից մյուսը շարժվելու միջոցով իրականացվող միջոցառում է»: Ի դեպ, երթը կարող է լինել տրանսպորտային միջոցներով: Երթ կոչվելու համար, ըստ իրավաբանի, պետք է նպատակ դրվի տնտեսական, հոգեւոր հարցերի վերաբերյալ վերոհիշյալ պահանջների բավարարումը: Եթե այլ նպատակներով է, որը պարզ չէ, ապա դա երթ համարվել չի կարող: Ի դեպ, նա ասաց, որ եթե երեւույթը դիտվում է ապօրինի, ապա, ըստ օրենքի, ոստիկանները պետք է նախ որոշում կայացնեն, այն փոխանցեն կազմակերպչին, ապա ողջամիտ ժամկետում ցրեն մասնակիցներին:

Ըստ ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի. «Զբոսանքն իսկապես քաղաքական զբոսանք է, ի վերջո՝ մարդիկ կարիք ունեն իրար հետ հանդիպելու, իսկ օրենքում չկա արգելք՝ զբոսնելու հետ կապված: «Քաղաքական զբոսանք» բառակապակցությունը իշխանությունները շրջանառության մեջ դրեցին, որպեսզի երանգավորեն օրենքի դրույթները, կցեն-կցմցեն եւ արգելեն: Օրենքի ընդունումն առհասարակ ապօրինի էր»: ԱԺ պետաիրավական հարցերով հանձնաժողովի անդամ, անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն «Առավոտին» ասաց.«Անգամ ամենաուժեղ ֆանտազիա ունեցող մարդը չէր կարող պատկերացնել, որ մի երկրում կարելի է մարդուն ձերբակալել զբոսնելու համար: Զբոսանքներն արգելելը կամ զբոսանքներին խոչընդոտելը ուղղակի ներկա իրավիճակի զավեշտալի դրսեւորումներից մեկն է: Իմ բոլոր հրապարակային ելույթներում ես հստակ առաջարկություններ եմ արել ստեղծված իրավիճակից բացառապես քաղաքական եղանակներով դուրս գալու վերաբերյալ: Ինչ վերաբերում է զբոսանքներին, ապա չի կարելի դրանք քաղաքականացնել: Ես կարծում եմ՝ այս իրավիճակը հիշեցնում է Իսպանիան Ֆրանկոյի օրոք, երբ երիտասարդ զույգերին լողափերից տանում էին ոստիկանական բաժանմունքներ, այսինքն՝ արգելում էին, որ նրանք զբոսնեն կամ նայեն ծովին: Հազիվ թե երիտասարդ զույգերի կողմից Հյուսիսային պողոտայում զբոսնելը հետապնդելի արարք է: Այն մարդիկ, ովքեր նման ձեւով են մտածում, սիրո մասին շատ աղոտ պատկերացումներ ունեն: Հետաքրքիր է, եթե զբոսանքի ժամանակ սիրահարները համբուրվում են, դա քաղաքակա՞ն կատեգորիա է, թե՝ ոչ»:

Իրավաբան Արմեն Սարգսյանի դիտարկմամբ, մարդկանց «սովորական զբոսնելու» համար «վերցնելն» անթույլատրելի է, իսկ եթե այն զուգորդվում է քաղաքական կոչերով, հակաիշխանական արտահատություններով եւ կան փաստացի ապացույցներ այդ կապակցությամբ, ապա համարժեք իրավական գնահատականը պիտի տրվի անմիջապես:

Սակայն այլ հարց է, թե ինչպես պետք է ձեռք բերվեն այդ ապացույցները: Չենք կարծում, թե սալահատակների կամ ասֆալտի տակ ձայնագրման եւ լուսանկարչական սարքեր են մոնտաժելու:

Մեր զրուցակիցներից Արմեն Սարգսյանը մի օրինակ բերեց, որում ոստիկանները հասել էին ծայրահեղության. նրանք բերման էին ենթարկել մեկին, ում բժիշկները խորհուրդ էին տվել՝ «մաքուր օդ՝ ամեն օր»: Ու ասվածն այնքան անհամոզեցուցիչ էր դիտվել, որ տարել էին բաժին: Զբոսնելու պահին հայրենի առողջապահության, իշխանության հասցեին հիվանդը ոչինչ չէր արտաբերել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել