Ազգագրագետ Աղասի Թադեւոսյանը համատարած ատելությունը փարատելու կոչ արեց, բեմադրիչ Արմեն Մազմանյանը քննադատեց ՀՀՇ-ին:
«Հայելի» ակումբի երեկվա հյուրերն էին ազգագրագետ Աղասի Թադեւոսյանն ու բեմադրիչ Արմեն Մազմանյանը: Անդրադառնալով թատերական կյանքին եւ «Արտավազդ» մրցանակաբաշխությանը, Ա. Մազմանյանն ասաց, որ ինքը վաղուց այդ մրցանակաբաշխության մեջ որեւէ մասնակցություն չունի. «Արտավազդը» համարում եմ կլանային մրցանակ: Ես ունեմ ընկերներիս հետ ստեղծած Ազգային թատերական միություն, որը քիչ է ռեկլամով զբաղվում, այնտեղ ռոտացիոն կարգով են նախագահում, վեց ամիսը մեկ ամեն մեկս վերցնում է նախագահի կնիքը: Դա Արա Երնջակյանն է, Ժիրայր Դադասյանը, Ռուբեն Բաբայանը, ես եւ այլք: Ցավոք, թատերական դաշտը Հայաստանում ամենաագրեսիվն է: Թատերական գործիչների միությունում դեռ 91 թվից մի կարգավիճակ ստեղծվեց, որը մինչեւ հիմա շատ դժվար ենք հաղթահարում: Դա Ղազանչյանների թատերական գործիչների միությունն է, նրանց ՍՊԸ-ն, որի խնդիրը պետմրցանակների եւ կոչումների համար իր ուզած անունները նախագահական ուղարկելն է»: Ա. Մազմանյանի ձեւակերպմամբ, այսօր հայկական թատերական դաշտը «ենթարկված է պիրամիդայի» եւ հակված է պալատական լինելու: Նրա խոսքերով, այժմ ցուցակով են մարդկանց մեդալ ու կոչում տալիս, որպեսզի բերանները փակեն ու հայ բեմում երբեք սոցիալական ու քաղաքական սուր հարցադրումներ չլինեն:
Հարցին՝ ճի՞շտ են, արդյոք, շրջանառվող այն լուրերը, որ Ա. Մազմանյանը այլեւս վարչապետի խորհրդական է, բանախոսը պատասխանեց. «Ըստ նույն այդ լուրերի, ես մի անգամ դաշնակ եմ եղել, մի անգամ ԿԳԲ-ական, ՀՀՇ-ական, հիմա էլ՝ խորհրդակա՞ն…Ընդհանրապես, միշտ էլ շատերին խորհուրդներ տալիս եմ, բայց ոչ՝ ի պաշտոնե»:
Դառնալով մարտի 1-ի իրադարձություններին եւ ստեղծված իրավիճակին, Ա. Թադեւոսյանը նշեց, որ ինքը հասարակական մթնոլորտում տարօրինակ բան է նկատել. «Չկան տրամաբանված, համոզիչ կարծիքներ, որոնք պետք են հասարակության բոլոր խմբերին»: Ազգագրագետի փոխանցմամբ, խնդիրը ոչ թե այս կամ այն թեկնածուի հաղթանակն է, այլ հասարակության զարգացման համար հիմքերի, երաշխիքների ձեւավորումը: Նրա կարծիքով. «Ամենամեծ խնդիրը հակամարտող կողմերի միջեւ առկա ատելությունն է, որով վարակվում է նաեւ ժողովուրդը: Վարակվում են նրանով, որ մարդկանց փորձում են վախեցնել, իսկ քաղաքային բնակչությունը դա 19-րդ դարի գյուղի բնակչություն չէ, որին կարելի է վախեցնելով հանդարտեցնել»: Ըստ Ա. Թադեւոսյանի, ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ ելքը կառուցողական մթնոլորտ ստեղծելն է, ինչը, բնականաբար, շատ բարդ է. «Մարդիկ, ովքեր կանգնած են քաղաքական պայքարի ակունքներում, մեծ պատասխանատվություն ունեն ձեւավորելու կառուցողական մթնոլորտ: Հայաստանում երկխոսության կայացումը անհրաժեշտություն է ու պահանջ, որպեսզի շատերը կարողանան հաղթահարել իրենց անձնական վիրավորվածությունը»: Ազգագրագետի համոզմամբ, Հայաստանն այսօր ավելի շատ ոչ թե հաղթած նախագահի, այլ դեմոկրատական ընտրությունների կարիք ունի: Այլ կարծիքի է ՀՀՇ-ի իշխանության օրոք խուլիգանության մեղադրանքով ձերբակալված Ա. Մազմանյանը: Նա գտնում է. «ՀՀՇ-ի հետ որեւէ երկխոսություն ընդհանրապես պետք չէ, դա պետք է պատմության գիրկը գցել ու մոռանալ: ԼՏՊ-ն 10 տարի լռելուց, կարծիք չունենալուց հետո նորից եկավ… Ինձ համար ՀՀՇ-ն, իր լիդերով հանդերձ, ավարտված, ազգին անպետք երեւույթ է»: