Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

HUMAN RIGHTS WATCH-Ի ԿԱՐԾԻՔՈՎ

Մարտ 29,2008 00:00

ՀՀ կառավարությունը պետք է վերացնի հավաքների ազատության նոր սահմանափակումները եւ դադարեցնի բողոքի խաղաղ ցույցերին մասնակցող ընդդիմության կողմնակիցներին բերման ենթարկելը: Այդ մասին այսօր հայտարարել է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը: Կազմակերպությունը նշում է, որ մարտի 25-27-ը ոստիկանությունը բերման է ենթարկել առնվազն ութ տասնյակ մարդու, որոնք մասնակցել են Երեւանի կենտրոնում անցկացվող բողոքի խաղաղ ցույցերին՝ «ժողովրդական զբոսանքներին»: «Հայաստանի կառավարությունը պետք է թույլ տա խաղաղ ցույցերը, այլ ոչ թե արգելի դրանք»,- հայտարարել է Human Rights Watch-ի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տնօրեն Հոլի Քարթները՝ շեշտելով. «Նոր սահմանափակումները գործնականում խաղաղ ցուցարարներին պատժում են մարտի 1-ին տեղի ունեցած բռնությունների համար»: Իրավապաշտպան կազմակերպությունը պնդում է, որ հավաքների ազատությունը սահմանափակող օրենսդրական փոփոխությունները, որոնք Ազգային ժողովի կողմից ընդունվել են մարտի 18-ին, անորոշ են եւ չեն համապատասխանում ՀՀ ստանձնած պարտավորություններին: «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, որին Հայաստանը միացել է, երաշխավորում է հավաքների ազատությունը, եւ կառավարությունը չի կարող անխոհեմ սահմանափակումներ մտցնել այդ իրավունքի նկատմամբ»,- ասված է Human Rights Watch-ի հայտարարությունում: «Մարդու իրավունքների եվրոպական դատարանը խաղաղ հավաքների իրավունքը նկարագրել է որպես «ժողովրդավարական հասարակության հիմքերից մեկը» եւ բազմաթիվ առիթներով հաստատել է, որ անհատները չեն կարող կորցնել խաղաղ հավաքների իրենց իրավունքը որեւէ ցույցի ընթացքում այլոց պատժելի արարքների պատճառով»: Կազմակերպությունը մատնանշում է, որ ՀՀ իշխանությունները, օգտվելով այդ օրենսդրական փոփոխություններից, առնվազն վեց անգամ մերժել են Երեւանի Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու՝ ընդդիմադիր կուսակցությունների հայտը: Կառավարությունը իր մերժումը հիմնավորում է այն ենթադրությամբ, որ մարտի 1-ի բռնությունների մասնակիցները կարող են մասնակցել նաեւ հետագա հանրահավաքներին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել