Կոալիցիոն գործընկերներին կոչ է անում ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը
– Քառակողմ կոալիցիայի ստեղծմամբ արդյոք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մեջ որոշակի խանդի դրսեւորումներ չկա՞ն, չէ՞ որ հիմա կարկանդակը կիսվում է 4 մասի:
– Մենք միշտ սկզբունքային դիրքորոշում ենք ունեցել, դեմագոգիայով, մարդկանց դուր գալու մղումով չենք առաջնորդվել: Ունենք իշխանության մեջ մեր բաժին պատասխանատվությունը պատվով կրելու զգացում: Հիմա մեր կոալիցիան քառակողմ է: Հասկանում եմ, որ ՀՅԴ-ի եւ ՕԵԿ-ի մեջքին եւս կանգնած են հոծ զանգվածներ, մարդիկ իրենց ընտրողներին խոստումներ են տվել: Բայց ես կուզենամ, որ մեր կոալիցիոն գործընկերները պատասխանատվության զգացումով մոտենան կոալիցիային՝ այն իմաստով, որ այնպես չէ, որ եթե վատ բաներ են կատարվում, ապա դա Հանրապետականի եւ «Բարգավաճ Հայաստանի» մեղքով է, իսկ երբ լավ բաներ են կատարվում, ապա դա «Օրինաց երկրի» եւ ՀՅԴ-ի շնորհիվ է: Մենք քառակողմ կոալիցիա ենք, բոլորս միասին պատասխանատու ենք ամեն ինչի համար, լավն էլ, վատն էլ մերն են, մենք միասին պիտի կարողանանք պատասխան տալ եւ արածի, եւ չարածի համար: Ճշմարիտ է այն պարզ թվաբանական հաշվարկը, որ մեր մեջքին միլիոնից ավելի ընտրողի ձայն կա, բայց եթե մենք հանկարծ զբաղվենք ներկուսակցական եւ միջկուսակցական քաշքշուկով կոալիցիայի ներսում եւ դարձյալ ամեն մեկս փորձենք վերմակը մեր կողմը քաշել, ուրեմն՝ մեկ միլիոն մարդկանց ձայները հեչ են դառնալու:
– Հարցս նաեւ այն մասին էր, որ «Բարգավաճի» տեղերը կառավարությունում կարող են եւ չավելանալ, այսինքն՝ դուք տուժում եք… խանդի զգացում չունե՞ք:
– Մենք ակնկալում ենք, որ կոալիցիոն կառավարության ձեւավորման գործընթացը քառակողմ կոալիցիայի ներսում թափանցիկ է լինելու, բոլորի համար հասկանալի, մատչելի: Մեր կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը մասնակցում է բանակցություններին, եւ մենք ակնկալում ենք, որ ընդհուպ մինչեւ վարչապետի թեկնածության քննարկումը պետք է լինի թափանցիկ եւ բոլոր կողմերի համար ընդունելի: Մենք ակնկալում ենք, որ մեզ հետ պետք է քննարկվի ոչ միայն մեր ստանալիք տեղերի հարցը, այլ նաեւ ամբողջ կառավարության ձեւավորման եւ քաղաքական գործունեության ծրագիրը նույնպես: Իսկ ինչ վերաբերում է ձեր այն դիտարկմանը, որ երեկվա ընդդիմադիրներն այսօր իշխանություն են դարձել, ապա դա մեզ միայն ուրախացնում է, որովհետեւ պատասխանատվության զգացումն է ուժեղացնում: Դա նշանակում է, որ մարդիկ պատրաստ են պատասխանատվության իրենց բաժինը վերցնել: Ուրեմն, թող մեզ հետ միասին կիսեն երկրի ճակատագրի համար պատասխանատվությունը: Եվ եթե տարիներ հետո պարզվի, որ մի բան էլ լավ չի արվել, ապա ասեն, որ դա նաեւ իրենց մեղքն եւ ոչ թե միայն ՀՀԿ-ի կամ ԲՀԿ-ի:
– Պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը որոշ առաջարկություններ է արել ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, մասնավորապես՝ մարտի 1-2-ի դեպքերի ուսումնասիրման ժամանակավոր հանձնաժողովի ստեղծում, «ԸՕ»-ում որոշակի փոփոխություններից հետո խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացում եւ այլն, ձեր խմբակցության դիրքորոշումն արդեն որոշակի՞ է:
– Վերոհիշյալ հարցերի մասին ոչինչ չեմ կարող ասել, որովհետեւ մենք դեռ քաղխորհրդի որոշում չունենք, բայց առաջարկություններից մեկի մասին կասեմ իմ անձնական կարծիքը: Կարծում եմ, արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին մոտակա ժամանակներում խոսք լինել չի կարող: Ինչո՞ւ: Որովհետեւ այս կառավարությունը, այս իշխանությունը եւ քաղաքական պատասխանատվության այս կուսակցական ֆորմատը իրեն բոլորովին չի սպառել: Երբ այս ֆորմատն իրեն կսպառի, երբ ընտրողները, հանրությունը կտեսնեն, որ տրված խոստումների եւ արված գործերի մեջ սարուձորի տարբերություն կա, այդ ժամանակ կնստենք-կքննարկենք՝ ինչպես անել, որ քաղաքական կյանքը երկրում աշխուժանա, իսկ հիմա, կարծում եմ, դրա համար բացարձակ որեւէ հիմք չկա:
– ԲՀԿ-ն այժմ ունի 3 նախարար, 1 մարզպետ եւ 1 փոխմարզպետ, դրանից բացի նոր կոալիցիայի շրջանակներում ձեր կուսակցությանը նոր պորտֆելներ տրվելո՞ւ են:
– Ես հիմա պատրաստ չեմ այդ հարցին պատասխանել, որովհետեւ բանակցությունները վարում է մեր կուսակցության նախագահը, բայց մենք ակնկալում ենք, որ սկզբունքային խոսակցությունների արդյունքում մեր կուսակցական շահերը կպաշտպանվեն ճիշտ այնքան, որքան քառակողմ կոալիցիայի մյուս անդամների շահերը: Ես ընդհանրապես կարծում եմ, որ այս կառավարության ձեւավորումը փոխադարձ համաձայնության արդյունք պետք է լինի, հարցերը պետք է լուծվեն բոլորի հետ քննարկելով եւ բոլորի կարծիքը հաշվի առնելով: Միայն այս դեպքում այս կառավարությունը կարող է կենսունակ լինել: