Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏՎԻՐՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ

Մարտ 28,2008 00:00

Լեւոն Տեր-Պետրոսյանի նախկին մամուլի խոսնակ Լեւոն Զուրաբյանը երեկ փաստաբանի հետ այցելել է Կենտրոնի ոստիկանություն. «Այնտեղ հանդիպեցի Կենտրոն ոստիկանության հետաքննիչների բաժանմունքի պետ Սամվել Սարգսյանի հետ, ու տեղի ունեցավ հետեւյալ զրույցը: Ինձնից խնդրեցին բացատրություն: Ես էլ փորձեցի նախ եւ առաջ բացատրություն ստանալ, թե կոնկրետ ինչ իրավախախտում եմ կատարել: Սամվել Սարգսյանը նշեց 180.1 հոդվածը («Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի այդ հոդվածն է. «Հրապարակային միջոցառումը դադարեցնելու վերաբերյալ «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ oրենքով նախատեսված դեպքերում ընդունված որոշման պահանջները սահմանված ժամկետում չկատարելը. պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով».- Ա. Ի.): Ես խնդրեցի նրան նշել իմ որեւէ գործողություն, որը, իրենց կարծիքով, որեւէ կապ ունի այդ հոդվածի հետ: Ինձ որեւէ բացատրություն չտվեցին, թե իմ կոնկրետ որ գործողությունն է համապատասխանում որեւէ իրավախախտման, եւ միայն մատնանշեցին հոդվածը: Ես էլ ասացի, թե քանի որ որեւէ բացատրություն չի տրվում, իսկ ես էլ համարում եմ, թե որեւէ իրավախախտում չեմ արել, ուրեմն՝ այս բոլոր մեղադրանքները ես ընդունում եմ իբրեւ իշխանությունների կողմից պատվիրված քաղաքական հետապնդում եւ հրաժարվում եմ որեւէ բացատրություն տալ: Այսքանով մեր զրույցն ավարտվեց»: Շուրջ 1,5 ժամանոց այդ զրույցից հետո նա ստորագրել է միայն այն գրության տակ, որով հրաժարվել է բացատրությունից. «Ուրիշ թղթեր էլ էին ուզում տալ, որ ստորագրեմ, ես դրանցում ոչ մի իմաստ չտեսա ու չստորագրեցի»:

Ա. Ի.Հ. Գ. Երեկ մեղադրանք է առաջադրվել Մատենադարանի փոխտնօրեն Արշակ Բանուչյանին: Արդեն «ավանդական» մի քանի հոդվածների հետ միասին նրան մեղադրում են նաեւ ՔՕ 154.1-ով՝ «Կեղծ ընտրական քվեաթերթիկներ կամ քվեարկության ծրարներ պատրաստելը կամ ակնհայտ կեղծ ընտրական քվեաթերթիկներ կամ քվեարկության ծրարներ հանձնելը կամ իրացնելը»: Սա պատժվում է ազատազրկմամբ՝ 3-7 տարի ժամկետով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել