Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոսը մայրաքաղաքին, «Ա1+»-ին

Մարտ 27,2008 00:00

\"\"Աղոթում էր «ԳԱԼԱ»-ի փրկության համար

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի՝ անկախ հեռուստաընկերության հասցեին հնչեցրած քննադատությունից հետո ավելացավ լրատվական ալիքին օգնողների թիվը:

«ԳԱԼԱ» հեռուստաընկերությունից «զզվող» քաղաքապետը չորս օր առաջ «Շանթի» ուղիղ եթերում գյումրեցիներին կոչ արեց «քոռ կոպեկ» անգամ չներդնել հեռուստաընկերության «փրկության» համար, քանի որ, նրա մեկնաբանմամբ՝ «ԳԱԼԱ»-ն «եղբայրասպան ՀՀՇ-ի պես ֆինանսավորողներ ունի»: Քաղաքապետի խոսքը ճիշտ հակառակ ազդեցությունն ունեցավ: Ինչպես կատակում են հեռուստաընկերությունում, «եթե քաղաքապետը մի քանի օր շուտ ասեր իր ճառը, յոթ օրվա փոխարեն դրամահավաք-հեռուստամարաթոնը երկու օրում կավարտեինք»: Նկատենք, որ քաղաքապետից բացի, հեռուստամարաթոնի ձախողմանը կարծես թե «լծված» էր նաեւ «Յունիբանկը», որում Վահան Խաչատրյանի անունով բացված հաշվեհամարին սփյուռքահայերը մեծ գումարներ էին փոխանցում, սակայն այդպես էլ տեղ չէր հասնում:

Գյումրիի անկախ լրատվական ալիքին հաջողվեց վճարել հարկայինի «նկարած» 26 միլիոն 899 հազար 955 դրամի պարտքը՝ բացառապես տեղի հայերի նվիրատվության շնորհիվ: Ամերիկահայ գործարարներից մեկը (անուն-ազգանունը չենք հրապարակում նրա խնդրանքով) օրեր շարունակ զանգահարում էր «ԳԱԼԱ» ու հարցնում, թե ո՞ւր անհետացավ իր փոխանցած տասը հազար դոլարը, մյուսներն էլ ստիպված էին ինտերնետով հեռուստաընկերությանը ուղարկել փոխանցման անդորրագրերը: Դատական ակտերի հարկադիր կատարողները որպես պարտքի փակման վերջնաժամկետ՝ նշանակել էին մարտի 25-ը: Սակայն այստեղ էլ փրկության հասան հանրապետության մարզերի ազատատենչ բնակիչները՝ գործազուրկներից, ծեր թոշակառուներից մինչեւ մեծահարուստ գործարարները: Որքան էլ զարմանալի ու տարօրինակ հնչի, «ԳԱԼԱ»-ի փրկությանը մասնակցեցին նաեւ հեռուստաընկերությանը դատող դատավորներն ու հարկայինի օպերլիազորները, նույնիսկ ոստիկաններն ու դատական ակտերի հարկադիր կատարողները, որոնք, մեր զրուցակիցների վստահեցնելով, կեղծ անունների տակ բավականին մեծ գումար են փոխանցել հեռուստաընկերությանը՝ այսպիսով մեկ անգամ եւս ապացուցելով, որ «ԳԱԼԱ»-ին հալածելը զուտ քաղաքական պատվեր էր:

Մարզի միակ պաշտոնյան, ով հնգամսյա պայքարի սկզբից մինչեւ վերջ կանգնեց հալածվող հեռուստաալիքի կողքին, Շիրակի հոգեւոր թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աճապահյանն էր: Վերջինս, ըստ մեր հավաստի տեղեկությունների, դեռեւս մեկ ամիս առաջ եկեղեցում ժամերգություն էր մատուցում ու աղոթում հեռուստաընկերության փրկության համար:

Ըստ «ԳԱԼԱ»-ի քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանի. «Ճիշտ է, իշխանական շատ օղակներ փորձեցին հարցը քաղաքականացնել, ասելով, թե մեր հեռուստաընկերությունը էս կամ էն կուսակցությանը կպատկանե, հետեւաբար պետք չէ, ժողովուրդ, հանգանակություն կատարել, սակայն հստակ երեւաց, որ այստեղ խնդիրը քաղաքական չէ: Զգացվեց, որ մարդիկ, անկախ իրենց քաղաքական կողմնորոշումներից, անկախ նրանից, թե ում են իրենց ձայնը տվել՝ Սերժ Սարգսյանին, Վահան Հովհաննիսյանին, թե Լեւոն Տեր-Պետրոսյանին, նրանք մեզ հետ են, նրանք գալիս էին իրենց քաղաքացիական ազատությունները պաշտպանելու պարտավորվածությունից: Ի վերջո, ժողովրդին հաջողվեց իշխանություններից գնել հեռուստաընկերությունը, կարծում եմ, որ հեռուստամարաթոնին այսպիսի ակտիվությամբ մասնակցելը շատ ավելի ուժեղ ապտակ էր իշխանություններին, քան Լեւոն Տեր-Պետրոսյանի հավաքած երեք-չորս հարյուր հազարանոց միտինգներն էին»:

«ԳԱԼԱ» հեռուստաընկերության եւ խոսքի ազատության պաշտպանության շտաբի համակարգող Լեւոն Բարսեղյանի գնահատմամբ էլ. «Մենք այսօր դաս տվեցինք Հայաստանում իշխող վարչահրամայական ռեժիմին, հույս ունեմ, որ իրենք դասեր կքաղեն, կվերանայեն իրենց վարկը, պահվածքը լրատվամիջոցների նկատմամբ, կհասկանան, վերջապես, որ չի կարելի հենց այնպես ելնել, գրոհել ազատ խոսքը եւ ազատ խոսքը կրողներին: Այսուհետեւ ռեժիմը, ռեժիմի մանկլավիկները, ովքեր քնից ելնում ու մտածում են, թե ինչպես կարող են վնաս տալ խոսքի ազատությանը, պիտի իմանան, որ ամեն անգամ երբ մտքներով անցնի, որ պիտի հարձակվեն խոսքի ազատության վրա՝ ոտքերը քարին է դիպչելու: Ես գիտեմ, որ իրենք պատրաստ են նորանոր մեթոդներ, սխեմաներ կիրառել, բայց հավատացեք՝ ոչինչ աշխարհում նոր չէ: Փառք ու պատիվ բոլորին, նրանց անունը դարեր շարունակ պահվելու է իմ կողմից կազմված «փառքի ցուցակում»: Հեռուստաընկերությունը պատրաստվում է ժողովրդի հաղթանակը նշել համահայկական մատաղ անելով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել