Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական հետապնդում ապօրինի զենքի անվան տա՞կ

Մարտ 28,2008 00:00

Դատարանի շտապողականությունը վկայում է, որ ամենեւին էլ հակված չեն արդար եւ բազմակողմանի դատաքննության:

Երեկ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում քննվեց ՊՆ ռազմական ոստիկանության գնդապետ Հովհաննես Հարությունյանի քրեական գործը: Նա մեղադրվում է ՀՀ քրօրի 235 հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ: Հ. Հարությունյանը մասնակցել է արցախյան հերոսամարտին, եղել է հրամանատար: Նա երբեւէ չի դատվել եւ իր խնամքի տակ ունի երկու անչափահաս երեխա: Նա ձերբակալվել է այս տարվա փետրվարի 26-ին: Ազգային անվտանգության աշխատակիցները նրա բնակարանից գտել են մի քանի անուն զենք-զինամթերք, որոնք եղել են օրինական, սակայն քրեական գործը հարուցվել է բնակարանից «Տօզ 11» եւ 7.62 տրամաչափի 30 փամփուշտների հայտնաբերման փաստով, որն իբր պահվել է ապօրինի: Դատարանում Հ. Հարությունյանը նշեց, որ այդ փամփուշտները երբեւէ չի օգտագործել եւ քանի որ Որսորդմիության անդամ է՝ դա նախատեսել էր որսորդության համար: Նա նշեց, որ 7.62 տրամաչափի փամփուշտները եղել են «Սայգա» տեսակի հրացանի համար, մինչդեռ մեղադրող դատախազ Արամ Ամիրզադյանը ներկայացնելով փորձագետի եզրակացությունը, նշեց, որ այդ փամփուշտները, ըստ փորձագետի, նախատեսված չեն այդ տեսակի հրացանի համար: Հ. Հարությունյանն էլ փաստեց, որ երբ ինքը զենքը գրանցել է ոստիկանությունում, հրացանն անցել է ձգաբանական փորձաքննություն՝ հենց 7.62 տրամաչափի փամփուշտներով եւ իրեն երբեւէ չեն զգուշացրել, որ այս հրացանի համար կա այլ տեսակի փամփուշտ. «Ազգային անվտանգության ծառայությունում էլ եմ հայտարարել, որ ցույց տվեք այն փամփուշտը, որը նախատեսված է «Սայգայի» համար, հարցիս չպատասխանեցին, միայն նշեցին, որ իմ ունեցածը այդ հրացանի համար չէ»,- նշեց Հ. Հարությունյանը: Նիստը նախագահող դատավոր Արամյանին Հ. Հարությունյանի փաստաբան Վարդան Զուռնաչյանը միջնորդեց, որպեսզի դատարան հրավիրվի նաեւ փորձագետը, քանի որ փորձագիտական եզրակացությունը կազմվել է օրենքի խախտումներով եւ հետեւությունները ճիշտ չեն արվել՝ նշված չէ, թե փորձագետն ինչ հետազոտություն է արել, ինչ մասնագիտական գրականությունից եւ մեթոդներից է օգտվել: «Դուրս է գալիս, որ փորձագետը ենթադրաբար է եզրակացությունը կազմել, քանի որ որեւէ հիմնավորում չի արել»,- նշեց փաստաբանը: Պրն Զուռնաչյանը փորձագետին դատարան հրավիրելը պայմանավորեց նրանով, որ հենց փորձագետի եզրակացությունն է մեղադրանքի հիմք հանդիսացել: Մեղադրող կողմը խնդրեց միջնորդությունը մերժել, քանի որ փորձագետը տվել է ճիշտ եզրակացություն եւ հիմնվել է իր 23 տարվա աշխատանքային փորձի վրա [՞]: Դատարանն էլ մերժեց միջնորդությունը՝ պատճառաբանելով, թե կողմի միջնորդությունից երեւում է, որ լրացուցիչ փորձաքննություն են ուզում: «Մասնագետի վրա կծիծաղեն, որ իր փորձաքննության մեջ գրականություն նշի, կասեն՝ ինչ մասնագետ է որ»,- հեգնանքով նշեց դատավորը: Հ. Հարությունյանն էլ հարցրեց. «21 տարվա բժիշկներ կան, որոնք վիրահատության ժամանակ որովայնի մեջ մկրատ են թողնում, ինչ է՝ նման բան չի՞ կարող լինել»: Հնչեց դատավորի պատասխանը՝ «իհարկե, կարող է լինել»:

Դատարանում պրն Հարությունյանը հայտարարեց, որ իր մեղադրանքը քաղաքական հետապնդում է եւ հեռու է իրավական հարթությունից:

Մեղադրող կողմը միջնորդություն ներկայացրեց, որպեսզի պատիժը նշանակվի ազատազրկման ձեւով՝ 2 տարի ժամկետով: «Առավոտի» հետ զրույցում փաստաբան Վ. Զուռնաչյանը հաստատեց, որ այս դատավարությունը կրում է քաղաքական բնույթ, քանի որ Հովհաննես Հարությունյանը եղել է Լ. Տեր-Պետրոսյանի վստահված անձը, իսկ նման դեպքերում դատական պրակտիկայում այսքան մեծ ժամանակահատվածով ազատազրկում չի սահմանվել՝ առավելագույնը եղել է 1-1.5 տարի. «Մեղադրող կողմը պահանջեց այսքան մեծ պատիժ այն դեպքում, երբ մեղքը ապացուցված չէ: Պարզ երեւում է, որ դատարանին կա հստակ ցուցում, որ սրանց այսպես պատժեք, որպեսզի մնացածները վախենան»: Զուռնաչյանը նշեց, որ դատարանին տրված է նաեւ արագացված պատիժ նշանակելու ցուցումը. «Քանի որ սովորաբար երբ գործը մուտք է արվում դատարան՝ 15-20 օր է տեւում մինչեւ դատաքննությունը, այս գործը քննվեց 5 օրում, նույնիսկ ինձ ծանուցագիր չեն ուղարկել, նիստից մեկ օր առաջ զանգել են, թե վաղը դատական նիստ է»:

Պաշտպանական ճառին պատրաստվելու համար փաստաբանը խնդրեց նիստը հետաձգել 3 օրով: Դատական նիստը հետաձգվեց մինչեւ մարտի 28-ը, ժամը 14-ը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել