Սամվել Շահինյանը նույնպես առաջարկում է ԱԺ արտահերթ ընտրություններ
Լուրեր են շրջանառվում, որ հակասություններ են առաջացել ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի եւ «Ազգային պետություն» կուսակցության ղեկավար, Վ. Մանուկյանի շտաբի պետ Սամվել Շահինյանի միջեւ: Հակասությունների պատճառը իբր այն է, որ Վազգեն Մանուկյանը սկզբունքորեն դեմ չէ համալրել նորաստեղծ կոալիցիան: Այս առիթով «Առավոտի» հետ զրույցում Սամվել Շահինյանն ասաց, որ այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում. «Տարաձայնություններ ինչ-ինչ տեսակետների շուրջ կարող են լինել, եթե մեր մեջ տարաձայնություններ չլինեին՝ 1994 թվականից մենք նույն կուսակցությունում կլինեինք: Պարզապես ես հակված եմ ավելի կատարյալ դաշտում քաղաքականություն վարելու: Ես հիմա էլ չեմ տեսնում այն քաղաքական դաշտը, որտեղ ես իմ գաղափարախոսությամբ պահանջված եմ, իսկ Վազգեն Մանուկյանն այդ հարցերում խնդիր չի տեսնում»: Ընդհանրապես, մեր զրուցակիցը գտնում է, որ պետական իշխանությունը այն աստիճան է մոնոպոլիզացված, նույնիսկ ուզուրպացված, որ համագործակցությունը դիտարկվում է որպես դավաճանություն, իսկ չհամագործակցելը՝ հերոսական կեցվածք: Վերջին օրերին անընդհատ երկխոսության մասին խոսակցություններ են գնում, նման առաջարկություններ է անում նաեւ Սերժ Սարգսյանը: Այդ ամենից Սամվել Շահինյանն այնպիսի տպավորություն ունի, որ երկխոսություն ասելով «իրենք հասկանում են իրենց բացարձակ վերջնագրին համաձայնելու տարբերակ: Ո՞ւմ հետ երկխոսություն: Մի կողմը բացարձակ իշխանություն է, մյուս կողմը՝ 350 հազար մարդ, որոնց մասին «մոռանալով»՝ Արթուր Բաղդասարյանն ասում է՝ մեկ միլիոնը մեր կողմից է: Այսինքն՝ 350 հազարը հայ չե՞ն, մարդ չե՞ն, հասարակության անդամ չե՞ն, եթե ունեն թեկուզ սխալ տեսակետ, ապա իրավունք չունե՞ն ապրելու: Այս անհանդուրժողականության ալիքի վրա ուզում են գալ իշխանության, իսկ այդ 350 հազարի լիդերն էլ իր անհանդուրժողականությամբ չի ուզում մասնակցել որեւէ երկխոսության: Երկուսն էլ ճիշտ են իրենց հոգեբանությամբ»:
Այդ 350 հազարին մեր զրուցակիցը համարում է ազգի առավել ակտիվ հատվածը, որը բերում է թարմություն, նորություն. «Կործանարար, թե՝ բարի, բայց դա է շարժիչ ուժը. իրենք մերժում են շարժիչը՝ ասելով, որ երկխոսության չեն գնում: Երկխոսություն չի կարող լինել որեւէ ամբիոնից զուրկ խմբի եւ բոլոր ամբիոնները գրաված խմբի միջեւ: 350 հազար մարդ համախոհ է մի գաղափարի շուրջ եւ պայքարում է, բայց ԱԺ-ում ոչ մի պատգամավոր չունի»: Այս անհեթեթ իրավիճակից ելքը մեր զրուցակիցը տեսնում է ներկայիս «շինծու, թարախակալած խոց պառլամենտի» լուծարման եւ ԱԺ նոր՝ օրինական ընտրություններ անցկացնելու մեջ: Այլապես այսօրվա երկխոսությունը լինելու է «փող, տարածք, պաշտոն կիսելու մասին, ինչն այդ 350 հազարին պետք չէ»: Եթե արմատական ընդդիմությանը իրական երկխոսության հնարավորություն չտրվի, ապա, ըստ մեր զրուցակցի, իշխանությունն ընդդիմախոս է ունենալու մեկին, ով ցանկանալու է գահը խլել եւ «Սերժ Սարգսյանին երկխոսության հրավիրել՝ արդեն իր պայմաններով», ինչն էլ «հղի է շատ ավելի վտանգավոր դրսեւորումներով, քան ականատես եղանք մարտի սկզբին»: Իսկ մարտի 1-ի իրադարձությունների մասին Ս. Շահինյանն ասում է. «Այդ օրերը ցույց տվեցին, որ մեր ժողովուրդը ներքին կրակ, համոզմունք ունի, ինչի համար նույնիսկ զենքի դեմ կգնա: Այդ օրերը ցույց տվեցին, որ մենք ունենք հրաշալի ոստիկանություն, որն իր ժողովրդի վրա չի կրակում, հրաշալի բանակ, որը իր ժողովրդի վրա զենք չի բարձրացնի. ես կռված մարդ եմ եւ հրաշալի գիտեմ, թե ինչ է նշանակում այդ զանգվածի վրա 50 ավտոմատավոր բաց թողնելը»: Բնականաբար, հարց է առաջանում՝ այդ դեպքում ովքե՞ր էին կրակողները: «Ես միանում եմ այն մարդկանց, ովքեր պնդում են, որ որեւէ մեկը չի խաղաղվի, քանի դեռ չեն հայտնաբերվել եւ դատապարտվել բոլոր այն մարդասպանները, որոնք, ես համոզված եմ, ոչ բանակից էին, ոչ ոստիկանությունից էին, ոչ էլ ժողովրդից էին,- կարծում է մեր զրուցակիցը:- Ունենք նկարահանած կադրերը: Թող հեքիաթներ չպատմեն՝ թե դժվար է մարդասպաններին գտնել: Մոսկվաներից իրենց փողի համար գնում, ում պետք է` գտնում են, պրոբլե՞մ է հանցագործին գտնելը: Պետք չէ մեղադրել ոչ բանակին, ոչ ոստիկանությանը, ոչ էլ հայ ժողովրդին: Սուտ է, որ ամբոխ է եղել այնտեղ: Այնտեղ իմ ժողովուրդն էր: Տանը նստած յուրաքանչյուր մարդ, նույնիսկ Սերժին ձայն տված՝ նույն սրտացավությամբ լաց է եղել ամեն կորստի համար: Պետք է ուղղակի ժողովրդին սիրել. դա հավատքի պես բան է՝ Աստծուն կամ հավատում ես, կամ չէ: Նույն ընդդիմությունից կարող է վաղն այս ազգի գլխին դափնեպսակ դնողը ծնվի, դու նրան այսօր ոչնչացնում ես. մինչեւ ե՞րբ»,- հարցնում է Ս. Շահինյանը: Հայաստանի ապագան մեր զրուցակիցը տեսնում է միայն հանդուրժողականության մեջ, որը պետք է սպասել «ֆինանսաքաղաքական այս հզոր խմբից»՝ իշխանությունից: