Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ

Մարտ 27,2008 00:00

\"\"Երկուսն էլ հաղթանակ են խոստանում

Շաբաթ օրը IBF-ի վարկածով միջին (72,574 կգ) քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը, որը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած բոլոր 25 մենամարտերում էլ հաղթել է (20-ը՝ նոկաուտով), Գերմանիայի Կիլ քաղաքի «Շպարկասեն Արենա» մարզասրահում անցկացնելու է իր չեմպիոնական գոտու պաշտպանության յոթերորդ մենամարտը: Այս անգամ նրա մրցակիցը IBF-ի մարտ ամսվա վարկանիշային դասակարգման ցուցակում 15-րդ հորիզոնականը զբաղեցնող Էլվին Այալան է:

«Առավոտի» երեկվա համարում տեղեկացրել էինք, որ ամերիկացին հաղթելու հույսեր է փայփայում ու դա փորձելու է անել՝ նախապատվությունը տալով մերձամարտին: Մարտի 25-ին երկու բռնցքամարտիկներն էլ ընդունված կարգի համաձայն լրատվամիջոցների համար բաց մարզում են անցկացրել, որից հետո Այալան վերահաստատել է իր մտադրությունը, իսկ Աբրահամը, ինչպես միշտ, իր հայտարարությունների մեջ զուսպ է եղել՝ ասելով. «Ես գերազանց մարզավիճակում եմ եւ այս անգամ էլ պատրաստվում եմ հաղթել»:

Եթե Արթուր Աբրահամը հաղթի, հաջորդ մարտն անցկացնելու է հունիսի 6-ին՝ Նյու Յորքի հանրահայտ «Madison Square Garden»-ում: Իսկ այդ օրը ո՞վ կլինի նրա մրցակիցը, առայժմ հայտնի չէ:

Արոնյանն անհասանելի՞ է դառնում

Ֆրանսիայի Նիս քաղաքում ընթացող շախմատի «Ամբեր» միջազգային հեղինակավոր մրցաշարի ավարտին մնում է «աշխատանքային» երկու օր:

Մրցաշարում, որ անցկացվում է 17-րդ անգամ, գերազանց է հանդես գալիս հայաստանցի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը: Նա 9-րդ տուրում «կույր» եւ արագ շախմատներում հանդիպեց ռուսաստանցի Ալեքսանդր Մորոզեւիչի հետ եւ երկու անգամ էլ պարտության մատնեց նրան: Ընդ որում, Մորոզեւիչն առաջին դեպքում իրեն պարտված ճանաչեց 49-րդ, իսկ երկրորդում՝ 59-րդ քայլում:

Այս հաղթանակներից հետո Արոնյանը դարձավ բացարձակ առաջատար: Նա մրցաշարային աղյուսակը գլխավորում է ինչպես «կույր»՝ 5,5 եւ արագ շախմատներում՝ 7,0, այնպես էլ ընդհանուր հաշվարկում՝ 12,5 միավոր՝ ամբողջ 2,5 միավորով գերազանցելով իրեն հետապնդող Վլադիմիր Կրամնիկին, Պետեր Լեկոյին եւ Մագնուս Կարլսենին: Հայ գրոսմայստերի եւ մերձակա շախմատիստների միջեւ միավորների տարբերությունը, մանավանդ «Ամբերի» կարգի մրցաշարում, այքան մեծ է, որ մասնագետները դրա ավարտից արդեն երկու տուր առաջ չեն կասկածում նրա վերջնական հաղթանակին: Բայց մինչ այդ, Արոնյանը երեկ դեռ պետք է հաջող անցներ Կրամնիկի, իսկ այսօր՝ Լեկոյի արգելքները:

Երեկ, երբ թերթն արդեն իջնում էր տպագրության, Արոնյան-Կրամնիկ հակամարտության առաջին փուլը՝ «արագ» շախմատն, ավարտվել էր ոչ-ոքի:

Առաջին տեղում

Հայաստանցի գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը, որը վերջին տարիներին բնակվում է Միացյալ Նահանգներում եւ հանդես գալիս այդ երկրի դրոշի ներքո, Կանբերայում (Ավստրալիա) անցկացված Դյոբերլի գավաթի խաղարկությունում 9,0 հնարավորից վաստակելով 7,5 միավոր, դարձել է միջազգային այդ ներկայացուցչական մրցաշարի միանձնյա հաղթող:

Առաջին եռյակում

Շվեդիայի մայրաքաղաքում ավարտվեց շախմատի «Ladi Open» առաջին միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին 36 երկրների 126 շախմատիստուհիներ: Հայաստանն այդ մրցաշարում ներկայացնող կանանց գրոսմայստեր Էլինա Դանիելյանը ինը հնարավորից վաստակելով 7,0 միավոր, նույնքան, որքան սլովենիացի Աննա Մուզիչուկը եւ վրաստանցի Նինո Խուխաշվիլին, բաժանել է 1-3-րդ տեղերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել