Լրահոս
Օրվա լրահոսը

ՑՈՒՅՑ ԵՎ ԽՈՒՃԱՊ՝ «ԲՐՅՈՒՍՈՎՈՒՄ»

Մարտ 27,2008 00:00

Երեւանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի մուտքի մոտ 2 օր է՝ ուսանողները ցույց են անում, ինչի առնչությամբ բուհի ոչ մի պաշտոնյա չկամեցավ որեւէ մեկնաբանություն տալ: Մեր այցելության պահին հավաքվածներն արդեն ցրվել էին, իսկ բուհի անվտանգության աշխատակիցները շուրջկալում էին այն ուսանողներին, որոնք ցանկանում էին զրուցել «Առավոտի» հետ: Հիշեցնենք, որ մարտի 25-ին բուհի ղեկավարության կողմից վարձերը ժամանակին չվճարելու պատճառաբանությամբ սառեցվել էին բազմաթիվ ուսանողների անցակետային քարտերը եւ վերջիններս չէին կարողացել ներս մտնել: Այսօր անցակետերն արդեն բաց էին, բայց, միեւնույն է՝ շատերին մտահոգում էր նույն հարցը՝ ինչո՞ւ է բուհի ղեկավարությունը այդպիսի դիրքորոշում որդեգրել, չէ՞ որ ուսանողներին նախկինում միշտ էլ հնարավորություն է տրվել վարձերը վճարել մինչեւ մայիսի 15-ը: «Առավոտի» հետ զրույցում ուսանողները տեղեկացրին, որ ռեկտորատը մինչեւ ապրիլի 1-ը ժամանակ է տվել վարձերը մարելու, հակառակ դեպքում՝ բուհի դռները կրկին փակ կլինեն իրենց առաջ: «Դրանից հետո չգիտենք, հեռացումներ կլինե՞ն, թե՞ ոչ: Եթե վճարները չտանք, իհարկե հնարավոր է լինեն…»,- նեղսրտեց իտալերենի բաժնի ուսանող Նունե Դավթյանը: Մյուս ուսանողների կարծիքով (խնդրեցին անուններ չհրապարակել) իրենք անակնկալի են եկել, որովհետեւ բուհի ղեկավարությունը հապճեպ է այդ որոշումը կայացրել, արդյունքում շատ-շատերը զրկվել են այս շրջանում ընթացող միջանկյալ, մոդուլային քննությունները հանձնելուց: «Երբ հարց ենք տալիս, թե ինչո՞ւ եք այդպես վարվում մեզ հետ, լուրջ պատճառներ չեն բերում: Ասում են, թե նախորդ տարիներին զիջումների են գնացել ու մեզ լավություն են արել»,- ասաց մի երիտասարդ: Ուսանողները տեղեկացրին նաեւ, որ առաջիկայում կրկին ցույց կանեն, եթե շարունակվեն ճնշումներն իրենց նկատմամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել