Հարցազրույց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի հետ
– Պրն Հարությունյան, մարտի 1-ի դեպքերի հետ կապված, երբ իրար բախվեցին իրավապահներն ու ցուցարարները, պաշտպանի գրասենյակ քանի՞ քաղաքացի է դիմել, ի՞նչ պահանջներով:
– Անկեղծ ասած, դիմումներն այդքան շատ չէին: Հիմնականում ստանում էինք հեռախոսային ահազանգեր, որոնք չէինք հասցնում գրանցել: Ոստիկանության մի բաժնից մյուսն էինք վազում, արտակարգ իրավիճակի մեջ էինք, հազիվ հասցնում էինք բերման ենթարկվածների ետեւից գնալ: Այդ նպատակով ստեղծվեցին աշխատանքային խմբեր, որոնք այցելում էին հիվանդանոցներ, դիահերձարան եւ քրեակատարողական հիմնարկներ, մասնավորապես՝ «Նուբարաշեն», «Երեւան-Կենտրոն», «Վարդաշեն», ուր պահվում էին այդ գործով կալանավորվածները: Այս պահին, երբ մենք զրուցում ենք, աշխատանքային խմբի անդամները հանդիպում են «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում գտնվող Սուրեն Սուրենյանցի հետ, որը երկու օր առաջ հացադուլ է հայտարարել: Մարտի 7-ից հետո հնարավոր եղավ գործել նաեւ սեփական նախաձեռնությամբ: 107 կալանավորվածներից հասցրել ենք հանդիպել 60-ի հետ:
– Ունեի՞ք բավարար ներուժ՝ մարզերում իրավիճակին ծանոթանալու եւ դրանց արձագանքելու համար. մարտի 1-ի զարգացումներն անհետեւանք չէին նաեւ այնտեղ:
– Մեր ռեսուրսները նախատեսված չէին նմանատիպ իրավիճակի համար: Չնայած դրան, փորձել ենք առավելագույնն անել: Եղել ենք Գյումրիում եւ Վանաձորում:
– Եղե՞լ են աշխատանքային խմբերին խոչընդոտելու դեպքեր:
– Խոչընդոտները տեխնիկական բնույթի էին, մասնավորապես՝ որոշ քրեակատարողական հիմնարկներ մեր խմբերին թույլ չէին տալիս մտնել (օրենքով սահմանված է մեր այդ իրավունքը), եւ միայն ղեկավարության միջամտությունից հետո էին թույլ տալիս: Մեզ դիմել են փաստաբաններ, ԱԺ պատգամավորներ, որոնք հայտնել են, թե արգելում են իրենց պաշտպանյալների, կալանավորվածների հետ հանդիպել: Պաշտպանի գրասենյակի միջոցով հաղթահարվել է եւ այդ խնդիրը:
– Պրն Հարությունյան, ասացիք, որ գնացել եք դիահերձարան: Եթե գաղտնիք չէ, ի՞նչ դիմումների կամ ահազանգի հիման վրա:
– Որեւէ գաղտնիք չկա, որեւէ ահազանգ չի եղել:
– Իսկ թույլատրվե՞լ է մտնել դիահերձարան:
– Խոչընդոտ չի եղել: Մեր նախաձեռնությամբ ենք գնացել այնտեղ: Ուզում էինք ինֆորմացիա հավաքել, հասկանալ, թե ի՞նչ է կատարվում:
– Զոհվածների թվի՞ հետ կապված:
– Մասնավորապես՝ ինչի՞ց են մահացել, ի՞նչ է եղել:
– Մարդու իրավունքների պաշտպանը եզրակացությա՞մբ պետք է ամփոփի ձեռք բերված տեղեկատվությունը:
– Հետո կմտածենք:
– Պաշտպանի գրասենյակն արտակարգ իրավիճակի ռեժիմով աշխատելու օրերին այլ գործերով քաղաքացիներից դիմումներ ստացե՞լ է:
– Պետք է նշեմ, որ դիմումների հոսքն ավելացել է: Պատճառն այն էր, որ երեւի միակ ինստիտուտն էինք, որի գործունեությունը որեւէ ձեւով մեծ փոփոխությունների չենթարկվեց: Մեր լիազորությունների դաշտը չսահմանափակվեց: Պարզապես բեւեռացման պայմաններում շատ դժվար է մեր նման ինստիտուտի համար իրավական դաշտից դուրս չմնալը եւ չեզոք դաշտում գործելը: Իմ գնահատականները կես միլիմետրով չեն փոխվել եւ պետք է պայքարել ոչ թե հետեւանքների, այլ պատճառների ուսումնասիրման համար, որպեսզի այս ամենը չկրկնվի: Քաղաքացիական դիրքորոշման առումով ես էլ, դուք էլ մեր մեղքի բաժինն ունենք:
– Պրն Հարությունյան, հայտնի է, որ Դուք ականատես եք Մյասնիկյանի արձանի մոտ կատարվածին: ՀՀ հատուկ քննչական ծառայությունը Ձեզ որպես վկա հարցաքննության կանչե՞լ է, կա՞ն սահմանափակումներ օմբուդսմենի կարգավիճակի հետ կապված:
– Չեն հրավիրել: Մենք այնքան շատ ենք մեր կարծիքը ներկայացրել, որ կարող են դիտել պաշտոնական, ընդունել ի գիտություն, եւ՝ օգտագործել:
– Իբրեւ ականատես, ի՞նչ եք տեսել:
– Նախ ասեմ, որ այդ օրը մի քանի ահազանգ ստացանք, թե «Ա1+»-ն է փակվել: Ընթացքում տեսա, որ ոստիկանները շրջապատել են ցուցարարներին, տարօրինակ կլիներ, որ Պաշտպանը տեսներ աղմուկն ու չմոտենար: Մոտեցա: Այնտեղ էին «Ժառանգություն» կուսակցության պատգամավորները: Ոստիկաններն առաջարկում էին «Դինամո» մարզադաշտի, ապա՝ Մատենադարանի տարածքում հավաքվել, ժողովուրդը մեզ չէր լսում, նրանց էր (պատգամավորներին- Ռ. Մ.) լսում: Մի քանի հոգի եկան, բանակցությունները սկսվեցին զրոյից: Ժ.16.30-ից հետո այնտեղից հեռացել եմ, սակայն մեր գրասենյակից մարդիկ կային, նրանք էլ հետո ասացին, որ ցուցարարները բորբոքված են, բարիկադներ են սարքում…
– Իրավապաշտպան գրասենյակից որեւէ մեկը մասնակցե՞լ է զոհվածների հուղարկավորությանը:
– Նախատեսել էինք, սակայն հետո հոգեբանական կաշկանդվածության խնդիր առաջացավ: Հիմա պետք է հաղթահարենք այդ խնդիրը եւ օրենքով սահմանված կարգով զոհվածներին նեցուկ լինենք:
– Ինչպե՞ս եք վերաբերվում քննադատությանը:
– Նորմալ եմ վերաբերվում: Եթե նկատել եք, մենք չենք ներքաշվում քաղաքականության մեջ: Օմբուդսմենի գործունեությունը նախկին խորհրդային երկրներում չի կարող լինել լավ կամ գերազանց: Այն կարող է լինել բավարար կամ անբավարար: Եվ եթե փորձում ես բավարար մակարդակով գոնե աշխատել, հակասության մեջ ես մտնում քաղաքական համակարգի հետ: Օմբուդսմենը հայելին է իրականության: Նրա խնդիրներից է փոխհարաբերությունների մշակույթում գործել, չլինել մեկի համար լավ, մյուսի համար վատ: Ցավոք, այնպիսի մշակույթ է ձեւավորվել, որ եթե օմբուդսմենը ինչ-որ բան է քննադատում, սկսում են հոդվածներ պատվիրվել նրա դեմ, հեռուստատեսությամբ ընդհանրապես ցույց չտալ: Սա էլ խոսքի ազատության իրավիճակն է: Այսինքն, այս մշակույթով, գոռոզ-գոռոզ 4000-ամյա պատմության բարձունքից կարծում ենք, թե պետություն ենք կառուցում: