Լրահոս
Օրվա լրահոսը

«ԹՈՂ ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱ ՆԱ, ՈՎ ՍՈՒՐ Է ԲԱՐՁՐԱՑՐԵԼ»

Մարտ 28,2008 00:00

\"\"Երեկ, գնահատելով հետընտրական զարգացումները, ասաց Աշոտ Նավասարդյանի այրին՝ Հասմիկ Նավասարդյանը

– Այսօր Հանրապետական կուսակցության հիմնադիր-նախագահ, ընդհատակյա Ազգային միացյալ կուսակցության անդամ, «Անկախության բանակ» կազմակերպության ղեկավար, ՀՀ ԳԽ եւ ԱԺ պատգամավոր Աշոտ Նավասարդյանը կտոներ իր ծննդյան 58 տարին: Սովորաբար ինչպե՞ս էիք նշում պրն Նավասարդյանի ծննդյան օրը:

– Երբ տանն էր լինում, իր ծննդյան օրն ուրախացնում էր հավասարապես բոլորիս եւ ինքն էլ ուրախ էր լինում: Նա երեխայի պես սիրում էր նվերներ ստանալ: Անձամբ ինքն էլ նվերներ էր պատրաստում՝ թողնելով հուշ: Եթե նվեր պատրաստած չէր լինում, մի միտք էր ասում, որը մնում էր իր հարազատների եւ ընկերների սրտում, հիշողության մեջ: Այդ մտքերից շատ-շատերը ես գրի եմ առել: Աստված կանխորոշել էր, որ ես պետք է ամուսնանամ մեկի հետ, որը կդառնար պատմության շարժիչ ուժերից մեկը:

– Ըստ Ձեզ, ներկայումս Աշոտ Նավասարդյաններ կա՞ն:

– Ես երազում եմ, որ լինեն: Չեմ սխալվի, եթե ասեմ, որ այսօրվա հանրապետականների երիտասարդական թեւի մեջ կան անձնազոհության գնացող անձինք: Բայց արդյո՞ք այդ ճանապարհները կանցնեն այնպես մաքուր, ինչպես Ա. Նավասարդյանը: Ես չէի ուզի, որ նրանք զոհաբերվեին, բայց եթե հարցը վերաբերում է հայրենիքին, զոհաբերությունն անհրաժեշտություն է: Հանրապետականը պետք է լինի այնպիսին, ինչպիսին Ա. Նավասարդյանն է պատկերացրել:

– Հանրապետականում կա՞ն շեղումներ Ձեր ամուսնու մատնանշած ուղիներից:

– Դրանք շեղումներ չեն, այլ՝ թերություններ: Ժամանակն իր ասելիքը կասի: Բայց ես չէի ցանկանա, որ մենք ուշացած լինեինք մեր ասելիքն ասելու ժամանակ: Ինչպես Նժդեհը, այնպես էլ Ա. Նավասարդյանը բարձրացնում էին ազգերի առաքելության հարցը, որը ընդհանրապես կապվում է Աստծո հետ եւ տեղավորված է մեր գիտակցության մեջ:

– Այն Հայաստանը, ուր այժմ մենք ապրում ենք, արդյո՞ք Նավասարդյանի երազած երկիրն է:

– Մարմնովս սարսուռ անցավ: Մարտյան դեպքերը բավականին հետ գցեցին մեր գերխնդիրը՝ ազգին, ազգայինին, հանրությանը, արտաքին աշխարհին ծանոթացնելու առավելությունները, որոնք ունեինք: Մենք բավականին ետ գնացինք: Նման դեպքերը պատմության կրկնվող դիպվածներ են: Բոլոր երկրներում էլ այսպիսի բաներ լինում են, բայց սա մեր պետությանը հարիր չէր: Կարելի էր եզրեր գտնել, ընդհանուր հայտարարի գալ եւ ազգին այսպիսի մեծ կորուստներ չպատճառել: Մենք այն ազգը չենք, որ արտաքին աշխարհում մեզ փնովեն: Ես կուզեի, որ Աշոտի ծննդյան օրը իսպառ վերանան անախորժությունները, Աշոտով սկսվի պայծառ օրը, ազատությունը, լինի տոնախմբություն: Բռնությունը մեր կուսակցությանը հարիր չէ: Ես կուզեի, որ բռնություններ չլինեին: Այդ անունը չպետք է Հանրապետականին կցվի: Պետք է ժամանակին միջոցներ ձեռնարկվեին եւ կանխվեր այս ահավոր դիպվածը: Ես կուզեի, որ պատասխան տրվեր: Թող պատասխան տա նա, ով սուր է բարձրացրել: Երկու կողմերն էլ ունեն ասելիք, թող հավաքվեն սեղանի շուրջ եւ գնան երկխոսության՝ ի նշան հայ ժողովրդի եւ ազգային շահի:

– Դուք ասացիք, որ ՀՀԿ-ում կան անձնազոհ երիտասարդներ, մի՞թե ընդդիմադիր թեւում այդպիսիք չկան:

– Աշոտը մի առիթով գրել է, որ բոլոր կուսակցությունները ձգտում են նրան, ինչին մենք ենք ձգտում, բայց յուրաքանչյուրը յուրովի: Մեր առավելությունն այն է, որ մենք ազգային արժեքներին տեղ ենք տալիս, թեեւ մեր կուսակցության մեջ եւս գալիս են մարդիկ՝ տարբեր նպատակներով: Կգա մի օր, որ կուսակցությունը կզտի այն մարդկանց, որոնք ՀՀԿ-ում չպետք է գտնվեն: Մյուս կուսակցություններն էլ են խոսում ազգային արժեքների մասին, բայց դա նրանց համար գերխնդիր չէ: Ես պահանջում եմ բոլոր հանրապետականներից՝ չհեռանալ ազգային արժեքներից, քանի որ մենք պետք է գործենք ոչ թե սրով, այլ գրչով: Եկեք շնորհավորենք Աշոտ Նավասարդյանի ծնունդը եւ ողջ հանրապետականներին ցանկանալ ողջամտություն, հաջողություն, հաղթանակներ: Թող այս հաղթանակները սեւ գրիչով չգրվեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել