Լրահոս
Օրվա լրահոսը

Տո՞ն է, արդյոք, մարտի 27-ը

Մարտ 27,2008 00:00

Ի՞նչ է տալիս Թատրոնի միջազգային օրը

Այսօր Թատրոնի միջազգային օրն է: Այն նշվում է 1964 թվականից: Նախաձեռնության համահեղինակներից էր Ռուսաստանի թատերական ընկերության նախագահ, կարկառուն կոմունիստ ու ռեժիսոր Միխայիլ Ցարյովը: Միայն այն հանգամանքը, որ այս տոնը սկզբում ընդունված էր ԽՍՀՄ-ում եւ սոցճամբարի երկրներում, բավական է կարծիք կազմելու համար, որ Թատրոնի օրը կոմունիստական գաղափարախոսությամբ ստեղծված տոն է:

Ժամանակները փոխվել են, թատերարվեստ է «ներխուժել» նոր մտածողություն, բայց մի բան, այնուամենայնիվ, նույնն է մնացել. Հայաստանում, ինչպես նախկինում, այս մարտի 27-ին էլ կարժեւորվի թատերարվեստի որոշ գործիչների աշխատանքը, նրանց կհանձնվեն ավանդական «Արտավազդներ»:

Արդյո՞ք հնարավոր չէ հրաժարվել Թատրոնի օրը ձեւական, զուտ «գալոչկայի» համար նշելուց ու այն իսկապես տոն դարձնել բոլորի համար: «Առավոտը» այս հարցի պատասխանը լսելու ակնկալիքով փոքր հարցախույզ անցկացրեց:

ՀՀ մշակույթի փոխնախարար Կարինե Խոդիկյանը կարծում է, որ դա զուտ պրոֆեսիոնալ տոն է, ու «թիրախն» էլ թատրոնն է. «Այս օրը տոն է առաջին հերթին թատրոնի գործչի համար եւ, իհարկե, այն հանդիսատեսի համար, որը գալիս է թատրոն: Բնականաբար, կանցկացվի «Արտավազդ» մրցանակաբաշխություն, կհավաքվեն մարդիկ իրենց սիրելի հարկի տակ, կշփվեն, մտքեր կփոխանակեն: Մարտի 27-ին բոլոր թատրոններում կկայանան ներկայացումներ, ինչը, համոզված եմ, բեմի մարդու ու հանդիսականի համար հաճույք է…»: Ինչ վերաբերում է Թատրոնի միջազգային օրը իսկապես տոն դարձնելուն, տիկին Խոդիկյանը նշեց, որ ամենեւին էլ պարտադիր չէ այն դարձնել համաժողովրդական. «Ես մշտապես վախեցել եմ նման մեծ միջոցառումներից»:

Թատերական գործիչների միության (ԹԳՄ) նախագահ Հակոբ Ղազանչյանն ասաց, որ իրենք տոնը նշում են լավ աշխատանքներով ու խոստացավ, որ մեծ շուքով կանցկացվի նաեւ «Արտավազդ» մրցանակաբաշխությունը: Իսկ եթե Թատերական գործիչների միության ձեռքբերումները մենք չենք նկատում, դա մեր խնդիրն է: Պարոն Ղազանչյանը տեղեկացրեց, որ այսօր կբացվի ԹԳՄ-ի թատերաբեմը՝ «Չեմ խոստանում ծիծաղել» ներկայացմամբ (բեմադրիչ՝ Ա. Էլբակյան), ըստ Վիլյամ Սարոյանի ստեղծագործությունների:

«Գոյ» թատրոն-լաբորատորիայի գեղարվեստական ղեկավար Արմեն Մազմանյանն էլ հավաստիացրեց, որ մշակույթի նախարարության հետ համագործակցության արդյունքում ծրագրեր են մտածել, որի իմաստը Թատրոնի միջազգային օրը տոն դարձնելն է. «Մարտի 27-ը պետք է իսկապես դառնա թատրոն, այլ ոչ թե ընդամենը կոչումների բաժանման օր: Այս տարի չհասցրինք, բայց հաջորդ տարի Թատրոնի միջազգային օրվա առիթով կկազմակերպվեն գեղեցիկ միջոցառումներ ոչ միայն մշակութային օջախներում, այլ նաեւ փողոցներում ու հրապարակներում…»:

Ազգային օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը հայտնեց, որ կոնկրետ իրենց թատրոնը պրոֆեսիոնալ տոնը կնշի 1 օր ուշացումով. «Կկայանան Էդգար Հովհաննիսյանի Երրորդ սիմֆոնիայի երաժշտությամբ՝ «Վարդանանք» եւ Պիացոլլայի տանգոների հիման վրա բեմադրած՝ բալետների պրեմիերաները, որոնց խորեոգրաֆն է Ռուդոլֆ Խառատյանը»:

Երեւանի խորեոգրաֆիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Մաքսիմ Մարտիրոսյանի համոզմամբ, ցանկացած ուղղվածության թատրոն պետք է «բերքառատ» լինի ոչ միայն պրեմիերաներով, այլեւ նոր անուններով: Նրա ձեւակերպմամբ, պրեմիերաները տոն են ոչ միայն թատրոնի մարդու, այլեւ հանդիսականի համար. «Իհարկե, ցանկալի կլիներ, որ հենց մարտի 27-ին հանրապետության բոլոր թատրոններում կայանային պրեմիերաներ, որ հանդիսատեսը լայն ընտրություն ունենար, խճճվեր դրանց մեջ ու նրա համար դժվար լիներ ընտրելը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել