Այս տարվա ընթացքում Հայաստան ներկրվող ցորենի մաքսային արժեքը չի փոխվել, ինչը նշանակում է, որ հացահատիկը ներկրվել է նույն գնով, ինչ նախկինում: Սակայն փետրվարի համեմատ՝ մարտին ալյուրը Հայաստանում թանկացել է ավելի քան 9,7%-ով: Ուստի, որքան էլ պետական պաշտոնյաները փորձում են համոզել, որ մեր երկրի թանկացումների պատճառը միջազգային շուկայի գնաճն է, այնուամենայնիվ, այդ գնաճը, ըստ էության, առաջացել է ներքին շուկայում: Արդյոք գների թանկացումը «սպեկուլյատիվ» բնո՞ւյթ է կրում, թե ոչ՝ մինչ այսօր չի կարողանում պարզել վարչապետի հանձնարարությամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը: Երեկ հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ հանձնաժողովի անդամներից մեկն այսպիսի դիտարկում արեց. «Սալեքս գրուպի» խանութներում նույն ընկերության արտադրած 1 կիլոգրամ ալյուրը վաճառվում է 230-280 դրամով, մինչդեռ մանրածախ այլ խանութներում այն վաճառվում է 480 դրամով: Այսինքն, ստացվում է, որ ալյուրի թանկացումը, ամենայն հավանականությամբ, «սպեկուլյատիվ» բնույթ է կրում: Այդուհանդերձ, հանձնաժողովի մյուս անդամները խուսափում էին դա խոստովանել՝ պնդելով, որ Հայաստանում գնաճն օբյեկտիվ պատճառներ ունի: Առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Վահրամ Ղուշչյանի հավաստմամբ՝ դրսում գնաճն ավելի մեծ տեմպեր է ունեցել, քան Հայաստանում, օրինակ՝ բուսական յուղի գինը միջազգային շուկայում աճել է մոտ 180%-ով, իսկ Հայաստանում՝ ընդամենը 140%-ով: Ըստ Վ. Ղուշչյանի, մեր երկրում գները դեռ մի բան էլ բարձրանալու տեղ ունեն, բացի այդ, նրա համոզմամբ՝ բնակչության թիվն ավելացել է, դրամական եկամուտները մեծացել են, ապրանքների սպառման ծավալներն աճել են, ուստի նման հանգամանքներում գնաճից չէինք կարող խուսափել: Նույն կարծիքին է նաեւ հանձնաժողովի ղեկավար, առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանը: Նրա ելույթից կարելի էր կարծել, որ մարդիկ պետք է դեռ մի բան էլ տնտեսվարողներից գոհ լինեն, որ ապրանքների գներն այնքան չեն թանկացնում, որքան կարող են: Ն. Երիցյանի խոսքերով՝ «Չնայած գները Հայաստանում իսկապես արագ են աճում, բայց մեր եկամուտներն էլ են արագ աճում: Մարդիկ անմիջապես նկատում են, որ մի ապրանքը, ասենք, 90 դրամից 150 դրամ է դարձել, բայց չեն մտածում, որ այն կարող էր լինել ոչ թե 150, այլ 200 դրամ»:Մարտի 25-ին 7 խոշոր խանութներում իրականացրած մոնիտորինգի արդյունքում հանձնաժողովն արձանագրել է, որ այս տարվա փետրվարի նկատմամբ հացի գինն աճել է 13%-ով, կլորավուն բրնձի գինը՝ 29,6%-ով, ձեթի որոշ տեսակներինը՝ 5,8%-ով, շաքարավազինը՝ 5,9, իսկ կարագի որոշ տեսակներինը՝ 2,1%-ով: Իսկ վիճծառայության տվյալներով՝ այս տարվա մարտին նախորդ տարվա մարտի համեմատ կենդանական յուղը թանկացել է 45,3%-ով, մարգարինը՝ 30,2%-ով, ալյուրը՝ 61,5%-ով: Մինչդեռ, Ն. Երիցյանի տրամաբանությամբ՝ մարդիկ այդքան «համեստ» թանկացումների համար պետք է հայտնի օլիգարխներին շնորհակալություն հայտնեն: