Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԿԱ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔ

Մարտ 28,2008 00:00

\"\"Մարտի 1-ից Լոռիում ձերբակալվեցին ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ակտիվիստները:

Շատերի նկատմամբ հարուցված են քրեական գործեր: Մարտի 1-ի առավոտյան ձերբակալվել են նստացույցի մասնակիցներ Աշոտ Մանուկյանը եւ Ռուբիկ Ոսկանյանը: Ըստ «Առավոտի» աղբյուրի, ձերբակալության պահին վերջինիս առողջական վիճակը եղել է այնքան վատ, որ զանգահարել են շտապօգնություն: Բժիշկները եկել են իրավապահների ուղեկցությամբ եւ նրան բուժօգնություն ցուցաբերելու փոխարեն տարել են ոստիկանության Կենտրոնի բաժին: Ոսկանյանի հարազատները նրա գտնվելու վայրի մասին իմացել են միայն հինգ օր հետո: Այնուհետեւ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը: Աշոտ Մանուկյանը, Ռուբիկ Ոսկանյանը, Արթուր Շահնազարյանը, Խոսրով Զաքարյանը ներկայումս գտնվում են արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Իսկ Ստեփան Գալստյանը, Հովսեփ Տեր-Պետրոսյանը, Հրայր Փենինյանը եւ Գրիգոր Սիմոնյանը գտնվում են «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում: Շտաբի անդամներից շատերը հետախուզման մեջ են եւ թաքնվում են: Մարզում տիրող այս իրավիճակի շուրջ «Առավոտի» հարցերին պատասխանում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

– Ոտնահարվու՞մ են, արդյոք, մարզի բնակիչների իրավունքներն իրենց քաղաքական հայացքների համար:

– Քաղաքական հայացքների համար մարդու իրավունքները խստորեն ոտնահարվում են ոչ միայն Լոռու մարզում, այլեւ ողջ հանրապետությունում, ինչը կազմաքանդում է համակարգը: Ինչպես Լյուդովիկոս 14-րդն էր ասում. «Ֆրանսիան դա ես եմ, Ես Ֆրանսիան եմ»: Նույնը կարծես թե այսօր է. ՀՀԿ-ն դա Հայաստանի Հանրապետությունն է, Հայաստանի Հանրապետությունը՝ դա ՀՀԿ-ն է: Եվ ամենազավեշտականն այն է, որ այդ կուսակցության առաջնորդն այն մարդն է, որին 1999-ին այդ նույն կուսակցությունն ազատեց Ազգային անվտանգության նախարարի պաշտոնից եւ նշանակեց Ազգային անվտանգության քարտուղար, ինչպես այսօր Արթուր Բաղդասարյանին նշանակեցին: Այսինքն, բոլոր քշվածներին տանում են այդ պաշտոնին: Չնայած Արթուրը թող հույս չունենա, որ նման առաջընթաց կունենա: Սա նշանակում է՝ Կոմկուսի ավանդույթների վերականգնում:

– Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում վերջին տարիներին Հայաստանում որեւէ առաջընթաց գրանցվե՞լ է, թե՝ ոչ:

– Մեզ մոտ միակ բարեփոխումը մարդու իրավունքների տեսակետից քրեակատարողական հիմնարկների բարեկարգումն է, որտեղ բավականին լավ վիճակ է՝ սննդի եւ կենսապայմանների առումով: Այնտեղ բոլորը բողոքում են միայն դատական համակարգից: Եթե այնտեղ ոտնահարվի կալանավորի իրավունքը, նրա նկատմամբ բռնություն լինի, դա մեծ աղմուկ կարող է բարձրացնել: Մինչդեռ մեր ոստիկանությունում ծեծը, բռնությունը համատարած բնույթ են կրում: Ստացվում է, որ միակ ապահով վայրը, որտեղ մեր պետության մեջ մարդը կարող է գտնվել, դա քրեակատարողական հիմնարկն է: Փաստորեն, մարդն ապահով լինելու համար կա՛մ պետք է գտնվի ՔԿՀ-ում, կա՛մ դուրս գա հանրապետությունից: Մնացածները, ովքեր Հայաստանի ներսում են եւ ազատության մեջ, չունեն իրավունքների ապահովության երաշխիք: Դա մտածելու տեղիք է տալիս, կարծես թե՝ հատուկ քաղաքականություն լինի:

– Հետընտրական շրջանում մարզում մարդու իրավունքների ոտնահարման կոնկրետ ի՞նչ փաստեր են գրանցվել:

– Մարդու իրավունքների կոպիտ խախտումների դեպքերը մարզում շատ-շատ են: Հրայր Փենինյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի մորաքրոջ թոռն է եւ երկրորդ անգամ է բերման ենթարկվել՝ պատճառաբանությամբ, թե մասնակցել է զանգվածային անկարգություններին: Արթուր Շահնազարյանն անձամբ է ներկայացել, ինչից միանգամից հետո երկու օր պահել են ոստիկանության բաժնում, այնուհետեւ տեղափոխվել է Վանաձորի երկրորդ բուժմիավորման սրտաբանական բաժանմունք, որտեղ մնացել է երեք օր: Իսկ սրտաբանականից ուղիղ տարել են «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ: Թեեւ բժիշկները տվել են համապատասխան ախտորոշում, թե նրա առողջական վիճակը թույլ է տալիս գտնվել այնտեղ, սակայն մասնագետներն ասում են, որ նա նախաինֆարկտային վիճակում է, իսկ նախկինում ունեցել է սրտային այդպիսի պրոբլեմ: Մարդն անձամբ է եկել-ներկայացել, բայց արդյունքը՝ պարզ է: Սիմոնյան Գրիշան նույնպես անձամբ է ներկայացել եւ այսօր գտնվում է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում, նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը: Ընդ որում, ոչ մեկին ծանուցագիր չեն ներկայացրել: Կան մարդիկ, որ տեսնելով, թե ինչպես են վերաբերվում ոստիկանություն անձամբ ներկայացողների նկատմամբ, չեն ներկայանում եւ թաքնվում են:

Վանաձորում կա 16 բերման ենթարկ ված, մարզում՝ 27, դրանց մի մասը կալանավորված է եղել: Որպես վկա հարցաքննման են ենթարկվում մարդիկ, որոնցից մատնահետքեր են վերցնում: Օձուն գյուղի բնակիչ Սերյոժա Բարսեղյանը եղել է խաղաղ նստացույցի մասնակից եւ հանկարծ նրա գոմի տանիքում հայտնաբերվել են փամփուշտներ: Նա ասում է, որ երբեք իր տանը փամփուշտ չի եղել: Մինչ այդ նրանց թաղայինը քեֆը լավ եկել է Սերյոժայի կնոջը սպառնացել, որ եթե նրա ծառայող տղայի գլխին օյին գա՝ չզարմանաք: Դրան հաջորդել է գոմի տանիքի խուզարկությունն ու փամփուշտների հայտնաբերումը: Այս ամենը մի բացատրություն ունի. մարդուն դնել այնպիսի վիճակի մեջ, որ իրեն զգա անպաշտպան եւ հանկարծ չփորձի քաղաքական ակտիվություն ցուցաբերել, չարտահայտի իր կարծիքը, չմասնակցի որոշակի հրապարակային միջոցառումների: Էլ չեմ ասում՝ հանկարծ ելույթ ունենա: Այսինքն՝ մեկին իրավունք տրվում է քաղաքական կարծիք ունենալ, մյուսին՝ ոչ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել