Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաերթ չի եղել

Մարտ 29,2008 00:00

\"\"Համոզվել է «Ժառանգության» պատգամավոր Անահիտ Բախշյանը

«Ժառանգություն» խմբակցությունը մարտի 18-ին նամակ էր հղել գլխավոր դատախազին՝ կցելով DVD սկավառակ, որում պատկերված էր մարտի 1-ին Երեւանի քաղաքապետարանին հարող տարածքում հավաքված բազմության մեջ ոստիկանական մեքենայի մխրճվելը: Գլխավոր դատախազին առաջադրել էին նման 7 հարցեր. «Ի՞նչ իրավական գնահատական կտաք ոստիկանական մեքենայի վարորդի արարքին, երբ նա նման մարդաշատ վայրում եւ նման արագությամբ մխրճվում է մարդկային հոծ բազմության մեջ, եւ ո՞վ պետք է կրի նրա կողմից ստեղծված իրավիճակի պատասխանատվությունը», «Իրավաբանորեն ինչպե՞ս են կոչվում այն հազարավոր մարդիկ, որոնք ֆրանսիական դեսպանատան ու Սունդուկյանի անվան թատրոնի մոտ մազապուրծ փախչում են իրենց վրա եկող ավտոմեքենայի առջեւից»:

Մարտի 27-ին Անահիտ Բախշյանը հրավիրվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն հարցաքննության՝ այս բաց նամակի առնչությամբ. «Ես նորից պնդեցի, որ ականատես եմ եղել, թե ինչպես է ոստիկանական «վիլիսը» մեծ արագությամբ մխրճվում ժողովրդի մեջ, բայց վրաերթը չեմ տեսել: Այնտեղ ուղղակի լուրեր տարածվեցին, թե վրաերթ է եղել, ու տուժել են մարդիկ»: Պատմեց, որ իրեն հարցաքննող Տիգրան Թամամյանը հարցրեց, թե վստա՞հ է, որ իրենց ներկայացրած սկավառակում տեսել է վրաերթի տեսարան. «Պատասխանեցի՝ այո, վստահ եմ: Ասաց՝ շատ լավ, հիմա նայում ենք այդ տեսաերիզները՝ ոչ միայն ձեր ներկայացրածը, այլ նաեւ մեր ունեցածը»: Եվ դիտում են Երեւանի քաղաքապետարանի մոտ ոստիկանների նկատմամբ բռնությունները, որոնցից փրկվելու համար 2 ոստիկան վազելով նստում են «ՎիվաՍելլի» դիմաց կանգնած մեքենան, որը հետո շարժվում է մեծ արագությամբ: «Այդ պահից ընթացքը շատ դանդաղեցրած սկսեցին ցուցադրել: Ու զարմանքով տեսա, որ մեքենայի առջեւից ժողովրդին փաստորեն հաջողվում է փախչել: Չտեսա, որ որեւէ մեկն ընկավ»,- տիկին Բախշյանը տեսածին չհավատալով՝ անգամ նորից է ցանկացել դիտել «Ժառանգության» տեսագրությունը: Սպասել են, մինչեւ կուսակցության գրասենյակից դարձյալ բերել են իրենց տարբերակը: «Քննիչը նախապես հարցրեց, որ եթե ձեր տարբերակն էլ տեսնեք, ու պարզվի, որ չկա վրաերթ՝ ի՞նչ է լինելու: Ասացի՝ ես ներողություն եմ խնդրելու: Մեր տարբերակը 40 րոպեից բերեցին, նորից այդպես դանդաղեցրած նայեցինք: Դանդաղեցրած ընթացքով՝ տեսաերիզում երեւում է, որ վրաերթ չկա: Իսկ երբ դանդաղեցված չէ՝ տեսնում ես, թե ինչպես է ձախ մասով մեքենան կարծես մեկին վրաերթի ենթարկում»:

Ի դեպ, տեսաերիզների դիտումը Տիգրան Թամամյանը ուղեկցել է բաց նամակի նույն ոճով հարցադրումներով, ասենք, ինչպե՞ս կորակեք սա՝ մեքենա՞ն է խփում մարդկանց, թե՞ մարդիկ են խփում մեքենային: Կամ՝ ինչպե՞ս կբնութագրեք այս ժողովրդին. «Ես էլ ասացի՝ խորապես վիրավորված արժանապատվությամբ, գազազած ժողովուրդ է: Անընդհատ ուզում էի խոսել պատճառահետեւանքային կապի մասին, բայց ինձ բերում էին կոնկրետ այս նյութին»: Այնուամենայնիվ՝ Անահիտ Բախշյանը գոհունակություն է հայտնել, որ վրաերթի խնդիրը պարզաբանվել է:

Նաեւ ասաց. «ԱԺ ամբիոնից գլխավոր դատախազն ասաց, որ վրաերթ չի եղել: Եվ ես հիմա մտածում եմ՝ մենք ի՜նչ աստիճանի անվստահության մթնոլորտ ունենք, եւ ինչքա՜ն զրոյացված է վստահության պաշարն իրար նկատմամբ, որ չհավատացինք՝ մինչեւ չեղավ գործողությունների այս շարանը, եւ չապացուցվեց այն, ինչ ասել էր դատախազը: Ես կարծում եմ՝ այս առումով լուրջ հետեւություններ պիտի անենք՝ մենք էլ, դատախազությունն էլ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել