Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԼՈՒԽ ԳՈՎԵԼՈՒ ՏԵՂ ՉՈՒՆԵՆՔ

Մարտ 27,2008 00:00

\"\"Միջազգային կրթական ստուգատեսներում Հայաստանի դպրոցականները չեն փայլում

1950-ականներից աշխարհի շատ երկրներում իրականացվում են աշակերտների գիտելիքների գնահատման ստուգատեսներ, որոնց նպատակը ոչ միայն աշակերտների առաջադիմության մակարդակը բացահայտնելն է, այլեւ տվյալ երկրների կրթական համակարգերի վիճակը եւ հետագա զարգացման միտումները պարզելը: Մաթեմատիկայի եւ բնագիտական առարկաների գծով ամենահեղինակավոր ստուգատեսներից մեկն աշխարհում «TIMSS»-ն է (Trends in International Mathematics and Science Study), որն անցկացվում է 4 տարին մեկ անգամ՝ 4-րդ եւ 8-րդ դասարանցիների համար:

«TIMSS-2003»-ին առաջին անգամ շուրջ 50 երկրների թվում մասնակցել է Հայաստանը: «TIMSS-2007»-ին էլ ենք մասնակցել: Վերջինիս արդյունքները դեռ ամփոփված չեն եւ պարզ կլինեն միայն այս տարվա վերջին: «TIMSS»-ի ազգային համակարգող, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, ԳԹԿ փոխտնօրեն Արսեն Բաղդասարյանը որոշ հետաքրքրական մանրամասներ ներկայացրեց «Առավոտին»: Նա հայտնեց, որ վերոնշյալ հետազոտությունը մեր երկրում իրականացվում է մոտ 150 դպրոցներում (դա ՀՀ դպրոցների 10%-ն է): Երրորդ անգամ Հայաստանը հետազոտությանը կմասնակցի 2011-ին՝ դարձյալ 4 տարի անց: «Այդ քառամյա ցիկլը նման է ֆուտբոլի աշխարհի առաջնության: Հետազոտության ավարտին, բոլոր արդյունքները վերլուծելուց հետո, վերջնական մի աղյուսակ է կազմվում, որտեղ միջինացված ցուցանիշներով տեղերի բաշխում է կատարվում: Սովորաբար, առաջին տեղերում ասիական երկրներն են լինում՝ Կորեա, Սինգապուր, Թայվան..»,- ասաց մեր զրուցակիցը: Խնդրեցինք նշել, թե որ տեղում էր Հայաստանը 2003-ի տվյալներով: «Տեղ, որպես այդպիսին, մեծ հաշվով չկա: Նշեմ միայն, որ 2003-ին 8-րդ դասարանի մաթեմատիկայից մենք եղել ենք միջազգային միջինից մի փոքր բարձր: 4-րդ դասարանի մաթեմատիկայից, բնագիտական առարկաներից, ինչպես նաեւ 8-րդի բնագիտականից՝ միջինից էլ ցածր էինք: Փաստեմ, որ մեզանից ավելի հետ էին բազմաթիվ բարեկեցիկ երկրներ, օրինակ՝ արաբական երկրները, որտեղ յուրաքանչյուր նորածին արդեն իսկ միլիոնատեր է…»,- պատասխանեց Ա. Բաղդասարյանը:

Հետաքրքրվեցինք, օրինակ, 2003-ից հետո ի՞նչ հետեւություններ արվեցին Հայաստանի համար: «Վերլուծությունները՝ հատորներով են, դրանք պիտի մանրամասն, տարիներով ուսումնասիրվեն, դրանցով ամբողջ համակարգը պիտի զբաղվի՝ սկսած հանրակրթական դպրոցներից»,- նշեց մեր զրուցակիցը: Մեր հաջորդ հարցին՝ ինչպե՞ս է Հայաստանը հայտնվել «TIMSS»-ի ստուգատեսում, պրն Բաղդասարյանը պատասխանեց, որ աշխարհում գիտելիքի ստուգման հիմնական ճանապարհներից մեկը թեստն է, իսկ Հայաստանը «թեստային համակարգի հետ շփվող, թեստային ստուգմանն ընտելացած, կրթական բարեփոխումների փուլում գտնվող երկրների ցուցակում է»:

Պարզվում է, Հայաստանի առաջին մասնակցության ժամանակ նույնիսկ ուսուցիչներին ու տնօրեններին է հարկ եղել բացատրել, թե ինչ է իրենից ներկայացնում «TIMSS»-ի ստուգատեսը: «Թեեւ ծրագրային նյութը թեթեւ էր, առաջադրանքների բնույթը, ձեւակերպումները բացարձակ անծանոթ էին: Որոշ երեխաներ ալարել են կարդալ անսովոր առաջադրանքները ու վերադարձրել են դատարկ հարցաթերթիկները»,- տեղեկացրեց ԳԹԿ փոխտնօրենը: Բանն այն է, որ տարիներ շարունակ ՀՀ դպրոցական ու բուհական քննությունների ժամանակ, օրինակ՝ մաթեմատիկայից, հարցերը հիմնականում ձեւակերպվում են հետեւյալ շաբլոն արտահայտություններով՝ «լուծել հավասարումը», «պարզեցնել արտահայտությունը»: Նշենք, որ աշակերտները լրացնում են 2 տիպի գրքույկ-հարցաթերթիկ: Մեկը գիտելիքների գնահատման համար է, մյուսում կենցաղային եւ այլ բնույթի հարցեր են՝ ընտանիքի, դպրոցի, հայրենիքի մասին: Երկրորդ տիպի հարցաթերթիկներից լրացնում են նաեւ ուսուցիչներն ու դպրոցների տնօրենները: Ըստ պրն Բաղդասարյանի, նրանք էլ են ունեցել դատարկ հարցաթեթիկներ, ինչը, բնականաբար, դրական երեւույթ չի կարող համարվել: Օրինակ, 4-րդ դասարանի մի ուսուցչի հարցաթեթիկներում էլ եղել են մոտավորապես 31% անվավեր պատասխաններ: «Մենք մեր մասին հաճախ մեծ կարծիքի ենք, «TIMSS»-ի տվյալներն այլ բան են ասում: Ուրիշ է, երբ երեխան փորձում է լուծել առաջադրանքը ու սխալվում է, ուրիշ է, երբ ուղղակի խզբզում կամ, ասենք, ծաղիկներ է նկարում, առավել ցավալի է, երբ դատարկ տետր է վերադարձնում: Երեք դեպքում էլ զրո է նշանակվում, բայց յուրաքանչյուր դեպքի համար առանձին կոդ է օգտագործվում…»,- նշեց պրն Բաղդասարյանը:

ԳԹԿ-ի փոխտնօրենի համոզմամբ, միջազգային ստուգատեսներին ավելի հաջող կներկայանայինք, եթե ունենայիք ազգային ստուգատեսներ: Բոլոր երկրները, որոնք 5-6 անգամ են մասնակցում «TIMSS»-ին, իրենց ազգային հետազություններն են անցկացնում մարզ առ մարզ, անգամ քաղաք առ քաղաք, ինչը չենք կարող ասել Հայաստանի համար: Մեր դեպքում՝ պատճառը ֆինանսական է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել