Լրահոս
Օրվա լրահոսը

«Վհուկների ո՞րս»՝ ԵՊՀ-ում

Մարտ 27,2008 00:00

«Առավոտի» տեղեկություններով, ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի բազմամյա վարիչ Սամվել Կարաբեկյանը մարտի 1-ից հետո զրկվել է պաշտոնից՝ բուհի ՀՀԿ-ական ղեկավարության «նախասիրություններին» հակառակ քաղաքական համակրանքներ ունենալու պատճառով: Ավելին, լուծարվել է նաեւ նրա կողմից ղեկավարվող նորաստեղծ Համալսարանական կրթության զարգացման վարչությունը: Պրն Կարաբեկյանը հեռախոսով հայտնեց, որ համալսարանում փորձում են հարցի իրավական կողմը գոնե քիչ թե շատ ապահովել. «Ես շուրջ 10 տարի արաբագիտության ամբիոնի վարիչն էի: Երբ երկու տարի առաջ համալսարանում նոր ռեկտոր ընտրվեց, նկատի առնելով փորձառությունս, ինձ առաջարկվեց կազմակերպել նաեւ բարեփոխումների ընթացքը համալսարանում, որի համար ստեղծվեց համապատասխան վարչություն: Ես համաձայնեցի աշխատել համատեղության կարգով, ասելով, որ իմ ակադեմիական գործունեությունը՝ ամբիոնը, ավելի կարեւոր եմ համարում»: Պրն Կարաբեկյանը տեղյակ է եղել, որ վարչությունը պիտի լուծարվի, թեեւ իրեն այդ մասին պաշտոնապես չեն տեղեկացրել, չնայած գործի բերումով հաճախ էր հանդիպում ռեկտոր, ՀՀԿ անդամ Արամ Սիմոնյանի հետ: Ինչ վերաբերում է ամբիոնին, որտեղ Կարաբեկյանն այժմ կես դրույքով է աշխատում, այս մասին էլ մեր զրուցակիցն ասաց. «Իմ պայմանագրի ժամկետը ավարտվում էր մարտի 1-ին: Նման դեպքերում նշանակվում է նոր մրցույթ եւ մինչեւ դրա անցկացումը՝ մարդը շարունակում է պաշտոնավարել: Իմ պայմանագիրը, սակայն, լուծվեց եւ ամբիոնի վարիչի պարտականություններն էլ դրվեցին դեկանի վրա: Վարչության մասին էլ ասեմ, որ չսպասելով 15 օր հետո նրա լուծարվելուն, ես դիմում գրեցի այն բովանդակույթյամբ, որ չվիճարկելով հարցի իրավական կողմը, այնուամենայնիվ, այստեղ նկատում եմ ակադեմիական էթիկայի նորմերի խախտում եւ խորապես համոզված լինելով, որ հենց այդպիսի նորմերով ձեւավորվող մշակույթն է հիմնական գրավականը համալսարանական բարեփոխման, այլեւս հնարավոր չեմ համարում կատարել այդ պարտականությունները»: Ըստ պրն Կարաբեկյանի, հարցն ունի քաղաքական ենթատեքստ, եւ ԵՊՀ-ում այլ է վերաբերմունքը բոլոր համալսարանականների հանդեպ, որոնք քարոզարշավի շրջանում աշխատանքային ժամերին չեն գնացել «Առաջ, Հայաստան» քարոզելու ու որոնց քաղաքական համակրանքը հակադիր ճամբարին է վերաբերում. «Համենայնդեպս, ոմանք սկսեցին ունենալ պրոբլեմներ, ինձ էլ են մի քանի անգամ զգուշացրել, թե ինչ-ինչ բաներ եմ տարածում, չնայած որեւէ կերպ համալսարանի կանոնադրությունը չեմ խախտել»: Նշենք, որ արաբագիտության ամբիոնի կոլեկտիվը դատապարտել է ամբիոնի վարիչի հետ կատարվածը:ԵՊՀ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Կարեն Գրիգորյանն «Առավոտին» ասաց. «Ոչ ոք նրան (Կարաբեկյանին. – Գ.Հ.) չի զրկել ամբիոնի վարիչի պաշտոնից, պարզապես պայմանագրի ժամկետն է լրացել»: Ըստ նրա, Ս. Կարաբեկյանի ղեկավարած վարչությունն էլ ոչ թե լուծարվել է, այլ վերակազմակերպվել նոր բաժնի: Մեր այն դիտարկմանը, թե «վհուկների որս» է սկսվել ԵՊՀ-ում, եւ մարդիկ պատժվում են իրենց քաղաքական համոզմունքների համար, նա պատասխանեց, որ նման բան չկա, եւ ռեկտորը չի կարող վերահսկել, թե 1500 դասախոսից ով ինչ հայացքներ ունի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել