Արոնյանի հերթական բարձունքը
Երեկ Ֆրանսիայի Նիս քաղաքում ընթացող «կույր» եւ արագ շախմատների ներկայացուցչական մրցաշարի վերջին օրն էր: Սակայն եզրափակիչ տուրում գրանցվելիք արդյունքները Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանի համար արդեն նշանակություն չունեին: Նախորդ օրը Լեւոնը երկու ոչ-ոքի անելով Վլադիմիր Կրամնիկի հետ՝ մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ արդեն նվաճել էր ընդհանուր հաշվարկով (13,5 միավոր) եւ արագ շախմատի (7,5) հաղթողի կոչումը: Այնպես որ, մնացած 11 գրոսմայստերները պայքարում էին միայն մրցաշարային աղյուսակի մյուս տեղերի համար: Արոնյանը Նիսում աչքի ընկավ կայուն ուժեղ խաղով՝ անձնական պայքարում առավելության հասնելով մարզաձեւի գործող այնպիսի գերհսկաների նկատմամբ, ինչպիսիք են Անանդը, Տոպալովը, Իվանչուկը: Երեկ Լեւոնը «կույր» շախմատում ոչ-ոքի խաղաց Պետեր Լեկոյի հետ, իսկ նրանց միջեւ արագ շախմատում մրցապայքարը կայանալու էր ուշ երեկոյան:
Խաղալու է Չիկագոյում
Հյուսիսամերիկյան շախմատային ասոցիացիայի նախաձեռնությամբ մարտի 31-ից ապրիլի 3-ը Չիկագոյում չորս պարտիայից բաղկացած ընկերական մրցամարտ է անցկացվելու Ամերիկայի Միացյալ Նահանգների կրկնակի չեմպիոն Իրինա Կրաշի եւ Հայաստանի քառակի չեմպիոնուհի Լիլիթ Մկրտչյանի միջեւ:
Աբրահամին երկրպագելու է «No Angels»-ը
Արթուր Աբրահամն ամերիկացի Էլվին Այալայի հետ մարտի 29-ին կայանալիք մենամարտի օրը ռինգ է մտնելու «Եվրատեսիլի» մասնակից «No Angels» խմբի երաժշտության հնչյունների ներքո: Գերմանական այս խումբը պատրաստվում է մայիսի 24-ին մեկնել Բելգրադ, որտեղ հանդես է գալու «Եվրատեսիլի» եզրափակիչ փուլում: Ու թեեւ մինչ այդ «No Angels»-ը ոչ մի ելույթ չի նախատեսում, բացառություն է արել Աբրահամի համար եւ մարտի 29-ին «Շպարկասեն Արենա» մարզասրահում կհնչեցնի «Destiny» ալբոմի «Back Off» երգը: «Հիանալի երգ է,-ասել է Արթուրը:- Ինձ միշտ էլ դուր է գալիս «No Angels»-ի երաժշտությունը: Ցավոք, այդ խմբի չորս գեղեցկուհիների հետ ծանոթանալու առիթ չեմ ունեցել: Բայց ոչինչ: Նրանց տեսնելու հնարավորություն կունենամ մարտի 29-ին»:
«No Angels» աղջիկների քառյակի մենակատար Լյուսի Դյակովսկան իր թիմակիցների անունից «boxen.com»-ին հայտարարել է. «Հույս ունենք, որ այդ օրը հարկ եղածի պես «կտաքացնենք» մարզասերներին, իսկ հետո կմիանանք նրանց ու կերկրպագենք Արթուրին»:
Հայաստան-Ղազախստան՝ 1:0
Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքի Պերնիս արվարձանում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում անցկացրեց Ղազախստանի ընտրանու հետ եւ առավելության հասավ 1:0 հաշվով: 62-րդ րոպեին հաղթական գնդակը խփեց Ամստերդամի «Այաքսի» հարձակվող Էդգար Մանուչարյանը: Յան Պոուլսենի թիմը կարող էր ավելի խոշոր հաշվով հաղթանակ տանել, եթե երկրորդ խաղակեսում մեր հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանն արդյունավետ իրացներ 11 մետրանոց հարվածը: