Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ըստ Փենինգտոնի, Հայաստանում մարտի 1-ից առաջ էլ վատ էր

Մարտ 29,2008 00:00

ԱՄՆ-ը մտահոգված է վերջին ամիսներին Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններով: Այս մասին լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ երեկ հայտարարեց ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնը: Նրա խոսքերով, Հայաստանի անկախացումից ի վեր ԱՄՆ-ի ցուցաբերած աջակցությունը հիմնականում ուղղված է եղել ժողովրդավարության զարգացմանը: Սակայն վերջին մի քանի ամիսներին հարցեր են առաջացել Հայաստանի իշխանությունների՝ ժողովրդավարության ուղիով ընթանալու վերաբերյալ: «Մենք որոշակի մտահոգություններ ունենք ընտրությունների անցկացման, ընտրությունների օրը կատարված դեպքերի, ընտրություններին հաջորդած իրադարձությունների, ձայների վերահաշվարկի եւ, իհարկե, մարտի 1-ի եւ 2-ի ողբերգական իրադարձությունների կապակցությամբ, որոնց հաջորդեցին արտակարգ իրավիճակի հայտարարումը, լրատվամիջոցների գործունեության սահմանափակումը եւ մարդկանց ձերբակալությունները»,- հայտարարեց Ջ. Փենինգտոնը: Այս ամենը, ըստ ամերիկացի դիվանագետի, Վաշինգթոնին մտահոգության առիթ է տվել, ինչը, ի մասնավորի, արտահայտվել է «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի տնօրեն Ջոն Դանիլովիչի՝ Հայաստանի նախագահ Քոչարյանին հասցեագրված նամակում: Ավելին, Փենինգտոնն ընդգծեց, որ ծրագրի շարունակման համար անհրաժեշտ ցուցանիշները նախքան վերջին իրադարձություններն էլ արդեն վատ միտումներ ունեին: Հայաստանը խնդիրներ ուներ՝ կապված «արդարացի կառավարման», մասնավորապես՝ մամուլի ազատության, կոռուպցիայի, կառավարության գործունեության թափանցիկության եւ ժողովրդավարացման հետ: «Վերջին երկու ամիսների իրադարձություններն ավելի են խորացրել այն մտահոգությունները, որոնք արդեն իսկ կային»,- ասաց ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը, հավելելով, որ Դանիլովիչի նամակում հստակ նշված է ծրագրին Հայաստանի մասնակցության սառեցման հնարավորության մասին: Փենինգտոնի խոսքերով, նման որոշում դեռեւս կայացված չէ, եւ արդարացի կլինի նոր վարչակազմին իրավիճակը շտկելու հնարավորություն տալ: Ըստ բանախոսի, շատ բան պարզ կդառնա նոր նախագահի պաշտոնավարման առաջին 100 օրերից հետո:

Անդրադառնալով վերջին օրերի՝ Երեւանի կենտրոնում մարդկանց ձերբակալություններին, Փենինգտոնը նշեց, որ ԱՄՆ-ն այս հարցերի հետ կապված իր մտահոգությունը հայտնել է ՀՀ իշխանություններին: Ըստ նրա, թեեւ վերջին օրերին ոստիկանություն բերման ենթարկվածները բոլորն էլ ազատ են արձակվել, սակայն երեւույթն ինքը չի կարող կառուցողական գնահատվել: Փենինգտոնն ասաց նաեւ, որ առայժմ որոշում չի կայացված՝ ինքը կմասնակցի՞ ՀՀ նախագահի երդման արարողությանը: Պատասխանելով ԼՂ կարգավորման շուրջ վերջերս ծագած խնդիրների մասին հարցին, Ջ. Փենինգտոնը նշեց, որ ԱՄՆ-ը շարունակում է մնալ հարցի խաղաղ կարգավորման կողմնակիցը եւ գտնում է, որ դրան առավելապես կնպաստի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել