Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆ ՀԱՄԱՐ

Մարտ 29,2008 00:00

\"\"Այսպես է գնահատում իրենց աշխատանքից ազատելը ԱԳՆ նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանը

Փետրվարի 24-ին արտգործնախարարության 6 պաշտոնյաներ՝ մամուլի եւ տեղեկատվության վարչության պետ Վլադիմիր Կարապետյանը, միջազգային կազմակերպությունների վարչության ՄԱԿ-ի բաժնի վարիչ Վարսենիկ Բաղդասարյանը, սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության վարչության ՆԱՏՕ-ի բաժնի վարիչ Մարթա Այվազյանը, Եվրոպայի վարչության խորհրդական Առաքել Սեմիրջյանը եւ Ամերիկայի վարչության Հարավային Ամերիկայի բաժնի 3-րդ քարտուղար Էլեն Պետեյանը հայտարարություն էին տարածել, որում մասնավորապես ասված էր. «Մտահոգություն հայտնելով հանրապետությունում ձեւավորված ներքին եւ արտաքին անցանկալի մարտահրավերներով հղի իրավիճակի կապակցությամբ, մեր վրդովմունքն ենք հայտնում ընտրական գործընթացի խախտումների առնչությամբ, որոնք ստվեր են նետում Հայաստանի Հանրապետությունում քաղաքակիրթ, արդար եւ ազատ նախագահական ընտրություններ անցկացնելու մեր երկրի եւ հասարակության կամքի վրա»: Այդ հայտարարությունից հետո նրանց ազատեցին աշխատանքից: Եվ մարտի 24-ին այդ աշխատակիցներից 4-ը (բացառությամբ Վարսենիկ Բաղդասարյանի եւ Էլեն Պետեյանի) ԱԳՆ-ի դեմ հայց ներկայացրին Վարչական դատարան՝ պահանջելով աշխատանքի վերականգնում եւ փոխհատուցում հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատվածի համար:

«Մեր հայցը Վարչական դատարան միանգամայն տրամաբանական է,- «Առավոտին» ասաց ԱԳՆ նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանը: – Ասեմ իմ մասով: Լինելով կադրային դիվանագետ եւ ավելի քան 13 տարի աշխատելով ԱԳՆ-ում՝ երբեք չեմ ունեցել տույժեր, աշխատանքս էլ, հավատացած եմ, այնպես եմ կատարել, որ արժանացել եմ տարբեր պատասխանատու պաշտոններ զբաղեցնելու պատվին, իսկ վերջին պաշտոնը՝ ԱԳՆ ատեստացիոն հանձնաժողովի կողմից կազմակերպած մրցույթի արդյունքներով, հանձնաժողովի՝ փորձառու դիվանագետներից ստանալով համապատասխան գնահատական իմ աշխատանքին: Եվ այսօր՝ միայն որդեգրած քաղաքացիական կեցվածքի պատճառով, իմ կարծիքով՝ օրենքի տառի ոտնահարմամբ ազատվելով պաշտոնից, զրկվելով դիվանագետի կոչումից՝ ես պետք է պաշտպանվեի, վերականգնելու պատիվս, երեխաներիս աչքերին շիտակ նայելու իրավունքը: Վստահ եմ, որ շուտ թե ուշ ես կվերականգնվեմ իմ պաշտոնում, ինչը կհանդիսանա նաեւ դրական օրինակ ինչպես Հայաստանի դիվանագետների, այնպես էլ պետական ծառայողների իրավունքների պաշտպանության համար: Այս պահին ես չեմ էլ կարեւորում, թե արդյոք այն մթնոլորտը, որ ստեղծվել է ԱԳՆ-ում մեր շուրջ՝ թույլ կտա՞ շարունակել իմ ու աշխատանքից ազատված կոլեգաներիս պաշտոնավարումը, բայց ես վճռական եմ շարունակելու անել այն, ինչ գիտեմ, ինչ ինձ սովորեցրել են իմ ավագ գործընկերները եւ աշխատանքային փորձը, եւ վերջապես՝ արդարացնելու Հայաստանի Հանրապետության կողմից մասնագիտական ունակություններ ձեռք բերելու համար ինձ վրա ծախսված գումարները: Հավատացած եմ, որ ես էլ բարեխղճորեն իրականացրել եմ այն գործառույթները, որոնք վստահվում էին ինձ: Իմիջիայլոց, վերջին պաշտոնում արված աշխատանքիս գնահատականը նաեւ դուք՝ լրագրողներդ կարող եք տալ, որը, հուսով եմ, կտարբերվի ԱԳ նախարարի մեր նկատմամբ կիրառված պատժամիջոցով արտահայտված գնահատականից»:

Արտգործնախարարությունը գտել էր, թե այդ հայտարարությունը քաղաքական գործունեություն ծավալելու փորձ է, ինչն արգելվում է «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքով: Մեր խնդրանքով անդրադառնալով նման գնահատականներին՝ Վլադիմիր Կարապետյանն ասաց. «Կցանկանայի մինչեւ դատարանի որոշումը ձեռնպահ մնալ տարբեր մեկնաբանություններից: Սակայն արդեն երկրորդ անգամ հանդիպելով մեր հայտարարության վերաբերյալ ԱԳՆ գնահատականներին՝ ձեր ուշադրությունն եմ ուզում հրավիրել մի քանի նրբերանգների վրա: Հրապարակայնորեն, այդ թվում լրատվամիջոցին տված հարցազրույցում, մեր հայտարարությունը որակվել էր «քաղաքական», այն դեպքում, երբ ես, որպես հեղինակ՝ հերքում եմ դա: Նախ եւ առաջ ինձ պարզ չէ, թե օրենքի ո՞ր դրույթով են պաշտոնից ազատում «քաղաքական» հայտարարության համար: Աշխատանքից ազատման հրամանում հղում է կատարվում հետեւյալ կետի վրա. «դիվանագետը ազատվում է աշխատանքից այն դեպքում, եթե… դիվանագետի ծառայողական դիրքը, աշխատանքային միջոցներն օգտագործել է քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների շահերի համար, այլ քաղաքական գործունեություն իրականացնելու համար»: Չգիտեմ նաեւ, թե ինչի վրա են հիմնվում նման գնահատականներ տվողները՝ օրենքը խախտելու մեջ մեզ մեղադրանքներ ներկայացնելով. ի՞նչ «քաղաքական գործունեություն» ենք իրականացրել մենք, ո՞ր «կուսակցության շահերի համար ենք օգտագործել դիվանագետի ծառայողական դիրքը»: Քանի որ «մեկնաբանողները» տեղեկացված էին, որ մենք դիմել ենք Վարչական դատարան, կարծում եմ, որ ավելի կոռեկտ կլիներ ձեռնպահ մնալ դատարանի վրա անուղղակի ճնշում գործադրելու փորձից: Ուշագրավ է, որ գրեթե նույն բովանդակությամբ հոդված կա նաեւ ՀՀ կառավարության կողմից հաստատված «Դիվանագետի էթիկայի կանոններում», որի խախտումները առաջացնում են կարգապահական պատասխանատվություն: Այս ամենը վկայում է, որ մեր նկատմամբ փորձ է արվել իրականացնել քաղաքական հաշվեհարդար: Ինչ վերաբերում է ԱԳՆ հայտարարություններին, ես սպասում էի, որ «Մեդիամաքս» գործակալությանը տված պատասխանի տրամաբանությամբ, երբ ԱԳՆ-ն դատախազի կեցվածքով որպես ապացուցված փաստ պնդում է մարտի 1-ին խաղաղ ցուցարարների կողմից հրազենի օգտագործման մասին, արտգործնախարարությունը հանդես կգա հաջորդ հաղորդագրությամբ՝ հանրահավաքի մասնակիցների կողմից զենքի օգտագործման վերաբերյալ. օրինակ՝ զենք օգտագործողների անուն-ազգանունները, օգտագործված հրազենի տեսակը, ցուցարարների եւ իրավապահների բազմաթիվ զոհերի եւ վիրավորների պատճառ դարձած օգտագործված գնդակների քանակն ու տրամաչափը»: Ընդմիջենք՝ հիշեցնելու համար, որ ԱԳՆ լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչ Տիգրան Բալայանը «Մեդիամաքսին» մարտի 11-ին ասել էր. «Վիրավորված ոստիկանների թիվը՝ 108, որոնցից 43-ը հրազենային կամ բեկորային վնասվածքներով, հստակորեն ցույց է տալիս, որ ցուցարարները զինված են եղել հրազենով եւ պայթուցիկ նյութերով»:

Վլադիմիր Կարապետյանը նաեւ ասաց. «Ես անձամբ կցանկանայի լսել ԱԳՆ մեկնաբանությունը մեր գործընկերներից մեկի ստորագրությամբ՝ ԱԳՆ-ում ընդունված ընթացակարգերի շրջանցմամբ, ընտրություններից առաջ տպագրված մի հոդվածի վերաբերյալ: Մասնավորապես, կխնդրեի գնահատել այն «քաղաքական լինելու տեսանկյունից» եւ համեմատել այդ հոդվածը եւ այն հայտնի հայտարարությունը, որի պատճառով աշխատանքից ազատվեց եւ ինձ համար դեռեւս անհայտ օրենսդրական հիմնավորմամբ՝ դիվանագիտական բարձրագույն կոչումից զրկվեց նույն պաշտոնը զբաղեցնող ԱԳՆ պաշտոնյան: Եթե երկուսն էլ «քաղաքական մեկնաբանություններ» են՝ ինչո՞ւ է միայն մեկը կրում պատասխանատվություն: (Թերեւս խոսքը փոխարտգործնախարար Գեղամ Ղարիբջանյանի՝ «Ազգում» հունվարի 31-ին հրապարակված հարցազրույցի մասին է, որտեղ մասնավորապես ասված է. «Վստահ եմ, որ հենց 1-ին փուլով ի դեմս Սերժ Սարգսյանի կունենանք նոր նախագահ, որը կշարունակի այսօրվա նախագահ Ռոբերտ Քոչարյանի այս 10 տարիների աշխատանքը: Այլ բան բոլորովին չեմ էլ պատկերացնում».- Ա. Ի.):

Երկրորդ մեկնաբանությունը, որ կուզեի լսել՝ վերաբերում է մեր նկատմամբ ցուցաբերած խտրականությանը: Մեր հայտարարությանը միացած դիվանագետներից մեկին՝ դիվանագիտական պաշտոնից ազատելուց առաջ խնդրեցին ներկայացնել բացատրություն՝ հայտարարություն անելու դրդապատճառների մասին: Իսկ մեր պարագայում՝ ստորագրեցին հրամանը առանց հնարավորություն տալու ներկայացնել բացատրագիր: Դրանում ես կնշեի մեր գործողության շարժառիթը, որի հիմքում էր, մասնավորապես, ԱԳ նախարարի, նախարարության ողջ համակարգի տարիների քրտնաջան աշխատանքի շնորհիվ Հայաստանի բավականին բարձր միջազգային վարկանիշին սպառնացող վտանգը չեզոքացնելու մղումը: Մի շարք այլ մտահոգիչ փաստերի հետ միասին՝ նաեւ կպնդեի, որ, իմ խորին համոզմամբ, Հայաստանի բնակչության շրջանում այն ժամանակ դեռեւս բարձր հեղինակություն ունեցող ԱԳՆ-ն կարող էր հրապարակային կեցվածքով ստանձնել վերահաս բռնությունը կանխելու պատասխանատվություն: Հատկապես որ այդ օրերին մի շարք միջազգային ատյաններ հանդես էին գալիս բռնի ուժի կիրառումը բացառելու կոչերով: Ես ցավում եմ, որ քաջ գիտակցելով նման գործողությունների հետեւանքով Հայաստանին հասցվելիք թե՛ ներքին եւ թե՛ արտաքին վնասների չափը՝ ԱԳՆ-ն հանդես չբերեց պատասխանատու մոտեցում, չձեռնարկեց քայլեր՝ կանխելու մարտի 1-ի արյունահեղությունը: Ո՞վ, եթե ոչ ԱԳՆ-ն պետք է կոչ աներ բոլոր կողմերին բացարձակապես օրենքի սահմաններում գործելու, միջազգային կազմակերպությունների առջեւ ստանձնած պարտավորություններին համապատասխան քայլեր իրագործելու անհրաժեշտության վերաբերյալ: Հենց ԱԳՆ-ն պետք է բացատրեր բոլոր ներգրավված կողմերին, Հայաստանի քաղաքացիներին այն բացասական հետեւանքները, որոնց կարող էր հանգեցնել բռնություններին դիմելու գայթակղությունը»: Նշենք, որ նման կոչ Վարդան Օսկանյանն այնուամենայնիվ արեց, բայց՝ մարտի 1-ի երեկոյան, ոստիկանական զորքերի գործողության սկզբից 1,5 ժամ առաջ:

«Այս առումով ես կուզեի հարցնել մեր քաղաքացիական կեցվածքը «քաղաքական» գնահատողներին. ո՞վ է կրում պատասխանատվություն Հայաստանի միջազգային վարկանիշի աննախադեպ անկման համար, դրա հետեւանքով՝ ՄԱԿ-ում անցած ադրբեջանական խայտառակ բանաձեւի համար, միջազգային կազմակերպությունների կողմից վերջին շրջանում Հայաստանը դատապարտող, քննադատական բազմաթիվ հայտարարությունների համար»,- ասաց Վլադիմիր Կարապետյանը:- Ո՞վ է հաշվետու լինելու մեր ժողովրդի առջեւ միջազգային հեղինակավոր կառույցների նման վերաբերմունքի պատճառով Հայաստանի կրած քաղաքական եւ տնտեսական կորուստների համար: Եվ վերջապես, ինչո՞ւ մենք՝ սովորական քաղաքացիներս, պետք է այսօր արդեն՝ ֆինանսապես տուժենք որոշ քաղաքական գործիչների անպատասխանատու քայլերի հետեւանքով մի շարք օգնության (ոչ վարկային) ծրագրերի կասեցման համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել