Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ «ՔԱՄՈՒՄ» ԵՆ

Մարտ 29,2008 00:00

\"\"Հայաստանում տոնական օրերին ծաղիկները, էժանացնելու փոխարեն, արհեստականորեն թանկացնում են ու գերշահույթներ ստանում:

Կանանց միամսյակին, հատկապես՝ մարտի 8-ին եւ ապրիլի 7-ին, ծաղիկների գները Հայաստանում կտրուկ բարձրանում են: Որոշ ծաղիկներ վաճառում են կրկնակի, անգամ՝ եռակի թանկ գնով: Եթե սովորական օրերին հոլանդական կարմիր վարդը վաճառվում է հատը 2000-2500 դրամով, մարտի 8-ին կամ ապրիլի 7-ին այդ գնով վաճառվում է տեղական հասարակ վարդը, իսկ հոլանդականի գինը հասնում է մինչեւ 4 հազար դրամի: Անհավանական թանկ գներով են այդ օրը վաճառվում նաեւ խոլորձները, կալաները, շուշանները, հերբերաներն ու անգամ երիցուկները, որոնց արժեքը 80-100 դրամ է:

Երբ ձու արտադրողներն Ամանորից առաջ իրենց արտադրանքի գինը 20 դրամով բարձրացրին, Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը տնտեսվարողներին տուգանեց նախորդ տարվա շրջանառության 1 տոկոսի չափով՝ մոտ 23 մլն դրամով: Սակայն արդեն քանի տարի է՝ նույնը կատարվում է ծաղկի շուկայում, ու ոչ ոք չի պատժվում: Խնդիրն այն է, որ մեզ մոտ ծաղկի շուկան ազատ է ու անվերահսկելի, այսինքն, այդ շուկայում միայն մի քանի հոգի չեն գործում, որ նրանց տուգանելով՝ հարցը լուծվի:

Ծաղկի շուկայում կատարած մեր ուսումնասիրությունների արդյունքում պարզեցինք, որ տոնական այս օրերին հիմնականում թանկանում են այն ծաղիկները, որոնք ներկրվում են Հոլանդիայից եւ Կոլումբիայից: Ներկրողների հավաստմամբ, տոնական օրերին այդ երկրներում ծաղիկների գները ոչ թե բարձրանում, այլ նույնիսկ կրկնակի իջնում են: Ծաղիկները Հայաստան բերում են ինքնաթիռով՝ հատուկ փաթեթավորմամբ եւ հատուկ արկղերով: Սովորաբար, մաքսայինի հետ կապված խնդիրներ չեն լինում, ուստի ոչ մի ծաղիկ ճանապարհներին չի վնասվում, որպեսզի հետո, դրանով պայմանավորված՝ մեր երկրում ծաղիկները թանկացնեն:

Ներկրողները պատմում են, որ իրենք ծաղկի որոշ տեսակներ Հոլանդիայում գնում են ոչ թե հատով, այլ՝ կիլոգրամով, հետեւաբար՝ դրանց գինն անհամեմատ էժան է լինում: Բացի այդ, Հոլանդիայից եւ Կոլումբիայից ներկրողները ծաղիկները գնում են եվրոյով: Հաշվի առնելով, որ արտարժույթի՝ դոլարի, եվրոյի կուրսը մեր երկրում բավականին իջել է, եվրոյի կուրսով պայմանավորված՝ ծաղիկների գները մեր երկրում պետք է վերջին երկու տարիներին անհամեմատ իջնեին, որովհետեւ ներկրողներն այստեղից ավելի էժան գնով են արտարժույթ գնում ու արտերկրում նույն գումարով ավելի շատ ծաղիկ են ձեռք բերում:

Այս ամենից ելնելով՝ հարց է առաջանում, թե ինչո՞ւ եւ ովքե՞ր են Հայաստանում ծաղիկների գներն իջեցնելու փոխարեն բարձրացնում:

Նշենք, որ մեր երկրում ծաղկի ներկրմամբ զբաղվող ընդամենը մի քանի ընկերություն կա: Նրանք բոլորը վստահեցնում են, որ իրենք տոնական օրերին ծաղկավաճառներին ծաղիկներ մատակարարում են ավելի էժան գներով, քան սովորական օրերին, ուստի, նրանց հավաստմամբ, մարտի 8-ին ու ապրիլի 7-ին ծաղիկների գները կտրուկ բարձրացնում են հենց վերավաճառողները: Հայաստան ծաղիկ ներկրող ամենախոշոր ընկերություններից մեկը «Բրաբիոն ֆլորա սերվիսն» է, որը նաեւ ծաղիկների վաճառք է իրականացնում: «Բրաբիոնում», օրինակ, վարդագույն խոլորձների փունջը վաճառվում է մինչեւ 90 հազար դրամով, իսկ վարդերից, վարդակակաչներից ու քրիզանթեմներից կամ անթուրիումներից կազմած ծաղկեփնջերը վաճառվում են միջինը 25-55 հազար դրամով: Ու չնայած այստեղ կարելի է տեսնել անգամ 140 հազարից մինչեւ 350 հազար դրամ արժողությամբ ծաղկային կոմպոզիցիաներ, «Բրաբիոն ֆլորա սերվիսից» հավաստիացնում են, որ իրենց մոտ ծաղկի գներն այնքան էլ թանկ չեն, դեռ մի բան էլ էժան են, քան՝ վերավաճառողների մոտ: «Մեզ մոտ տոն օրերին ծաղիկներն ավելի էժան են, քան մնացած ժամանակ: Իսկ եթե տվյալ ծաղիկը մեծ քանակությամբ ենք բերել, ապա նրա վրա կատարած ծախսերը, այսինքն՝ ինքնարժեքն ավելի ցածր է լինում: Եթե 10 ծաղիկ ենք բերում, բնականաբար, տրանսպորտային ծախսերը բաժանվում են այդքան ծաղկի գնի միջեւ ու, ինքնըստինքյան, այդ ծաղկի գինը բարձրանում է, իսկ եթե 100 ծաղիկ ենք բերում՝ գինն իջեցնում ենք: Ոչ տոնական օրերին երբ մեկ հոլանդական վարդը 3 հազար դրամ է, Վալենտինի օրն այն մեզ մոտ եղել է 2500 դրամ»,- «Առավոտի» հետ զրույցում պարզաբանեց «Բրաբիոն ֆլորա սերվիսի» մարքեթինգի մենեջեր Տաթեւիկ Սարգսյանը: Նրա ներկայացմամբ, իրենցից հաճախ ծաղիկներ գնում են միջնորդները: Նրանք իրենց օգուտը հաշվարկելով՝ արդեն իսկ թանկ ծաղիկները վաճառում են տարբեր խանութներին, խանութներն էլ իրենց հերթին են փորձում շահույթ ստանալ ու արդյունքում՝ տոնական օրերին 1000 դրամանոց 1 վարդը վաճառվում է 4000 դրամով: Տ. Սարգսյանի պարզաբանմամբ՝ Վալենտինի օրը, մարտի 8-ին ու ապրիլի 7-ին իրենց ընկերությունը թանկացնում է միայն արտերկիր ծաղիկների առաքման ծառայության գները, որովհետեւ այդպես ֆիքսված է միջազգային գնացուցակում:

Չնայած մեր երկրում ծաղիկները տարեցտարի թանկանում են, Տ. Սարգսյանն էլ փաստեց, որ ծաղկի ներկրման եւ իրացման ծավալները չեն պակասում, դեռ մի բան էլ ավելանում են. «Հիմա Հայաստանում ավելի շատ են ծաղիկ գնում, քան առաջ, մանավանդ, որ ծաղիկների դիզայնը մեզ մոտ արվեստ է դարձել»:

Մեր երկրում ծաղիկների բիզնեսն իսկապես օր օրի զարգանում է: Տոնական օրերին ծաղկավաճառները գրեթե այնքան եկամուտ են ունենում, որքան ողջ ամսվա ընթացքում, ուստի տեսնելով, որ այդ բիզնեսում կարողանում են հեշտությամբ գերշահույթներ ստանալ, տոն օրերին շուկայի մասնակիցների թիվը գնալով ավելանում է, իսկ նրանց վերահսկելը՝ առավել դժվարանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել